Անցյալի և ապագայի միջև. Եռյակ դաշինք ընդդեմ այլընտրանքի։ Ո՞վ կհաղթի Հայաստանում 2026 թվականին

Левон Тер-Петросян, Роберт Кочарян, Серж Саргсян, Никол Пашинян

Իշխանություն, խաբեություն, դավաճանություն՝ այս բառերը, ցավոք, դարձել են Հայաստանի վերջին տասնամյակների քաղաքական պատմության հոմանիշները: Թվում է, թե երեսուն տարի շարունակ երկրի առաջնորդները հետևողականորեն իրենց ժողովրդին տարել են դեպի հիասթափություն՝ խոստանալով մեկ բան, անելով բոլորովին այլ բան։

Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իշխանության եկավ 20-րդ դարի 80-ական թթ. վերջի հայրենասիրական ալիքի, «Ղարաբաղը մերն է և մերը կլինի» և «Միացում» (Արցախի և Հայաստանի) կարգախոսների ներքո, Հայաստանի անկախացումից հետո ստանձնելով նախագահի պաշտոնը՝ արագ փոխեց իր հռետորաբանությունը։ Պատերազմի ակտիվ փուլում Ղարաբան Ադրբեջանի կազմում տեսնելու պատրաստակամության մասին հայտարարությունն առաջին ահազանգն էր, առաջին խոշոր խաբեությունը, որը, ինչպես պարզվեց, հիասթափությունների երկար շարքի սկիզբն էր միայն։

Հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ դժվար թե գտնվի գաղափարական շրջադարձի ավելի ցայտուն օրինակ, քան Լևոն Տեր-Պետրոսյանի հայացքների էվոլյուցիան։ Նրա թեզերը, որոնք սկզբում հնչում էին որպես հայկական Արցախի համար պայքարում ազգային միասնության կոչ, հետագայում, ըստ հրապարակախոս և լրագրող Լևոն Ղազարյանի, վերածվեցին ազգային ինքնության ոչնչացման «փորձնական փուչիկների» (ինչպես «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» սկանդալային պնդումը), որոնք աստիճանաբար համակարգային և ինստիտուցիոնալ հիմք ձեռք բերեցին։ Գործընթացը զարգանում էր գաղափարական էքսպանսիայի դասական սխեմայով.

  • ընդլայնվում էր քարոզիչների շրջանակը՝ ՀՀՇ-ի ինչպես ակնհայտ, այնպես էլ թաքնված կողմնակիցների,
  • նպատակաուղղված աշխատանք էր տարվում նոր կադրերի դաստիարակման ուղղությամբ,
  • ստեղծվում էին կառուցվածքային «ստորաբաժանումներ», ինչպես՝ «Նոր ուղի» շարժումը,
  • բացվում էին կեղծ գիտական կենտրոններ, ինչպես՝ «Արմատ» ակումբը, և բացահայտորեն հակահայկական նարատիվներ քարոզող մեդիա հարթակներ:

Այս գաղափարական ճակատն ասոցացվում էր առաջին նախագահի և նրա մերձավոր շրջապատի՝ Ժիրայր Լիպարիտյանի, Վանո Սիրադեղյանի, Կտրիճ Սարդարյանի և Աշոտ Բլեյանի անվան հետ։ Սակայն, նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց էր տալիս՝ այս արշավի հետևում կանգնած էր արտաքին համակարգող։ Չափազանց համակարգված , չափազանց հետևողական էր ազգի հիմնական արժեքների վրա հարձակումը:

Թե ով էր այս ծրագրի պատվիրատուն, քննարկման առարկա է մնում: Սակայն, խոսուն ակնարկներ են պարունակում արևմտյան քաղաքական գործիչների հրապարակային հայտարարությունները: Հատկանշական է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի 1999 թվականի աշնանը Հարվարդի համալսարանում ունեցած ելույթը: Իր ելույթում ամերիկացի դիվանագետը փաստացի ներկայացրել է այն գաղափարական մոդել, որը նրանք փորձում էին ներդնել հետխորհրդային պետություններում.

