Սադրանքներից մինչև աղետներ. Նիկոլ Փաշինյանի դավաճանության հետահայաց տեսաժամանակագրությունը

Նիկոլ Փաշինյան

2018 թվականի բեմականացված «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության գալուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված քայլեր ձեռնարկեց Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելու համար։ Որպես հետևանք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմում պարտվելուց հետո Նիկոլ Փաշինյանը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, լեգիտիմ հիմք տվեց Իլհամ Ալիևին Արցախի վերջնական գրավման և հայ բնակչության էթնիկ զտման համար։

«Հանրային Տրիբունալի» փորձագետների կարծիքով, Հայաստանի վարչապետի գործողությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի ազգային շահերի դավաճանություն: Իր հանցագործությունները Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել և բազմիցս հրապարակայնորեն խոստովանել է դրանք:

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների հետահայաց տեսաժամանակագրությունը, որոնք վկայում են նրա նպատակաուղղված սադրիչ քաղաքականության մասին, ինչը հանգեցրեց Արցախի կորստին և հղի է Հայաստանի ու հայ ժողովրդի համար նոր աղետներով:

2018 թվականի նոյեմբերի 26

«Ես սա ասում եմ որպես պատերազմական դրության մեջ գտնվող Զինված ուժերի գերագույն հրամանատար։ Թող ոչ ոք չկասկածի մեր հրամանատարական որակների վրա, ոչ ոք»:

2019 թվականի ապրիլի 7

Երկրապահ կամավորականների միության համագումարում Փաշինյանը սպառնաց Ադրբեջանին խաղաղության պարտադրմամբ:

«Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով, այլապես՝ մենք կպարտադրենք խաղաղություն»:

2019 թվականի ապրիլի 8

Լրագրողի այն դիտարկմանը, որ պաշտպանության նախարարի (խմբ.՝ Դավիթ Տոնոյան) «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը հայտարարել է, թե Հայաստանը պատերազմ է ուզում, ՀՀ վարչապետը պատասխանեց հետևյալ կերպ.

«Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական, առավել ևս՝ ապակառուցողական բան չկա»:

2019 թվականի ապրիլի 8

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ի չիք է դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի բոլոր արդյունքները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի նախորդ ղեկավարների կողմից, և գործընթացը սկսել է «զրոյից»։

«Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ՝ իմ սեփական կետից»:

2019 թվականի օգոստոսի 5

Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արտաբերեց «casus belli» հանդիսացող իր խոսքեր.

«Արցախը Հայաստան է և վերջ:»

Տասնամյակներ շարունակ հայկական կողմը բանակցային գործընթացում պայքարում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Սակայն, Փաշինյանի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փաստարկ ձեռք բերեց, որը թույլ տվեց նրան մեղադրել Հայաստանին օկուպացիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մեջ։

2020 թվականի մարտի 1

44-օրյա պատերազմից ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ․ մարտի 1-ին իր ելույթներից մեկի ժամանակ, քննադատելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարումը, տեղեկություն է հրապարակել սպառազինության վիճակի և մարտական կիրառման հնարավորությունների մասին․

«Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է զենք է առել, ու այդ զենքը չի աշխատում, ոչ մի բանի պիտանի չէ, պարզապես մետաղի ջարդոն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության, Փաշինյանն Ալիևին հրավիրեց պատերազմ սկսել՝ հայտարարելով, որ հայկական բանակի զենքերը մեծամասամբ պիտանի չեն օգտագործման համար։

2020 թվականի սեպտեմբերի 27

44-օրյա պատերազմի սկսվելու օրը Հայաստանի վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց.

«Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի: Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել…եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչի»:

2020 թվականի հոկտեմբերի 5

44-օրյա պատերազմի թեժ պահին, զորահավաքի կասեցման պայմաններում, Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում կոչ արեց վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածներին ներկայանալ հավաքակայաններ և գնալ պատերազմ.

