ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԱՍՊԵՏՆԵՐԸ»․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԵՎ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանում բրիտանական ազդեցության պատմությունը 2018 թվականի ապրիլին սկսված իրադարձություններով չի սահմանափակվում։ «Թավշյա հեղափոխությունից» դեռ շատ առաջ Հայաստանում արդեն հյուսվում էր գործարար, կրթական ու քաղաքական կապերի մի ամբողջ ցանց։ Դրա մեջ ներգրավված էին հայազգի բրիտանացի գործարարներ, Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային ֆինանսական կառույցներ և բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչներ։
Փաստաթղթերն ու հրապարակումները թույլ են տալիս ավելի քան երկու տասնամյակի կտրվածքով հետևել այդ կապերի ձևավորմանն ու ընդլայնմանը։ Տարբեր տարիների իրարից հեռու թվացող իրադարձություններում կրկին ու կրկին հանդիպում են նույն անունները՝ Վաչե Մանուկյան, Արմեն Սարգսյան, Սերժ Սարգսյան և Մհեր Գրիգորյան։
Խոսքը մի քանի գործարարի պատահական ծանոթության կամ առանձին հանդիպումների մասին չէ։ Այս կապերի շրջանակում ֆինանսավորվել են Հայաստանի ապագա ղեկավարների պատրաստման ծրագրեր, ձևավորվել են մասնակցություններ բանկային կապիտալում, հայաստանյան գործիչներ են աշխատել միջազգային կորպորացիաներում, առաջ են մղվել ներդրումային նախագծեր, իսկ բրիտանական դիվանագիտական ներկայացուցչությունները սերտորեն համագործակցել են դրանց նախաձեռնողների հետ։ Այս պատմությունն այսօր շարունակվում է TRIPP ծրագրի շուրջ, որի իրականացմանը Հայաստանի կառավարության անունից մասնակցում է Մհեր Գրիգորյանը։
ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
2002 թվականի հոկտեմբերին Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան պետական կառավարման դպրոցը հայտարարեց Manoukian Public Service Program for Armenia ծրագրի ստեղծման մասին։ Ծրագրի ֆինանսավորումն ապահովում էր Վաչե Մանուկյանի լոնդոնյան հիմնադրամը։ Հարվարդը նախաձեռնության հեղինակների թվում հիշատակում էր նաև դոկտոր Արմեն Սարգսյանին։
Նպատակը Հայաստանի համար ապագա ղեկավար կադրեր պատրաստելն էր։ Հարվարդի պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշվում էր, թե ում կրթությանն էր ուղղվելու ֆինանսավորումը՝ պետական ծառայողների, իշխանական կառույցների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների և այն մասնագետների, որոնք հետագայում պետք է ներգրավվեին Հայաստանի կառավարման գործում։ Ծրագիրը նախատեսում էր կրթաթոշակներ՝ մագիստրոսական կրթություն ստանալու համար, ինչպես նաև գործող պաշտոնյաների վերապատրաստում։ Ուսուցման ուղղություններն ընդգրկում էին քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, միջազգային առևտուրը, բանակցությունները, ֆինանսական համակարգերի և ենթակառուցվածքների կառավարումը։
Ծրագրի մեկ այլ ուղղությամբ նախատեսվում էր ղեկավար կադրեր պատրաստել նաև Քեմբրիջում՝ համալսարանի Eurasia Centre-ի հետ համագործակցությամբ։ Այսպիսով, ձևավորվում էր երկարաժամկետ կրթական ծրագիր, որի նպատակը Հայաստանի պետական կառավարման, քաղաքականության, տնտեսության և հասարակական կյանքի համար նոր կադրային շերտ պատրաստելն էր։
2003 թվականի մարտին AGBU-ի հրապարակած «A Partnership in Nation-Building» («Գործընկերություն՝ ազգակերտման գործում») հոդվածում Մանուկյանն ու Սարգսյանն ուղղակիորեն ներկայացվում էին որպես այդ նախաձեռնության գործընկերներ։ Այդ ժամանակ Արմեն Սարգսյանն արդեն Քեմբրիջի համալսարանի Judge Institute-ում հիմնել էր Eurasia Research Programme-ը և սկսել Armenia Research and Leadership Project-ը։ Ծրագրի շրջանակում հայ երիտասարդ մասնագետներն ուսումնասիրում էին Կովկասը և հնարավորություն ստանում շփվելու Քեմբրիջի ակադեմիական ու գործարար շրջանակների հետ։

