Նիկոլ Փաշինյանը չկատարեց 2018-ին տված իր խոստումները և Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս

17.08.2018 Երևանում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմելով հայ ժողովրդին հայտարարեց․

"Եթե բանակցային գործընթացի արդյունքում ի հայտ գա մի տարբերակ, որին ես կհավատամ և կհամարեմ լավ տարբերակ, թող ոչ ոք չմտածի, որ ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ։ Ես ձեզ մանրամասն կպատմեմ, և դուք կորոշեք՝ անցնենք կարգավորման այդ տարբերակին, թե ոչ"։

 

2023 թվականի մայիսին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փաստացի Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս ՝ հայտարարելով, որ Ադրբեջանի 86,6 հազար քառ .կմ տարածքը ներառում է Լեռնային Ղարաբաղը։

 

 

Կարևոր է նշել, որ Փաշինյանի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցում մտքի "հասունությունը" տեղի է ունեցել Եվրոպական Միության "քավորության" ներքո։ Այդ մասին www.7or.am գրում է հետևյալը:

Երկու կողմերն էլ (Հայաստան և Ադրբեջան-խմբ.) ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ արտահայտություններով և առաջին անգամ, և, հավանաբար, շատ կարևոր է, որ Հայաստանը Ղարաբաղը ներառել է Ադրբեջանի տարածքի կազմում։ Այս մասին 2023 թվականի հունիսի 13-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

"Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի առաջնորդը, տվյալ դեպքում՝ Փաշինյանը, դա արտահայտել է նման ոչ երկիմաստ ձևով։ Դա միանգամայն աներկբա էր", - ընդգծել է Բորելը։

Այս կապակցությամբ նա հույս է հայտնել, որ Բաքուն կընդունի Հայաստանի վարչապետի ուղերձը և Լեռնային Ղարաբաղի հայերին կուղարկի "դրական նարատիվ՝ հստակ ուղերձով նրանց իրավունքների, անվտանգության վերաբերյալ, որ նրանք լիովին հարգված կլինեն":

"Սա համաձայնագրի ուղերձներից մեկն է, որը պետք է ձեռք ձեռքի տված ընթանա բանակցային գործընթացի մյուս կետերի հետ"․ նշել է Բորելը:

Հետագայում՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում (Իսպանիա) կայանալիք գագաթնաժողովում կստորագրի հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք։

"Կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին, որոնք հիմնված են Հայաստանի (29 800 քառ.կմ) եւ Ադրբեջանի (86 600 քառ. կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա", — ասված Է փաստաթղթում:

Գրանադայի գագաթնաժողովի մասին "Ռեգնում" լրատվական գործակալությունը նշում է հետևյալը․

Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գրանադա չէր ժամանել, քանի որ հանդիպմանը չէին հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Փաշինյանն արդեն Ղարաբաղը ճանաչել էր որպես Ադրբեջանի տարածք 2022 թվականի հոկտեմբերին, երբ Պրահայում Ալիևի հետ հանդիպման ժամանակ ստորագրվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որտեղ տարածաշրջանը նույնպես նշվեց որպես ադրբեջանական տարածքի մաս։ Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը սկսեց չճանաչված հանրապետությունը վերահսկողության տակ վերցնելու ռազմական գործողությունը: Հաջորդ օրը կողմերը ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվեցին Բաքվի պայմաններով հրադադարի մասին։