Ինչպես սկսվեց Հայաստանի աղետը. անկախության ռոմանտիկայից մինչև համակարգային խոցելիություն․ Մաս 1

Աղետները հանկարծակի չեն առաջանում․ դրանք հասունանում են տարիներ շարունակ, երբեմն՝ տասնամյակներ՝ կուտակվելով սկզբում աննկատ որոշումների, փոխզիջումների ու սխալների մեջ, որոնք հետո դառնում են ճակատագրական։ Այսօր, երբ Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադրամատիկ շրջանը, մենք վերադառնում ենք սկզբնակետին՝ հասկանալու, թե որտեղ ենք հատել անդառնալիության կետը։ Ազդարարված նախագծի շրջանակներում մենք սկսում ենք նյութերի համակարգված հրապարակումը, որոնցում քայլ առ քայլ վերականգնում ենք իրադարձությունների քաղաքական, աշխարհաքաղաքական և մարդկային տրամաբանությունը՝ 1980-ական թթ․ վերջի առաջին հանրահավաքներից մինչև այն որոշումները, որոնք երկիրը բերեցին ներկա վիճակին։
ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՝ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
«Դավաճանությունը սկսվում է այնտեղ, որտեղ անձնական շահը դառնում է ժողովրդի ճակատագրից բարձր»
Գիշերը Երևանում լուռ էր ու թափանցիկ, կարծես մայրաքաղաքն ինքը՝ փոփոխությունների հորձանուտից ուժասպառ, պահել էր շունչը՝ վախենալով խախտել անցյալի ու ապագայի միջև փխրուն սահմանը։ Մութ փողոցները, մշուշով պարուրված, լուռ նայում էին կառավարության շենքի վերին հարկում միայնակ վառվող փոքրիկ լույսին, որտեղ ժամանակը, կարծես, կանգ էր առել։
Հսկայական, հայելու նման փայլեցված սեղանի հետևում նստած էր մի մարդ, որի որոշումները տարիներ շարունակ որոշել են միլիոնավոր մարդկանց ճակատագրեր։ Սենյակում՝ ոչ մի ձայն, միայն շրջվող էջերի համաչափ շրշյունը և փակ պատուհաններից ներս սողոսկող գիշերային քաղաքի խուլ աղմուկը։ Նա Լեւոն Տեր-Պետրոսյանն էր՝ անկախ Հայաստանի առաջին նախագահը։
Սեղանի լամպի աղոտ լույսի ներքո նրա ուրվապատկերը միաժամանակ վիթխարի ու անհասանելի էր թվում։ Նա դասավորում էր փաստաթղթերը, բայց թղթերը պարզապես պատրվակ էին. իրականում նա ապագայի էջերն էր թերթում։ Նրա աչքերում հոգնածություն չէր երևում, այլ՝ մարդու խորը, գրեթե ցավոտ կենտրոնացում, ով սովոր է կշռադատել յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր որոշում, ինչպես հավասարում՝ բազմաթիվ անհայտներով։
Դիտորդ՝ սառը, հազիվ նշմարվող ժպիտով։ Փիլիսոփա, որի մտքերը հոսում էին ինչպես անթերի կառուցված տրամաբանական շղթաներ։ Միտքը՝ մաթեմատիկորեն ճշգրիտ, զուրկ ավելորդ հուզականությունից, միտք, որ չափազանց հավատում էր տրամաբանությանը և չափազանց քիչ՝ ազգի պատմական բնազդին։

Շարժումները զուսպ էին, հայացքը՝ անհաղորդ, լռության մեջ՝ մի ամբողջ դարաշրջան։ Նա գիտեր. այստեղ, այս սենյակում ընդունված յուրաքանչյուր որոշում իր արձագանքը կգտնի առաջիկա տասնամյակներում։ Եվ այդ պատճառով յուրաքանչյուր րոպե անսահման երկար էր թվում, իսկ լռությունը՝ գրեթե շոշափելի:
Հենց այդ աշխատասենյակում, թղթերի լուռ շրշյունի ներքո, կայացվում էին որոշումներ, որոնցից կախված էին հետագա իրադարձությունները՝ ներքին պառակտումից մինչև փետրվարյան հրաժարական, որը վերջնականապես փոխեց Հայաստանի քաղաքական ճարտարապետությունը։
Բեկումների դարաշրջան․ ազատագրման և կործանման եզրագծում
«Ժողովուրդը, որ չի գիտակցում իր ուժը, դատապարտված է դառնալու ուրիշների խաղալիք»
1990‑ականների սկիզբը Հայաստանում պարադոքսային, իրարամերժ ժամանակներ էին։ Դա ազատագրման և միաժամանակ ավերումների ժամանակաշրջան էր: Երկիրը ձգտում էր դուրս գալ թուլացած ԽՍՀՄ-ի կազմից, և այն ուժը, որն ազատություն էր տենչում, դառնում էր նույն ուժը, որն ավերում էր հաստատված կարգը։