Սա սովորական բարեգործական նախաձեռնություն չէր։ Ֆինանսավորվում էր այն մարդկանց կրթությունն ու մասնագիտական պատրաստությունը, որոնցից հետագայում շատերը կարող էին զբաղեցնել պետական բարձր պաշտոններ և մասնակցել երկրի կառավարմանը։ Մանուկյանն ապահովում էր ֆինանսական միջոցները, Սարգսյանը կազմակերպում ու ուղղորդում էր ծրագիրը, իսկ Հարվարդն ու Քեմբրիջը դառնում էին ապագա կադրերի պատրաստման կրթական կենտրոնները։ Այդպես Հայաստանում ձևավորվում էր մի շրջանակ, որը հետագայում կարող էր ծառայել բրիտանական քաղաքական շահերի առաջմղմանը։
ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, HSBC-Ն ԵՎ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Վաչե Մանուկյանը հայազգի բրիտանացի գործարար է, որի անունը Հայաստանի բանկային համակարգի ձևավորման պատմության մեջ հայտնվում է դեռ անկախության առաջին տարիներին։ 1996 թվականին Հայաստանում հիմնադրվեց Midland Armenia Bank-ը, որը հետագայում վերանվանվեց HSBC Bank Armenia։ Մանուկյանը բանկի հիմնադիրներից էր և ղեկավարում էր դրա տնօրենների խորհուրդը։
Hetq-ի հետաքննական հրապարակման համաձայն՝ HSBC Bank Armenia-ի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում էր HSBC միջազգային խմբին, իսկ մնացած 30 տոկոսը՝ արտասահմանում գործունեություն ծավալող հայ գործարարներին։ Հրապարակումը խոշոր բաժնետերերի թվում առանձնացնում էր Վաչե Մանուկյանին։ Բաժնետոմսերի նույն բաշխումն արձանագրված է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ IFC-ի 2012 թվականի փաստաթղթերում․ 70 տոկոսը HSBC խմբինն էր, իսկ 30 տոկոսը՝ բրիտանահայ գործարարների վերահսկողության տակ գտնվող Wings Establishment ընկերությանը։
Finport-ի տեղեկություններով՝ Wings Establishment-ի բաժնեմասը պատկանում էր Մանուկյանին, որը 2022 թվականի առաջին եռամսյակում վաճառել է այն։ Այսպիսով, երկար տարիներ Վաչե Մանուկյանը բաժնեմաս ուներ Հայաստանում գործող միջազգային խոշոր բանկերից մեկում։
Բանկային այս պատմության մեջ իր հետքն ունի նաև Մհեր Գրիգորյանը։ Նրա պաշտոնական կենսագրության համաձայն՝ 2004–2005 թվականներին Գրիգորյանն աշխատել է HSBC Bank Armenia-ում՝ որպես իրավաբան։ Հետագայում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել մի շարք բանկերում, իսկ 2011 թվականին գլխավորել է Արդշինբանկը։ Այդ պաշտոնում մնացել է մինչև 2018 թվականը։ Նույն թվականի մայիսի 12-ին՝ իշխանափոխությունից ընդամենը մի քանի շաբաթ անց, Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի փոխվարչապետ։

Այսպիսով, նրա մասնագիտական ուղին անցել է HSBC-ից դեպի Արդշինբանկ, ապա՝ կառավարություն։ Պատմության մեջ կա ևս մի ուշագրավ հանգամանք․ 2024 թվականին HSBC-ի հայաստանյան բանկը գնեց հենց Արդշինբանկը։
2024 թվականի փետրվարի 6-ին Արդշինբանկը հայտարարեց , որ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում վերջինիս դուստր բանկը գնելու շուրջ։ Գործարքն ավարտվեց նույն տարվա նոյեմբերի 29-ին․ Արդշինբանկը ձեռք բերեց HSBC Bank Armenia-ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը՝ 100 տոկոսը։ Այնուհետև բանկը վերանվանվեց Ardshininvestbank։ 2025 թվականի ապրիլին այն միավորվեց Արդշինբանկին, որին անցան նախկին բանկի բոլոր ակտիվները, իրավունքներն ու պարտավորությունները։
Գործարքը ստացել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հավանությունը։ Հանձնաժողովն իր 2024 թվականի տարեկան հաշվետվության մեջ այն բնութագրել է որպես հորիզոնական համակենտրոնացում, որի արդյունքում միավորվել են նույնատիպ ֆինանսական ծառայություններ մատուցող երկու բանկեր։