«…Հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել նաև Ռուսաստանի առնչությամբ, այսինքն՝ պետականության որպես գաղափարի։ Այսօր Ռուսաստանում այն, ինչ ես անվանում եմ «գաղափարախոսության անհրաժեշտության գաղափարախոսություն», աստիճանաբար անհետանում է… Միասնական ազգային գաղափարախոսության մշակման նախագիծը տապալվեց։ Ինձ համար դա դրական նշան է… Բայց, ամենագլխավորը, ցանկացած երկրի համար լավ է, երբ հասարակությունն ու պետության կառավարման համակարգը բազմաշերտ են, բազմակարծիք և, ինչն ամենակարևորն է, ազատ այնքան, որ որևէ միասնական գաղափարախոսություն ներդնելու անհրաժեշտություն կամ նույնիսկ հնարավորություն չառաջանա»։

Այս թեզիսում արտաքին խաղացողների տրամաբանության ըմբռնման բանալին է.

  • Ինքնության ոչնչացում։ Ազգային գաղափարախոսությունից հրաժարումը մեկնաբանվում է ոչ թե որպես թուլություն, այլ՝ «առաջընթաց»։
  • Բազմակարծությունը որպես կազմալուծման գործիք։ Հասարակական ուժերի բազմակողմանիությունը ներկայացվում է որպես առաքինություն, թեև գործնականում հանգեցնում է պետական կառավարման կաթվածահարության։
  • Ազգային գաղափարի արգելք։ Միասնական գաղափարի բացակայությունը երկիրը խոցելի է դարձնում արտաքին ազդեցության համար։

Համադրելով այս դրույթները 1990-2000-ական թթ․ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ անհնար է չնկատել զուգահեռները։ Տեր-Պետրոսյանի այդ նույն «փորձնական փուչիկները», ՀՀՇ ցանցի և դրա մասնաճյուղերի զարգացումը, ազգային արժեքների դեմ մեդիա արշավները տեղավորվում է Թելբոթի նկարագրած մոդելի մեջ։

Արդյունքում առանձին սադրիչ հայտարարությունները վերածվեցին ազգային ինքնությունն ապամոնտաժելու համակարգային ծրագրի։ Եվ եթե ներքին կատարողները գործում էին բացահայտ, ապա հիմնական կուրատորները նախընտրում էին մնալ ստվերում՝ սահմանափակվելով «բազմակարծություն առանց գաղափարախոսության» օգտին «տեսական» մեկնաբանություններով՝ միևնույն ժամանակ չմոռանալով Հայաստանում ներդնել տոտալիտար աղանդներ՝ գերգաղափարականացված, բայց իրենց կողմից վերահսկելի միավորներ։

Այսօր վերլուծելով այս իրադարձությունները՝ կարևոր է ոչ միայն փաստերն արձանագրել, այլև հասկանալ․ գաղափարական պատերազմը վերացական սպառնալիք չէ, այլ աշխարհաքաղաքականության իրական գործիք: Եվ դրա հետևանքները Հայաստանի համար շատ ավելի կործանարար էին, քան կարող էր թվալ առաջին հայացքից։

2008 թվականին քաղաքական մանևրման էստաֆետը ընդունեց Սերժ Սարգսյանը՝ Արցախյան պայքարի ակտիվ մասնակիցը։ Թուրքիայի հետ նրա սիրախաղեր սկիզբ դրեցին մերձեցման գործընթացի, որի գինը, ըստ էության, կարող էին Լեռնային Ղարաբաղի և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում զիջումները լինել։ Իսկ հետո հետևեց ներքին խաբեությունը․ վարչապետի պաշտոնին չհավակնելու խոստումը վերածվեց սահմանադրական բարեփոխումների և սեփական թեկնածության առաջադրման խորամանկ հնարքի։ Այս գործողությունն էլ հանդիսացավ այն ազդակը, որը հանգեցրեց 2018 «թավշյա հեղափոխությանը» և Նիկոլ Փաշինյանին իշխանության փոխանցմանը։

WikiLeaks-ի գաղտնազերծված փաստաթղթերը լույս են սփռում այն իրադարձությունների վրա, որոնք տասնամյակներ շարունակ մեծ քաղաքականության տեսադաշտից դուրս էին մնացել: Դրանք հնարավորություն են տալիս տեսնել, թե ինչպես էր իր նախագահությունից շատ առաջ Սերժ Սարգսյանը կառուցում արտաքին քաղաքական մանևրներ, որոնք կարող են արմատապես փոխել Հայաստանի զարգացման վեկտորը։