«Ես ուզում եմ այս ուղերձով դիմել մեր զինվորներին, ովքեր ավարտել են իրենց զինվորական ծառայությունը, զորացրվել են, թող ներկայանան կենտրոնական հավաքակայան, զինվորագրվեն որպես կամավորներ՝ հայրենիքը պաշտպանելու համար»։

Ըստ որում՝ Փաշինյանը խոստովանեց, որ մեր օրենսդրությամբ քաղաքացիների այս կատեգորիան ենթակա չէ զորահավաքի․

"Մեր օրենսդրության համաձայն ՝ նրանք, ովքեր ավարտել են ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում, իրենք ենթակա չեն զորակոչի ։ Ես չգիտեմ, թե ինչու է օրենքն այդպես գրվել։ Խնդիրն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված մեր տղաները մեր ամենամարտունակ զորահավաքային ռեսուրսն են"

Դիմելով վերջին մեկ տարում զորացրվածներին՝ Փաշինյանն ասել էր.

«Տղերք, հայրենիքն ունի ձեր կարիքը, ես արդեն ասել եմ, որ սա մի նոր Սարդարապատ է։ Սա ոչ թե ուղղակի Արցախի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու հարց է։ Մենք մեր ժողովրդին պետք է պաշտպանենք ցեղասպանությունից։ Եթե ոտքի չկանգնենք, ենթարկվելու ենք ցեղասպանության։ ՀՀ քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ և պետք է կարողանա պաշտպանել իրեն»:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե նրանք պահպանել են իրենց զինվորական հագուստը, թող միանգամից մոտենան այդ հագուստով, և կոչ է արել նաև բոլոր նրանց, ովքեր ունեն զինվորական տաք հագուստ, զրահաբաճկոն կամ սաղավարտ, դրանք փոխանցեն կենտրոնական զինվորական հավաքակայանին։

2020 թվականի հոկտեմբերի 8

Նիկոլ Փաշինյանը զանգահարում է առաջնագծի տարբեր զորամասեր և տալիս հարցեր, որոնց պատասխանները կարող են ռազմական գաղտնիք պարունակել։

2020 թվականի հոկտեմբերի 21

44-օրյա պատերազմի թեժ պահին, զորահավաքի կասեցման պայմաններում, Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում կոչ է անում ձևավորել կամավորական ջոկատներ.

«Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը, իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»,- ասել է Փաշինյանը:

2020 թվականի նոյեմբերի 16

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, փորձելով արդարացնել Շուշիի հանձնումը, ասաց.

«Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին:»

2020 թվականի դեկտեմբերի 16

Փորձելով արդարացնել իրեն և 44-օրյա պատերազմում կրած պարտության պատասխանատվությունը բարդել Հայաստանի նախկին ղեկավարների վրա՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»:

2021 թվականի մայիսի 28

44-օրյա պատերազմի պարտությունից հետո ադրբեջանական զորքերը սկսեցին իշխող բարձունքներ զբաղեցնել հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ ներխուժելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Որպես ՀՀ զինված ուժերի կողմից այդ բարձունքները զբաղեցնելու և պաշտպանական կառույցներ կառուցելու հարցում ՀՀ իշխանությունների անգործության արդարացում՝ Նիկոլ Փաշինյանը Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասեց հետևյալը.

«Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչներիս ա պետք զինվո՞ր»

2021 թվականի մայիսի 28

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սյունիքի մարզում ադրբեջանական զորքերի կողմից գրավված Սև լճի մի մասը հայկական վերահսկողությանը վերադարձնելու հարցին, Փաշինյանը հայտարարեց.

«Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու»։

2021 թվականի հունիսի 7

2021 թվականին նախընտրական հանրահավաքի ժամանակ Փաշինյանը, արդարացնելով Բաքվի բանտերից ռազմագերիներին ազատ արձակելու հարցում Հայաստանի իշխանությունների անգործությունը, ինչպես նաև անամոթաբար շահարկելով այս թեման ընտրողների համակրանքը շահելու համար, ասաց.

«Տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»:

2021 թվականի օգոստոսի 27

Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման շուրջ ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհին գտնվող Կարմրաքար և Շուռնուխ հայկական գյուղերն անվանեց ադրբեջանական անվանումներով։

«Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»:

Ճանապարհն ապաշրջափակելու հարցում անգործությունը արդարացնելու համար Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի տրվի սադրանքներին և հավատարիմ կմնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու օրակարգին.

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն եւ ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, եւ մենք մեր ռազմավարական գիծը, խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք»,- ասել էր Փաշինյանը:

Միևնույն ժամանակ նա խոստովանեց, որ ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր, ինչը նշանակում է ՀՀ իշխանությունների հանցավոր անգործություն երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող՝ Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհի արգելափակումը թույլ չտալու հարցում։

2021 թվականի սեպտեմբերի 15

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթում պարզաբանեց, թե ինչու 2021 թվականի օգոստոսի 27-ին հայկական Կարմրաքար և Շուռնուխ գյուղերը կոչեց ադրբեջանական տեղանուններով․

«Դա արվել է մի պարզ պատճառով` որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածում, այլ՝ այդ տարածքից դուրս»։

Փաստորեն, առանց սահմանազատման և սահմանագծման գործընթացի անցկացման Հայաստանի ղեկավարը Շուռնուխ գյուղի մի մասը և Կարմրաքար գյուղը ճանաչեց ադրբեջանական։

2022 թվականի ապրիլի 13

Ելույթ ունենալով Ազգային ժողովում ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլեւ Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ»:

Տվյալ հայտարարության նպատակն էր պատրաստել Հայաստանի բնակչությանն Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչմանը և դրան հաջորդող աղետին՝ Արցախի վերջնական կորստին:

2022 թ․ հոկտեմբերի 6

Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չստորագրելու իր հրապարակային խոստմանը, որը տրվել էր 2018 թվականի օգոստոսի 17-ին հանրահավաքի ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս: Այս մասին նա խոստովանեց է 2023 թվականի մայիսի 22-ին և 2025 թվականի հուլիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսների ժամանակ։

2023 թվականի սեպտեմբերի 19

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրաժարվեց Արցախի պաշտպանությունից՝ այդ պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վրա։ ՀՀ իշխանությունների անգործությունը Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում փորձեց բացատրել Ադրբեջանի և որոշ ուժերի կողմից Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերին դիմադրությամբ: Այս առնչությամբ Փաշինյանը հայտարարեց.

«Մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։ Հայաստանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են։ Ինչպես և սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր: Հայաստանի պետականությունը և պետությունն այս պայմաններում պետք է արձագանքի օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց, իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից։ Մենք այս պահին որևէ չհաշվարկված, որևէ կտրուկ գործողություն, որևէ արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք»:

2024 թվականի օգոստոսի 31

2024 թ․ օգոստոսին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը վերահաստատեց, որ Հայաստանն ամբողջությամբ հրաժարվում է Արցախյան հարցի լուծումից և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներից՝ հայտարարելով, որ Արցախ վերադարձը հակասում է Հայաստանի շահերին։

2025 թ․ հունիսի 19

Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե Արցախը թոկ էր Հայաստանի վզին։ Այս մասին նա հայտարարել է ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ:

«Շատ են խոսում այն մասին, թե մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը: Այս հարցի մասին շատ եմ մտածել, և այստեղ իմ եզրակացությունը հետևյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը: Սա է ճշմարտությունը: Քանի որ, ինչպես ավելի վաղ ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես թոկ է օգտագործվել, որ ՀՀ-ն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, չկայանա»։

Իր հայտարարությամբ Փաշինյանը փաստորեն ընդունեց, որ միշտ էլ Արցախի հանձման կողմնակից է եղել։ Նրա այդ խոստովանությունը վկայում է, որ 2019թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ նա դիտավորյալ կրակեց իրեն ատելի Արցախի սրտին։