Առանձին կենսագրությունների այս դրվագները միասին դիտարկելիս արդեն տեսանելի է դառնում բանկային համակարգի և պետական կառավարման միջև ձգվող կապերի շղթան։ HSBC-ում աշխատած, այնուհետև Արդշինբանկը ղեկավարած Մհեր Գրիգորյանը իշխանափոխությունից հետո հայտնվեց կառավարությունում։ Այսօր նա Հայաստանի անունից մասնակցում է երկրի նոր միջազգային ծրագրերի իրականացմանը։
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, BP-Ն ԵՎ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մյուս ուղղությունը տանում է դեպի Արմեն Սարգսյան։ Միջազգային գործարար շրջանակների հետ նրա կապերը հատկապես տեսանելի դարձան Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի պատմության ընթացքում։
2013 թվականի մարտի 25-ին Lydian International ընկերությունը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանն ընդգրկվել է ընկերության տնօրենների խորհրդում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում էր նրա՝ միջազգային խոշոր կորպորացիաների բարձրագույն ղեկավարության հետ աշխատանքի փորձը։ Սարգսյանը, մասնավորապես, եղել էր BP-ի, Alcatel-ի, Telefónica-ի, Finmeccanica-ի և Bank of America Merrill Lynch-ի ղեկավարների ավագ խորհրդականը։
Այսպիսով, Արմեն Սարգսյանը տեղ էր զբաղեցրել Հայաստանում ոսկու խոշորագույն հանքավայրերից մեկի շահագործման ծրագիրն իրականացնող ընկերության տնօրենների խորհրդում՝ միաժամանակ պահպանելով կապերը միջազգային խոշոր կորպորացիաների ղեկավար շրջանակների հետ։
Ամուլսարի ծրագրին բրիտանական իշխանությունների աջակցությունը նույնպես բացահայտ էր։ 2013 թվականի մարտի 11-ին Երևան ժամանեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերը։ Նա ողջունեց Lydian International-ի՝ հանքավայրի շահագործման համար շուրջ 400 միլիոն դոլար ներդնելու մտադրությունը և հայտարարեց, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանում գործունեություն ծավալող բրիտանական ընկերություններին։


2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը Lydian International-ը հիշատակեց այն ընկերությունների շարքում, որոնց Լոնդոնը հետևողականորեն աջակցում է։ Նա հայտարարեց նաև, որ Ամուլսարը բրիտանական ներդրումային առաջնահերթությունների ցանկի «ամենավերին հորիզոնականներում» է։ Նույն ասուլիսում բրիտանացի խոշոր ներդրողների թվում նա հիշատակեց նաև HSBC-ին։
Այս հայտարարություններից պարզ է դառնում, որ Ամուլսարի ծրագրին բրիտանական աջակցությունը չէր սահմանափակվում դիվանագիտական քաղաքավարության շրջանակով։ Լոնդոնը բացահայտորեն հովանավորում էր այդ ներդրումային ծրագիրը՝ պատրաստակամություն հայտնելով ներգրավել կապիտալ և նպաստավոր պայմաններ ստեղծել դրա իրականացման համար։
Հատկապես ուշագրավ է 2018 թվականը։ Հայաստանում զանգվածային բողոքի ցույցերի և իշխանափոխության մեկնարկից հետո Ամուլսարի շուրջ սուր հակամարտություն ծավալվեց։ Տեղի բնակիչներն ու բնապահպան ակտիվիստները փակեցին դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել շահագործման աշխատանքները։ Lydian-ը պնդում էր, որ ծրագիրը պետք է շարունակվի, իսկ բրիտանական դիվանագիտական ներկայացուցչությունը շարունակում էր սերտորեն համագործակցել ընկերության հետ։
2019 թվականի սեպտեմբերին openDemocracy-ի հետաքննությունը, որը հիմնված էր տեղեկատվության ազատության մասին բրիտանական օրենքով ձեռք բերված փաստաթղթերի վրա, բացահայտեց այդ համագործակցության ծավալը։ 2013–2018 թվականներին Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները, այդ թվում՝ դեսպանները, պարբերաբար հանդիպել են Lydian International-ի ներկայացուցիչներին և աշխատանքային կապ պահպանել ընկերության հետ։ Կազմակերպվել են շնորհանդեսներ, սեմինարներ, խորհրդակցություններ, աշխատանքային խմբերի հանդիպումներ ու ծրագրի ընթացքին վերաբերող քննարկումներ։ Միայն 2018 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում փաստաթղթերում արձանագրվել է ընկերության և բրիտանական դեսպանատան միջև 55 շփում։