Դեռևս 2007 թվականին, երբ Սերժ Սարգսյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, տեղի ունեցան իրադարձություններ, որոնց մասին հայտնի դարձավ միայն դիվանագիտական հեռագրերի արտահոսքի շնորհիվ: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը գաղտնի ուղերձում նկարագրել է ամերիկացի դիվանագետների հանդիպումը Սարգսյանի մերձավոր համախոհների հետ։

Գործողության վայրը՝ երևանյան սովորական սրճարան: Մասնակիցները՝ վարչապետի ավագ խորհրդական Միքայել Մինասյան (փաստացի ՝ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն ու փեսան) և օգնական Լևոն Մարտիրոսյան: Մեկուկես ժամ անկաշկանդ զրույցի և խմիչքի շուրջ քննարկվել են հարցեր, որոնցից կախված էր երկրի ապագա ճակատագիրը:

Ըստ փաստաթղթի՝ Սարգսյանի բանագնացներն ամերիկյան կողմին են ներկայացրել մի շարք սկզբունքային պարտավորություններ․

  • Շրջադարձ Թուրքիայի հետ հարաբերություններում. Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել՝ ԱՄՆ-ի երաշխիքներով: Սա ենթադրում էր պաշտոնական դիրքորոշման վերանայում Հայոց ցեղասպանության հարցում, որը հսկայական խորհրդանշական և քաղաքական նշանակություն ունի հայ հասարակության համար։
  • Անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշման դադարեցում։ Խոսքը «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ հետապնդումների դադարեցման մասին էր, որի ղեկավարը Հրայր (Հարրի) Թամրազյանն էր՝ նախկին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի մտերիմը։ Դա կարող էր դեպի խոսքի ավելի մեծ ազատությանն ուղղված քայլ հանդիսանալ:
  • Իրանական էներգետիկ տարանցման արգելափակում։ Սարգսյանը երաշխավորել է, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի Իրանի էներգակիրների փոխադրման համար՝ հարց, որն ակնհայտ աշխարհաքաղաքական ենթատեքստ ուներ Արևմուտքի և Իրանի դիմակայության համատեքստում։

Այսինքն, ըստ էության, Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահ ընտրվելուց առաջ հավաստիացրել Է ԱՄՆ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին, որ ինքն իր արտաքին քաղաքականությունը կառուցելու է այն սկզբունքներով, որոնց պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին հրաժարական տվեց։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018 թվականին սկսվեց փոփոխությունների հնչեղ խոստումներով և ազնվության կոչով։ Նրա հայտնի բոցաշունչ ելույթը Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», հնչեց որպես անկոտրում պատգամ նոր ապագային հավատալու պատրաստ ժողովրդին: Էյֆորիան, սակայն, կարճատև էր։ Նրա կողմից հրահրված 2020 թվականի պատերազմում ջախջախիչ պարտությունն անողոքաբար խորտակեց այդ հույսերը՝ թողնելով միայն հիասթափության դառը մոխիրը։

Քաղաքական դրամայի գագաթնակետը 2022 թվականի Պրահայի համաձայնություններն էին։ Փաշինյանի ստորագրությունը փաստաթղթերի տակ, որոնք փաստացի ճանաչում էին Արցախն Ադրբեջանի մաս, ազգային դավաճանության սիմֆոնիայի վերջին և ամենակեղծ ակորդը դարձավ։ Այս որոշումն առոչինչ դարձրեց ինքնորոշման իրավունքի համար մի ամբողջ ժողովրդի երկարամյա անձնուրաց պայքարն ու անթիվ զոհերը։

Այսօր ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության հետևորդն է, որի համար ազգային գաղափարախոսությունն ընդամենը «կեղծ կատեգորիա» էր, ինչպես նաև Սերժ Սարգսյանի, ով գործնականում սկսեց իրականացնել Տեր-Պետրոսյանի ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գաղափարական ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր իրականացնում է «Իրական Հայաստան» նախագիծը, որի նպատակն է ստիպել ժողովրդին մոռանալ իր պատմությունը և հրաժարվել իր արմատներից:

Ներկա իշխանությունների քաղաքական ուղեգիծը ներառում է ազգային ինքնության ապամոնտաժմանն ուղղված մի շարք քայլեր․