Երևանի, Գյումրիի և Կիրովականի (այժմ՝ Վանաձորի) փողոցները վերածվել էին բուռն իրադարձությունների թատերաբեմի։ Հանրահավաքները թեժացրել էին մթնոլորտը, ինչպես էլեկտրական լիցքաթափումները կայծակից առաջ։ Դրանց կազմակերպիչն այդ ժամանակ դեռ երիտասարդ, բայց հանդուգն հավակնություններով Հայոց համազգային շարժումն էր (ՀՀՇ)։
Վերջինիս շարքերում հասունանում էր նոր քաղաքական էլիտա․ մարդիկ, որոնց անունները շուտով նույնացվելու էին իշխանության հետ։ Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Աշոտ Մանուչարյան, Արարատ Պետրոսյան, Սամվել Գրիգորյան, Սամվել Ավետիսյան, Ռաֆայել Ղազարյան… Նրանք պարզապես առաջնորդներ չէին․ նրանք իրենց զգում էին՝ որպես պատմություն կերտողներ, նոր պետականության ճարտարապետներ։

ՀՀՇ-ն սրընթաց զարգացում էր ապրում՝ հասարակական ուժից վերածվեով քաղաքական մեքենայի։ Հենց նա էլ արեց առաջին վճռական քայլերը, որոնք կոչված էին էերգիա և խթան հաղորդելու հեղափոխությանը։ Բայց պատմությունը հաճախ չար կատակ է խաղում․ ի սկզբանե ստեղծարար նպատակներ հետապնդող քայլերը դանդաղ գործողության ական դրեցին երիտասարդ պետականության հիմքում։
ՀՀՇ-ի վերնախավը ձևավորվեց ԽՍՀՄ «պերեստրոյկայի» և փլուզման հորձանուտում։ Այդ մթնոլորտում ծնվում էին ոչ միայն իդեալներն ու մեթոդները, ամրապնդվում էր նաև յուրահատուկ, գրեթե միստիկ զգացում՝ ընտրյալ լինելու զգացողություն։ Առաջնորդները հավատում էին՝ հենց նրանց է վիճակված երկիրը տանել դեպի անկախություն, հենց նրանց ձեռքում պետք է գտնվի նոր պետության ղեկը։
Այդ Ժամանակների առանցքային դեմքերից էին․
Վազգեն Մանուկյան՝ գաղափարախոս, առաջին վարչապետ, մարդը, ում մտքերը ձևավորում էին շարժման ուղեգիծը,
Վանո Սիրադեղյան՝ ապագա ներքին գործերի նախարար, ում վճռականությունը երբեմն խենթության էր հասնում,
Վազգեն Սարգսյան, լեգենդար «Սպարապետ» և ապագա պաշտպանության նախարար, ում կամքն ու խարիզման ռազմական հզորության խորհրդանիշ դարձրեցին նրան,
Ռաֆայել Ղազարյան, Արարատ Պետրոսյան, Սամվել Գրիգորյան, Աշոտ Բլեյան և այլք, որոնց ազդեցությունն զգացվում էր իրադարձությունների յուրաքանչյուր շրջափուլում։
Բայց անկախության այս միասնական մղման մեջ թաքնված էր մեկ այլ, ավելի մտահոգիչ միտում: Աստիճանաբար ամրապնդվում էր համոզմունքը․ միայն իրենք՝ ՀՀՇ առաջնորդները, իրավունք ունեն կառավարել երկիրը։ Միայն իրենց տեսլականն է միակ ճիշտը։ Միայն իրենց փորձն է անփոխարինելի։
Այս քաղաքական մշակույթը՝ հիմնված բացառիկության և ճշմարտության մենաշնորհի զգացողության վրա, դարձավ հետագա ճգնաժամերի հիմքը: Այն ծնեց ոչ միայն իշխանության ինստիտուտներ, այլև՝ վտանգավոր մտածելակերպեր, որոնք տասնամյակներ շարունակ իրենց արձագանքը կունենան Հայաստանի քաղաքական կյանքում՝ պառակտելով հասարակությունը և խարխլելով պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը:
Այսպես՝ հեղափոխության կրակի մեջ, հույսերի ու պատրանքների միջից ծնվում էր նոր իրականություն՝ իր բոլոր հաղթանակներով ու ողբերգություններով, իր վեհությամբ ու աղճատվածությամբ։
Սովետաշեն. քաոսի խորհրդանիշ դարձած դրվագ
«Փամփուշտների հնչյունն ավելին է, քան հազար ճշմարտության խոսքեր»
1988 թ․ գարունն արդեն դադարել էր հույսերի ժամանակ լինելուց. այն դառնում էր փորձությունների ժամանակ։ Երևանը եռում էր գերտաքացած կաթսայի պես, և երբեմն չնչին կայծը հրապարակը կամ փողոցը վերածում էր մի վայրի, որտեղ պատմությունը կտրուկ ու դաժան շրջադարձեր էր կատարում։ Նման շրջադարձերից մեկը դարձավ Սովետաշենը. 1988 թվականի մարտի 23-ը մտավ պատմության մեջ՝ որպես առաջին լուրջ բռնության բռնկումը ՀՀՇ-ի ակտիվիստների և խորհրդային զինծառայողների միջև։