Յոթ ամսում՝ 55 շփում։ Սա արդեն առանձին ընկերության շահերի առաջմղման ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչության հետևողական աշխատանք է։ Եվ այդ ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանություն էր փոխվում, իսկ Ամուլսարի հանքի շահագործման հարցը դարձել էր հասարակական ու քաղաքական սուր հակամարտության առարկա։
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ․ ՆԱԽԱԳԱՀ, ՈՐՆ ՈՂՋՈՒՆԵՑ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՆՇԱՆԱԿԵՑ ՎԱՐՉԱՊԵՏ
2018 թվականի մարտի 2-ին Արմեն Սարգսյանը ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը։ Դրանից ընդամենը մի քանի շաբաթ անց երկիրը հայտնվեց զանգվածային բողոքի ցույցերի հորձանուտում, որոնք հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։ Նորընտիր նախագահը չէր թաքցնում իր վերաբերմունքը կատարվող իրադարձություններին․ նա հրապարակավ ողջունում էր «հեղափոխությունը», գովաբանում դրա խաղաղ ընթացքն ու հիացմունքով խոսում այն դրական լիցքի մասին, որը, իր խոսքով, շարժումը հաղորդել էր հասարակությանը։
2018 թվականի մայիսի 9-ին՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, Երևանի Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում Սարգսյանը հայտարարեց, թե «հեղափոխությունից» հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը տասնապատկվել է։ Նա կոչ արեց հպարտանալ, որ երկիրը կարողացել է փոփոխությունների հասնել առանց բախումների՝ «ծաղիկներով, ժպիտներով, ուրախությամբ և փուչիկներով»։ Նախագահը կարծես ինքն էլ տարվել էր համընդհանուր ցնծությամբ՝ խոսելով այնպես, ասես Հայաստանի պատմության մեջ իսկապես նոր էջ էր բացվել։ Նա հույս էր հայտնում, որ այդ ոգևորությունը կհանգեցնի տնտեսական վերափոխումների և նույնիսկ Սփյուռքից հայրենակիցների վերադարձին։
Արդեն մայիսի 8-ին Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։ Ազգային ժողովը բողոքի շարժման առաջնորդին ընտրել էր 59 կողմ և 42 դեմ ձայներով։ Դրանից հետո նախագահը ստորագրությամբ վավերացրեց խորհրդարանի որոշումն ու շնորհավորեց նորանշանակ վարչապետին։ Հանդիպման ժամանակ նա Փաշինյանին հաջողություն մաղթեց և հույս հայտնեց, որ կառավարությունը հնարավորինս արագ կձևավորվի։ Հետագա տարիներին Սարգսյանը ևս մեկ անգամ չէ, որ հրապարակավ պաշտպանեց «հեղափոխությունից» հետո հռչակված քաղաքական ուղեգիծը՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես հայ ժողովրդի մեծ նվաճում։
Այսպիսով, Արմեն Սարգսյանը այն պաշտոնյաներից էր, որոնց մասնակցությամբ իշխանափոխությունը ստացավ իր սահմանադրական ու պետական ձևակերպումը։ Նա ողջունեց «հեղափոխությունը», հավանություն տվեց դրա արդյունքներին և ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Հետագա իրադարձությունները հայտնի են․ հենց այդ կառավարության օրոք Հայաստանը ներքաշվեց 44-օրյա պատերազմի մեջ, կորցրեց Արցախի տարածքների զգալի մասի նկատմամբ վերահսկողությունը, իսկ ավելի ուշ ավելի քան 120 հազար արցախահայեր բռնի տեղահանվեցին։ Դրանից հետո սկսվեց բանակցային մի գործընթաց, որի օրակարգում այսօր TRIPP ծրագիրն է։
Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքներն առավել ցայտուն դրսևորվեցին 2020 թվականի նոյեմբերին։ Նոյեմբերի 9-ին Փաշինյանի, Ալիևի և Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությամբ նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, դուրս բերել հայկական ուժերը և ռուս խաղաղապահներ տեղակայել շփման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով։ Փաստաթուղթը ներկայացվեց որպես ռազմական գործողությունների դադարեցման միջոց, սակայն Հայաստանի և Արցախի հայության համար այն ծանր պարտություն էր՝ իր հետ բերելով ռազմաքաղաքական իրադրության կտրուկ փոփոխություն։
Դրան հաջորդեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի հայտարարած դիրքորոշումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններով ճանաչելու վերաբերյալ։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Արցախի Հանրապետությունը փաստացի դադարեց գոյություն ունենալուց, իսկ հայ բնակչությունը զանգվածաբար բռնեց գաղթի ճանապարհը։ 2025–2026 թվականներին բանակցությունների առանցքում արդեն նոր տրանսպորտային ու ենթակառուցվածքային պայմանավորվածություններն էին։ 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակեցին TRIPP ծրագրի իրականացման շրջանակային փաստաթուղթը։
Այս իրադարձությունները մեկ շղթայի օղակներ են՝ «հեղափոխությունից» հետո ընդունված որոշումներից մինչև պատերազմում կրած պարտությունը, տարածքային ու քաղաքական զիջումները և Հայաստանի տարածքի օգտագործման ու տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նոր պայմանները։ TRIPP-ը հանկարծակի չի հայտնվել բանակցային օրակարգում։ Դրան ճանապարհ են հարթել տարիների ընթացքում ընդունված որոշումները, որոնք արմատապես փոխել են Հայաստանի դիրքն ու բանակցային հնարավորությունները։
Այս ամենի ֆոնին Արմեն Սարգսյանի դերը առանձնակի ուշադրության է արժանի։ 2018 թվականին նա ոգևորությամբ էր խոսում «հեղափոխության», ժպիտների և Հայաստանի միջազգային հեղինակության աճի մասին։ Բայց իշխանափոխության ժամանակ նա կողմնակի դիտորդ չէր․ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, անմիջականորեն մասնակցում իշխանության փոխանցման գործընթացին և իր ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանին նշանակում վարչապետ։ Հետևաբար, 2018 թվականի իրադարձություններում նրա մասնակցությունը պետք է դիտարկել այն ամենի հետ միասին, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ հետագա տարիներին։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ․ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳՈՒՀԻՆ, ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄԸ

Հայաստանի և բրիտանական շրջանակների կապերի պատմության մեջ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի։ Նրա նախագահության տարիներին խորացան կապերը բրիտանական գործարար ու քաղաքական շրջանակների հետ, Արմեն Սարգսյանը պատրաստվեց վերադառնալ հայաստանյան մեծ քաղաքականություն, իսկ պետական կառավարման համակարգը վերափոխվեց այնպես, որ նախագահական պաշտոնից հեռանալուց հետո Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենար պահպանելու իշխանությունը՝ արդեն վարչապետի կարգավիճակով, կամ այն փոխանցելու իր վերահսկողության տակ գտնվող անձի։ Հետագայում հենց այդ համակարգի պայմաններում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։
Սերժ Սարգսյանի և Վաչե Մանուկյանի կապերն ի հայտ եկան նրա նախագահության առաջին իսկ ամիսներին։ 2008 թվականի մայիսի 5-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, Սարգսյանն ընդունեց Մանուկյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև HSBC-ի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադը։ Քննարկման առանցքում Հայաստանի ներդրումային միջավայրն էր, Սփյուռքի հնարավորությունների օգտագործումն ու երկրում HSBC-ի գործունեության ընդլայնումը։ Նախագահական նստավայրում կայացած այս հանդիպումը սովորական արարողակարգային այց չէր․ խոսքը ներդրումների, բանկային բիզնեսի և Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին էր։