  • Հայոց ցեղասպանության ժխտում,
  • Արցախի վերջնական ճանաչում՝ որպես Ադրբեջանի տարածք,
  • Հայ եկեղեցու նկատմամբ համակարգված գրոհներ,
  • Հայ ժողովրդի պատմության վերաշարադրում։

«Իրական Հայաստան» նախագիծը հայերից պահանջում է հրաժարվել Արևմտյան Հայաստանից և Արարատ լեռից, մոռանալ Արցախի մասին՝ որպես իրենց հայրենիքի մի մաս: Ահա այն դառը իրականությունը, թե ինչ է անում այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ մեծ պատմությունը վերածելով այսրոպեական քաղաքականության մանրադրամի:

Ժամանակակից Հայաստանի քաղաքական ժամանակաշրջանների շարքում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը անոմալիա է թվում ՝ ժամանակաշրջան, երբ երկիրը ճգնաժամերի ու ցնցումների անվերջանալի շարքի փոխարեն համակարգային զարգացման հնարավորություն ստացավ։ Հենց այդ տարիներին դրվեցին տնտեսական արդիականացման հիմքերը, ամրապնդվեցին պետական ինստիտուտները։ Ավելին, ձեռնարկվեցին զգուշավոր, բայց ողջամիտ փորձեր՝ ձևավորելու ազգային գաղափարախոսություն՝ խնդիր, առանց որի լուծման անհնար է ցանկացած ինքնիշխան պետության երկարաժամկետ զարգացումը։

Քոչարյանի ձեռքբերումները հատկապես ակնառու են նրա նախորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության ֆոնին։ Այդ ժամանակաշրջանը, Հայաստանի տնտեսական և սոցիալական փլուզումից բացի, նշանավորվեց առանցքային հարցերում պարտվողական մոտեցումներով․

  • Արցախի ինքնորոշման խնդրում,
  • Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։

Քոչարյանի նախագահությունը դարձավ ժամանակավոր շրջադարձային կետ՝ երկրի ռազմավարական նախաձեռնությունը և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու փորձ։

Սակայն Քոչարյանի հաջողություններն անպատասխան չմնացին քաղաքական ընդդիմախոսների կողմից։ Լևոն Տեր Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող քարոզչական կառույցները տարիներ շարունակ նրան վարկաբեկելու լայնածավալ արշավ ծավալեցին։ Որպես «հուժկու փաստարկներ» օգտագործվեցին ողբերգական իրադարձությունները․

  • 1999 թվականի հոկտեմբերի 27՝ ահաբեկչություն խորհրդարանում,
  • 2008 թվականի մարտի 1՝ զանգվածային անկարգություններ նախագահական ընտրություններից հետո։

Այդ ողբերգությունները, արշավի կազմակերպիչների մտահղացմամբ, պետք է ընդմիշտ փակեին Քոչարյանի ճանապարհը դեպի մեծ քաղաքականություն։

Այսօր հետադարձ հայացք գցելով՝ իրավունք ունենք անհարմար հարցեր տալ այդ իրադարձությունների բնույթի վերաբերյալ։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ 2008 թվականի մարտի 1 ի անկարգությունները, որոնք 10 մարդու կյանք խլեցին, կարող էին Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի համաձայնեցված գործողությունների հետևանքը լինել։ Այս վարկածի անուղղակի հաստատումը ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքն է։ Այն ժամանակ լինելով Տեր-Պետրոսյանի թիմի առանցքային ակտիվիստներից մեկը և իրադարձությունների անմիջական մասնակիցը՝ այսօր նա հանդես է գալիս որպես «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի գլխավոր մեղադրողը։ Ըստ որում, անտեսվում են․

Ըստ որում, անտեսվում են․

  • Լևոն Տեր Պետրոսյանի կողմնակիցների կողմից իրավապահ մարմինների նկատմամբ սադրանքների անհերքելի ապացույցները,
  • ակնհայտ փաստը, որ այդ իրադարձությունների գլխավոր քաղաքական շահառուն դարձավ Սերժ Սարգսյանը՝ զբաղեցնելով նախագահի աթոռը։

