Նիկոլ Փաշինյանի մեղքի ապացույցները պետական դավաճանության և սահմանադրական կարգը տապալելու մեջ

Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ վարչապետին ուղղված հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ըստ որի՝ «նա փաստեր ունի, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է», Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Դա պետք է հանրությանը ներկայացնել։ Բա, նման փաստ ունենա քաղաքական ուժը ու գա, խորհրդարանում երկու սուտի հարց տա, հետո թողնի կեսից փախչի՞։ ՔՕ-ում սուտ մատնության մասին հոդված կա…ես էլ կդիմեմ Դատախազություն…Եթե փաստերը չհիմնավորվեն, Արծվիկ Մինասյանը, ինչո՞ւ չէ, պետք է դատվի սուտ մատնության համար»,- ընդգծել է Փաշինյանը:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը հիանալի հնարավորություն է տվել քրեական վարույթ նախաձեռնելու Հայաստանի ներկայիս ղեկավարության դեմ՝ դավաճանության, սահմանադրական կարգի տապալման, իշխանության բռնազավթման, տարածքային ամբողջականության խախտման կամ ինքնիշխանությունից հրաժարման բոլոր հատկանիշերն ունեցող արարքների համար։
Օգտվելով առիթից՝ Հայաստանի Հանրային տրիբունալն իր ընթերցողներին է ներկայացնում ՀՀ Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց համաձայն՝ կարող է մեղադրանք առաջադրվել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դեմ։
Պետական դավաճանություն
ՀՀ ՔՕ 418-րդ հոդված.
«Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:»
Հայաստանի Հանրային տրիբունալը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ՝ հետևյալ հիմքերով.
Արտաքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի միտումնավոր գործողությունները հանգեցրին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի: 2018 թվականին բեմականացված «թավշյա հեղափոխության» հետևանքով իշխանության գալուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված քայլեր ձեռնարկեց Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելու համար: ՀՀ վարչապետի անկեղծ խոստովանությունները մանրամասն ներկայացված է «Սադրանքներից մինչև աղետներ. Նիկոլ Փաշինյանի դավաճանության հետահայաց տեսաժամանակագրությունը» մեր հոդվածում։
Նիկոլ Փաշինյանն անտեսեց ՀԱՊԿ-ի նախազգուշացումը մոտալուտ պատերազմի և դրա բնույթի մասին, ինչպես նաև դաշնակիցներից կանխարգելիչ օգնություն խնդրելու առաջարկը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ձերբակալելով՝ Նիկոլ Փաշինյանը խաթարեց Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավորությունները։
Որպես հետևանք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։
2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հրապարակային ելույթները, հարցազրույցները և սոցիալական ցանցերում գրառումները պարունակում էին ռազմական կամ պետական գաղտնիքներ, որոնց բացահայտումը ՀՀ Քրեական օրենսգրքով որակվում է՝ որպես դավաճանություն։
2025 թ.-ի օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ կարող էր ընդհանրապես խուսափել պատերազմից՝ ընդունելով միջնորդների առաջարկները։ Սակայն, պատերազմից առաջ Փաշինյանը ստում էր՝ 2020 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելով, որ բանակցությունների սեղանին փոխզիջումների վերաբերյալ առաջարկներ չկան։
2022 թ. հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի վերջնական բռնակցման և հայ բնակչության էթնիկ զտման լեգիտիմ հիմք տվեց Իլհամ Ալիևին։
Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք հանգեցրին 44-օրյա պատերազմում պարտության, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին միակողմանի զիջումները, այդ թվում՝ Արցախի վերջնական հանձնումն Ադրբեջանին, լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքներն են.
- պարտություն պատերազմում, որի հետևանքով ստորագրվեց կապիտուլյացիայի ակտը,
- Արցախի հայերին պաշտպանելուց հրաժարում և այն որպես Ադրբեջանի մաս ճանաչում, ինչը հակասում էր Հայաստանի պետականաստեղծ փաստաթղթերին,
- պատերազմի հետևանքով ավելի քան 5 հազար զոհված հայ զինծառայող և ավելի քան 10 հազար հաշմանդամ,
- Արցախի կորուստ և հայ բնակչության տեղահանություն,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմավարական բարձունքների և ճանապարհների զիջում Ադրբեջանին։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի հիշյալ բոլոր արարքներն ունեն ՀՀ ՔՕ 418-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկության հրապարակում, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնության ցուցաբերում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:
Սահմանադրական կարգի տապալում
420-րդ հոդված.
«Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հրապարակային հարձակումները, վերահսկվող լրատվամիջոցներում պլանավորված հեղաշրջման մասին նյութերի հրապարակումը, ականավոր հոգևորականների և ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործերի հարուցումը, որպես խափանման միջոց կալանքի կիրառումը՝ իրադարձությունների այս ամբողջ շղթան ապացույց են այն բանի, որ իրավապահ մարմինները, Գլխավոր դատախազությունը, քննչական մարմինները և դատարանները անկախ չեն և գործում են գործադիր իշխանությունը ներկայացնող վարչապետի հրահանգով։ Իսկ դա իր հերթին ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտում է, որի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»: Հայաստանի իշխանությունների կողմից դատական իշխանության անկախության խախտմանն ուղղված գործողությունների ապացույցներից է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները: Հրապարակված ձայնագրությունները վկայում են. հատուկ ծառայությունները, քննչական մարմինները և դատարանները վերածվել են քաղաքական հակառակորդների դեմ հաշվեհարդարի գործիքի: Խաչատրյանի հետ Վանեցյանի հեռախոսազրույցում ԱԱԾ պետը պատմում է, թե ինչպես է ճնշում գործադրել դատավորի վրա ձերբակալման որոշում կայացնելու համար:
ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտումը ՀՀ Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին կետով որակվում է որպես սահմանադրական կարգի տապալում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