Երկու տարի անց Սերժ Սարգսյանն այցելեց Մեծ Բրիտանիա։ 2010 թվականի փետրվարին նրան ընդունեց Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ Բուքինգհեմյան պալատում։ Սարգսյանը հանդիպեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Միլիբենդի հետ, Վինձորում զրուցեց արքայազն Չարլզի հետ, ապա ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Chatham House-ում։ Քննարկումների թեմաներն էին հայ-բրիտանական հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտությունը։ Պաշտոնական Երևանը այցը ներկայացրեց որպես Լոնդոնի հետ քաղաքական երկխոսության խորացման կարևոր քայլ։
Ուշադրության է արժանի նաև այցի շրջանակում կազմակերպված միջոցառումների մասնակիցների կազմը։ Վինձորում Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Yerevan, My Love» ծրագրի բացմանը, որի նախաձեռնողներն էին արքայազն Չարլզն ու Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։ Լոնդոնում նա այցելեց Թեյթ Մոդեռն պատկերասրահում բացված Արշիլ Գորկու ցուցահանդեսը։ Դրանից հետո ընթրիք կազմակերպվեց British Petroleum-ի նախկին ղեկավար, լորդ Բրաունի մասնակցությամբ։
Պաշտոնական հաղորդագրությունները, բնականաբար, չեն բացահայտում, թե ինչ է քննարկվել փակ դռների հետևում և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Սակայն այցի մասնակիցների կազմն ու դրան հաջորդած իրադարձությունները թույլ են տալիս այն դիտարկել Հայաստանի հետագա պատմության համատեքստում։ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Մեծ Բրիտանիայի թագուհու, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների և ազդեցիկ գործարարների հետ։ Տարիներ անց Հայաստանը հայտնվեց մի իրավիճակում, երբ նրա քաղաքական որոշումները, տնտեսական ակտիվներն ու ռազմավարական հաղորդուղիները գնալով ավելի էին առնչվում արտաքին ուժերի շահերին։ Գուցե հենց այդ ժամանակ էր Հայաստանը հանվել լոնդոնյան աշխարհաքաղաքական բորսայի վաճառասեղանին։
Հատկանշական է, որ «Yerevan, My Love» ծրագրի նախաձեռնողներից մեկը՝ Արմեն Սարգսյանը, հետագայում դարձավ Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն։ Մեծ Բրիտանիայի հետ նրա կապերը վաղուց անցել էին սովորական դիվանագիտական շփումների սահմանները․ նա երկար տարիներ ապրել ու աշխատել էր Լոնդոնում, եղել էր Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը, իսկ 2002 թվականին ստացել էր նաև բրիտանական քաղաքացիություն։ 2018 թվականի հունվարին հենց Սերժ Սարգսյանն առաջարկեց նրան դառնալ իշխող կուսակցության նախագահի թեկնածուն։.
Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումն անմիջապես կասկածներ հարուցեց Սահմանադրությամբ սահմանված պահանջներին նրա համապատասխանության վերաբերյալ։ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի նախագահ կարող էր ընտրվել այն անձը, որը նախորդող վեց տարիների ընթացքում բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր եղել և մշտապես բնակվել էր երկրում։ Սարգսյանը պնդում էր, որ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին։ Սակայն Hetq-ի հետաքննությունը հրապարակեց բրիտանական ընկերությունների ռեգիստրի փաստաթղթեր, որոնցում 2014 թվականին նա նշված էր որպես Միացյալ Թագավորության քաղաքացի, որն ապրում էր այդ երկրում։