Վերոգրյալի համատեքստում բավական հատկանշական է հետևյալ փաստը. Սարգսյանի նախագահության օրոք անկարգություններին մասնակցելու համար դատապարտված Նիկոլ Փաշինյանը համաներում ստացավ և նշանակված ժամկետի միայն մի փոքր մասն անցկացրեց անազատության մեջ (7 տարվա փոխարեն ՝ շատ ավելի քիչ)։

Դառը եզրակացությունը թելադրվում է ինքնաբերաբար․ այս 30 տարիների ընթացքում արդարության և անկախության ծարավով համակված հայ ժողովուրդը հավատացել է իր առաջնորդներին, որոնք, ինչպես ցույց է տալիս պատմությունը, կրիտիկական պահին նեղ անձնական շահերը գերադասել են պետության շահերից։ Եվ խաբեության ու դավաճանության այս ողբերգությունը շարունակում է ծավալվել ողջ աշխարհի աչքի առաջ։ Այս պատմությունը պարզապես քաղաքական ինտրիգների ժամանակագրություն չէ։ Սա փորձ է հայ հասարակությանը պատմել այն մասին, թե որքան հեշտ է մանիպուլացնել պատմական հիշողությունը, երբ ներքին կլանների անձնական շահերը ծառայեցվում են աշխարհաքաղաքական խաղացողների շահերին։ Այդ իրադարձությունների ստվերն այսօր շարունակում է ազդել Հայաստանի ներկայի և ապագայի վրա։

Հայաստանն ընտրանքի առաջ. ապագայի համար պայքարն սկսվում է արդեն այսօր

Հայաստանում քաղաքական մթնոլորտն օրեցօր թեժանում է։ 2026 թվականի մատալուտ խորհրդարանական ընտրությունների պայմաններում ակնհայտ է դառնում մտահոգիչ միտում․ անցյալի և ներկայի ազդեցիկ դեմքերի ձևավորված դաշինքը, որոնք կապված են միմյանց հետ գաղափարական պորտալարով և արտաքին հովանավորներով, արգելափակում է իրական այլընտրանքի ի հայտ գալը։

Քաղաքական պայքարում այսօր մի կողմից միավորվել է եռյակ դաշինքը, որը ներկայացված է ապազգային ուժերի կողմից․

  • Նիկոլ Փաշինյան ՝ ներկա կառավարության ղեկավար․
  • Լևոն Տեր Պետրոսյան ՝ առաջին նախագահ,
  • Սերժ Սարգսյան ՝ երրորդ նախագահ։

Մյուս կողմից՝

  • Ռոբերտ Քոչարյան ՝ երկրորդ նախագահ, ով դեռ պահպանում է լուրջ քաղաքական կշիռը,
  • Սամվել Կարապետյան ՝ գործարար, ով ձևավորում է նոր քաղաքական հարթակ։

Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի միավորումը եռյակ դաշինքի կողմից ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք Հայաստանի ներսում ուժերի ստեղծված հավասարակշռությանը։ Այդ իսկ պատճառով նրանց դեմ համալիր գործողություններ են ծավալվում՝ տեղեկատվական հարձակումներից և վարչական ռեսուրսի օգտագործումից մինչև ձերբակալություններ և քրեական հետապնդումներ։

Այս իրավիճակում առանձնահատուկ դեր ունի յուրաքանչյուր հայի քաղաքացիական դիրքորոշումը։ Առաջիկա ընտրությունները պարզապես ձևական ընթացակարգ չեն։ Դա այն պահն է, երբ հասարակությունը պետք է որոշի՝ շարունակել Հայաստանի քայքայման ուղին, թե՞ քայլ անել վերջինիս վերածննդի ուղղությամբ:

Հանրային տրիբունալը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում ողջամիտ եզրակացություն անել Հայաստանի անկախության շրջանի պատմությունից և իրենց ձայնը տալ Հայաստանի ապագայի, այլ ոչ թե՝ նրա կործանման կողմնակիցների օգտին:

Ձեր ձայնը պարզապես նշում չէ քվեաթերթիկում։ Դա ձեր ներդրումն է Հայաստանի ճակատագրում։ Տվեք այն նրանց, ովքեր տեսնում են երկիրը ուժեղ, անկախ և բարեկեցիկ, ոչ թե նրանց, ովքեր անձնական շահերի համար զոհաբերել են ազգային շահերը։