Ըստ բազմաթիվ վկայությունների ՝ հենց այդ օրը մի խումբ արմատական ակտիվիստներ, որոնց թվում նշվում էին Անդրանիկ Քոչարյանի, Արարատ Պետրոսյանի, Սամվել Գրիգորյանի անունները, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի շրջապատի ոչ ֆորմալ ազդեցության ներքո գործող մարդիկ, Սովետաշեն էին ժամանել նախապես մշակված նպատակով՝ հրահրել կոնֆլիկտ։
Ամբոխը մեծանում էր, կարգախոսներն ավելի ու ավելի ագրեսիվ էին դառնում։ Խորհրդային բանակի զինվորականները, որոնք հերթափահություն էին իրականացնում բլոկպոստում, սադրանքին չտրվելու հրահանգ էին ստացել։ Բայց լարվածությունն ավելի արագ էր աճում, քան ցանկացած կարգապահություն: Ականատեսները հիշում են, որ սկզբում նետվեցին քարեր, այնուհետև՝ մետաղական իրեր: Ամբոխի միջից ինչ-որ մեկը բղավում էր՝ «արյուն է պետք փոփոխությունն արագացնելու համար»։ Խոսքեր, որոնց անխուսափելիորեն հաջորդում է աղետը: Երբ արմատականները փորձել են ճեղքել շրջափակումը, հրմշտոց է սկսվել։ Եվ հենց այդ հրմշտոցի ժամանակ, երբ զինվորները սեղմվել էին տեխնիկային, իսկ ամբոխը փորձում էր խլել զենքը, հնչել են առաջին կրակոցները։
Սկզբում կրակոցներ էին օդում, այնուհետ՝ ոտքերին, իսկ հետո, ինչպես վկայում էին հետագա հետաքննությունները, մի քանի փամփուշտ է արձակվել ամբոխի ուղղությամբ, թեև ճշգրիտ հանգամանքներն այդպես էլ վերջնականապես չպարզվեցին։

Այդ քաոսի բռնկման հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին։ Պաշտոնապես զոհերն անմիջապես չեն ճանաչվել, բայց փաստաթղթերով հետագայում հաստատվել է առնվազն երկու մահ․ Հրաչիկ Հարությունյան (Սովետաշենի բնակիչ), Կարեն Պետրոսյան (հրմշտոցի ու կրակի կիզակետում հայտնված ուսանող): Երկուսն էլ մահացու վիրավորվել են իրարանցման մեջ, երբ ամբոխն այս ու այն կողմ էր նետվում՝ փորձելով թաքնվել մեքենաների և տների պատերի հետևում:
Նրանց համար, ովքեր ամեն ինչ տեսել են իրենց աչքերով, Սովետաշենը դադարեց լինել Երևանի ծայրամասը։ Այն դարձավ մի վայր, որտեղ առաջին անգամ քաղաքական հողի վրա արյուն թափվեց։ Վայր, որտեղ ՀՀՇ-ի արմատական հատվածը հասկացավ, որ ամբոխին կարելի է հասցնել եզրագծին, իսկ զինվորականները, որ իրենց համբերությունն անսահման չէ։
Կարծես լոկալ թվացող դրվագը նախանշան և նախազգուշացում դարձավ միաժամանակ։ ՀՀՇ-ի կողմնակիցների համար ՝ «կայսերական զորքերի» դաժանության ապացույց։ Սթափ դիտորդների համար՝ նշան, որ նոր քաղաքական վերնախավի մի մասը սկսել է քաոսը դիտարկել որպես գործիք, զոհերին՝ քաղաքական ռեսուրս, բռնությունը՝ պատմական գործընթացի արագացուցիչ:
«Այնտեղ, որտեղ չկա պատասխանատվություն, չկա նաև պետականություն»
Սովետաշենը դարձավ արյամբ գծած առաջին սահմանագիծը։ Եվ արդեն այն ժամանակ՝ 1988-ի գարնանը, լսելի էր ապագայի արձագանքը․ այն տրամաբանության, որը հետագայում կդառնա իշխող նոր վերնախավի վարքագծի կառուցվածքը՝ փողոցային բախումից մինչեւ խորհրդարանական հեղաշրջում, սադրանքից մինչեւ լայնամասշտաբ ողբերգություն։
Սովետաշենը դարձավ նախանշան։ Նուրբ, բայց հստակ նախազգուշացում․ նրանք ովքեր 1988 թ․-ին քաոս էին հրահրում հանուն քաղաքական արդյունքի, ավելի ուշ՝ 1996-ին, 1999-ին, 2008-ին, շատ ավելի մասշտաբային կգործեն։ Քանի որ մի անգամ զգալով ամբոխի ուժն ու պետության թուլությունը՝ էլիտան յուրացրեց քաոսային դարաշրջանների հիմնական կանոնը․ եթե քաոսը գործում է, այն սկսում են որպես գործիք դիտարկել։