Այս հանգամանքը հարցեր էր առաջացնում ոչ միայն թեկնածուի, այլև նրան առաջադրած Սերժ Սարգսյանի հասցեին։ Հանրապետական կուսակցության ղեկավարը քաջատեղյակ էր Արմեն Սարգսյանի բրիտանական անցյալին, բայց, չնայած Սահմանադրության պահանջների հնարավոր խախտման վերաբերյալ հրապարակային առարկություններին, որոշեց առաջադրել նրա թեկնածությունը։ Հասարակական կազմակերպությունները բացահայտ խոսում էին Սահմանադրության խախտման վտանգի մասին։ Այդուհանդերձ, Հայաստանի նախագահ ընտրվեց մի մարդ, որի՝ պետության ղեկավարին ներկայացվող սահմանադրական պահանջներին համապատասխանելը շարունակում էր վիճահարույց մնալ։
Արմեն Սարգսյանի թեկնածությունն ու նախագահությունը Սերժ Սարգսյանի օրոք իրականացված քաղաքական վերադասավորումների միայն մի մասն էին։ 2015 թվականին նրա նախաձեռնությամբ անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որից հետո Հայաստանը կիսանախագահական համակարգից անցավ խորհրդարանական կառավարման։ Նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվեցին, իսկ գործադիր իշխանության կենտրոնը դարձավ վարչապետի պաշտոնը։ Սերժ Սարգսյանը հրապարակավ հերքում էր, թե սահմանադրական փոփոխություններն իրեն պետք էին նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահպանելու համար։ Բայց 2018 թվականի ապրիլին նա արեց ճիշտ այն, ինչից մինչ այդ հրաժարվում էր։ Հանրապետական կուսակցությունն առաջադրեց նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում, և ապրիլի 17-ին Ազգային ժողովը նրան ընտրեց 77 կողմ, 17 դեմ ձայներով։ Վարչապետ դառնալու նրա որոշումն էլ դարձավ «թավշյա հեղափոխության» անմիջական առիթը։
Իրադարձությունները սրընթաց զարգացան։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ցույցերը, իրավապահ մարմինների անգործության պայմաններում, վերածվեցին համաժողովրդական շարժման։ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց 2018 թվականի ապրիլի 23-ին՝ վարչապետ ընտրվելուց ընդամենը վեց օր անց։ Մայիսի 8-ին խորհրդարանն ընտրեց Փաշինյանին կառավարության ղեկավար՝ նաև Հանրապետական կուսակցության ձայների աջակցությամբ։ Արտաքուստ իշխանափոխությունը տեղի ունեցավ զանգվածային բողոքի շարժման ճնշման ներքո։ Սակայն այդ փոփոխության համար անհրաժեշտ քաղաքական պայմաններն ստեղծվել էին հենց Սերժ Սարգսյանի օրոք։
2018 թվականի գլխավոր գաղտնիքն այստեղ է․ Սերժ Սարգսյանը պարզապես փողոցի ճնշման տակ իշխանությունը չհանձնեց։ Նա ինքն էր ձևավորել այն քաղաքական համակարգը, որի պայմաններում երկրի ղեկավարության նախապես ծրագրված փոփոխությունը հնարավոր էր ներկայացնել որպես ժողովրդական հեղափոխություն։ Սարգսյանի և Փաշինյանի հրապարակային հակամարտությունը վերածվեց բեմադրության, որի հետևում մնաց տեղի ունեցածի իրական գինը։ Հայաստանը նոր իշխանություն ստացավ, բայց այդպես էլ չպարզեց՝ ով և ում շահերից ելնելով տնօրինեց իր քաղաքական ապագան։
ՀԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՊԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP
Այսօր այդ պատմությունը շարունակվում է նոր հարթության վրա։ HSBC-ի և Արդշինբանկի հետ մասնագիտական ու գործարար կապեր ունեցած Մհեր Գրիգորյանն այժմ Հայաստանի կառավարության անունից մասնակցում է TRIPP ծրագրի առաջմղմանը։ Ծրագիրը նախատեսում է Հայաստանի տարածքում տրանսպորտային և դրան առնչվող ենթակառուցվածքների ստեղծում։
2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները հրապարակեցին TRIPP ծրագրի իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Դրա համաձայն՝ նախատեսվում է ստեղծել համատեղ ընկերություն, որի բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան, իսկ 26 տոկոսը՝ հայկական կողմին։ Ծրագրի զարգացման իրավունքի տրամադրման սկզբնական ժամկետը 49 տարի է։ Փաստաթուղթը նախատեսում է նաև ժամկետը ևս 50 տարով երկարաձգելու հնարավորություն, որի դեպքում հայկական կողմի բաժնեմասը կարող է հասնել 49 տոկոսի։
Նախագիծը ներառում է երկաթուղիներ, ավտոճանապարհներ, էներգետիկ օբյեկտներ և թվային ցանցեր։ Փաստորեն, խոսքը Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական տրանսպորտային և հաղորդակցային ուղիների մասին է։
Մհեր Գրիգորյանը անմիջականորեն ներգրավված է ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքներում։ 2026 թվականի հոկտեմբերի 21-ին նա բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելեց Սյունիքի մարզ։ Այցի ընթացքում քննարկվեցին TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքները սկսելու կազմակերպչական հարցերը։ Նոյեմբերի 19-ին ամերիկյան AECOM ընկերությունը Գրիգորյանին ներկայացրեց ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական արդյունքները։ Քննարկվեցին երկաթուղիների, էներգետիկ համակարգերի, ավտոճանապարհների և թվային ցանցերի նախագծման հարցերը։

ՄԵԿ ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ՇՂԹԱՅԻ ՕՂԱԿՆԵՐ, ՈՐԸ ՓԱԹԱԹՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԶԻՆ
Այս պատմության մեջ անուններն ու իրադարձությունները պատահականորեն չեն հատվում։ Վաչե Մանուկյանը՝ բրիտանական ֆինանսական կապիտալի ներկայացուցիչը, տարիներ շարունակ ֆինանսավորել է Հայաստանի ապագա ղեկավար կադրերի պատրաստման ծրագրերը։ Սերժ Սարգսյանը՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողն ու «թավշյա հեղափոխության» բեմադրության գլխավոր մասնակիցը։ Արմեն Սարգսյանը՝ BP-ի հետ կապեր ունեցած, Lydian-ի տնօրենների խորհրդում ընդգրկված և Ամուլսարի ծրագրի բրիտանական հովանավորության շրջանակում ներգրավված գործիչը։ Նրա դերը դրանով չէր ավարտվում։ 2018 թվականին զբաղեցնելով Հայաստանի նախագահի պաշտոնը՝ նա ողջունեց «թավշյա հեղափոխությունը», հիացմունքով խոսեց դրա «ծաղիկների, ժպիտների ու փուչիկների» մասին, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի կողմից ընտրվելուց հետո ստորագրեց նրան վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Նախագահի այդ ստորագրությամբ իշխանափոխությունը ստացավ իր վերջնական պետական ձևակերպումը։ Իսկ Մհեր Գրիգորյանը HSBC-ի նախկին իրավաբանն է և Արդշինբանկի նախկին ղեկավարը։
Այսօր շահերի այդ ցանցը նոր հանգրվանի է հասել։ TRIPP-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են նաև Սյունիքով նավթագազատարներ կառուցելու հնարավորություն։ Ծրագրի առաջմղման գործում Հայաստանի կառավարության հիմնական ներկայացուցիչներից մեկը Մհեր Գրիգորյանն է։ Ադրբեջանի նավթագազային հանքավայրերում և արտահանման ենթակառուցվածքներում խոշոր բաժնեմասեր ունեցող BP-ի համար սա նոր հեռանկար է բացում՝ էներգակիրները Հայաստանի տարածքով Նախիջևան և Թուրքիա տեղափոխելու ուղղությամբ։
Այս ամենի կողքին վերջին տարիների իրադարձությունները դասավորվում են միանգամայն տագնապալի հաջորդականությամբ․ բրիտանական կապերի ընդլայնում և հայաստանյան կադրերի պատրաստում, 2018 թվականի «հեղափոխություն», նախագահի աջակցությունը Փաշինյանի կառավարության լեգիտիմացմանը, 44-օրյա պատերազմ, Արցախի կորուստ, հայ բնակչության բռնի տեղահանում և այժմ՝ TRIPP ծրագիր։ Յուրաքանչյուր հաջորդ փուլ Հայաստանին ավելի էր մոտեցնում անդունդին՝ միաժամանակ առաջ տանելով բրիտանական շահերի իրականացման հնարավորությունը։
«Հեղափոխությունը», պատերազմը, Արցախի հանձնումն ու TRIPP-ը Հայաստանի վզին փաթաթված նույն չարագուշակ շղթայի օղակներն են։ Եթե այս ընթացքը չկասեցվի, այդ շղթան վերջիվերջո կխեղդի Հայաստանը։
Այս պատմության ամենադառն այն է, որ բրիտանական թագի շահերն առաջ են մղվել հենց հայերի ձեռքով։ Ազգային կարգախոսների հետևում թաքնվելով՝ նրանք դավաճանել են սեփական երկրին, զրկել նրան ապագայից և մղել դեպի կործանում։

