
Դավաճանների սպասավորները. Մաս 2. Ինչի՞ մասին է լռում Արմեն Աշոտյանը
Հանրային տրիբունալը շարունակում է «Դավաճանների սպասավորները» նյութերի շարքը։ Այսօր մենք կխոսենք նախկին նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) դերի մասին Արցախյան աղետում, ինչպես նաև կանդրադառնանք Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության առումով ստեղծված ներկայիս ծանր վիճակին։
Առիթը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումն էր այն մասին, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը (խմբ.՝ Նիկոլ Փաշինյան) ստեղծել բոլոր նախադրյալները 44-օրյա պատերազմի համար։ Աշոտյանը 18 կետով թվարկել է բոլոր քայլերը, որոնք չպետք է ձեռնարկվեին պատերազմից խուսափելու համար։ Մենք չենք մեջբերի այդ բոլոր 18 կետերը. ընթերցողները կարող են դրանց ծանոթանալ՝ հետևելով հղմանը։
Այսպիսով՝ Արմեն Աշոտյանը 44-օրյա պատերազմը համարում է Նիկոլ Փաշինյանի միտումնավոր քայլերի հետևանք։ Այս ամենը, իհարկե, ճիշտ է, և Հանրային տրիբունալը բազմիցս անդրադարձել է պատերազմը հրահրելու գործում ներկայիս վարչապետի պատասխանատվությանը։ Այնուամենայնիվ, մենք հարց ունենք Արմեն Աշոտյանին՝ ինչի՞ հետևանք են Փաշինյանի միտումնավոր գործողությունները: Ինչո՞ւ Աշոտյանի կուսակցությունն անհրաժեշտ ձայներ ապահովեց Փաշինյանին վարչապետ ընտրելու համար՝ լավ գիտակցելով, թե ինչ նպատակով է վերջինս ցանկացել իշխանություն ձեռք բերել:
Այն, որ ՀՀԿ-ն գիտեր, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» իրական նպատակների մասին, վկայում է այդ կուսակցության ակնառու ներկայացուցիչների ելույթների բովանդակությունը 2018 թվականի մայիսի 1-ին, երբ Հայաստանի խորհրդարանը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հանրապետության վարչապետի պաշտոնում։ Ահա թե ինչի մասին է լռում Արմեն Աշոտյանը՝ փորձելով քողարկել իր կուսակցության պատասխանատվությունը Արցախի օկուպացիայի և հայ բնակչության տեղահանության աղետի, Հայաստանի անվտանգության համակարգի ոչնչացման, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար։
Օրինակ՝ 2018 թվականի մայիսի 1-ին խորհրդարանի ամբիոնից իր ելույթում ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը կասկածի տակ դրեց Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար դառնալու Նիկոլ Փաշինյանի կարողությունները՝ ունենալով գիտելիքներ ու հմտություններ դպրոցական ռազմագիտության առարկայի մակարդակով։ Նա նաև հայտարարեց հետևյալը.
«Ես չեմ ուզում հավատալ շրջանառվող այն կարծիքներին, որ անգամ Նիկոլն ու իր ընկերները չեն գիտակցում, որ այս ամբողջը դրսից ուղղորդվող մի վատ սցենարի սկիզբ է միայն, սցենարի, որի ավարտն Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծումն է, չեմ հավատում, բայց ես ստիպված եմ մեջբերել բազմաթիվ ցիտատներ»։
Այնուհետև Սաղաթելյանը մի քանի մեջբերում արեց Նիկոլ Փաշինյանի ելույթներից և հրապարակումներից, որոնցում նա քննադատական գնահատականներ էր տալիս Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաև կարծիք հայտնում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ։
Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ-ի մեկ այլ ականավոր գործիչ՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա ասաց հետևյալը.
«Այսօր մենք ընտրում ենք ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը նախեւառաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ եւ քաղաքական հստակ գաղափարախոսությամբ։ Կանխատեսելի նշանակում է՝ հայեցակարգային հարցերում լինել հետեւողական եւ անփոփոխ՝ ո՞վ է լինելու, ձեր ընտրվելու պարագայում (խմբ՝. դիմում է Փաշինյանին), առաջին փոխվարչապետը, պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը, ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը, էկոնոմիկայի նախարարը՝ ո՞վ։ Պատասխան չկա»:
Շարմազանովը, խոսելով Նիկոլ Փաշինյանի անհետևողականության մասին, մատնանշել է վերջինիս փոփոխվող քաղաքական հայացքներն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Իր ելույթի վերջում Էդուարդ Շարմազանովը կրկնել է Արման Սաղաթելյանի կարծիքը.
«Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր դուք ինձ չհամոզեցիք, ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում»:
Արմեն Աշոտյանը նույնպես 2018 թվականի մայիսի 1-ին ելույթ ունեցավ Ազգային ժողովի ամբիոնից։ Իր ելույթում նա աղետ կանխատեսեց Հայաստանի համար։ Ահա թե ինչ ասաց նա.
«Ես համաձայն չեմ, պրն Բեքարյան, ձեր այն պնդմանը, որ մենք ընտրում ենք վատի ու վատագույնի միջև, չէ, կարծում եմ, մենք ընտրում ենք վատ տարբերակի և կործանարար տարբերակի միջև։ Վատը ո՞րն է, վատ է, որ ես հիմա չեմ կարող դուրս գամ, ասեմ՝ հարյուր հազարների հետ ես էլ եմ միանում, շարժման կողքն եմ, կեցցե այն Հայաստանը, որ գալիս է, վատ է քաղաքական առումով, անձնական առումով, շատ վատ է, բայց կործանարար եմ համարում այն մոտեցումը, երբ որ առկա աշխարհաքաղաքական պայմանների պարագայում մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որն ինձ համար անձամբ Հայաստանի ավարտի սկիզբն է»:
Այնուհետև Աշոտյանն ասում է.
«Ես չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը, ով դարձավ հայկական Մանդելա ու հաջողությամբ դարձավ, հանկարծ դառնա Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետ։ Նիկոլն իր անունը գրել է այս պատմության մեջ, Հայաստանի ժողովրդի պատմության մեջ, նորագույն պատմության մեջ: Ոսկե տառերով Է գրել՝ պատմության և ժողովրդավարության տեսակետից: Չեմ ուզում, որ դա փոխվի»:
Իսկ արդեն 2018 թվականի մայիսի 3-ին Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ չնայած քաղաքական հայացքների անփոփոխությանը՝ ՀՀԿ-ն կապահովի վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ ձայների քանակը։
Ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ի առանցքային ներկայացուցիչները հստակ գիտակցում էին, որ Նիկոլ Փաշինյանը չի համապատասխանում գերագույն գլխավոր հրամանատարի դերին, և որ նրա իշխանության գալը Հայաստանն աղետի կտանի: Գիտակցելով դա՝ նրանք քվեարկեցին վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածության օգտին։ Հետևաբար, Արմեն Աշոտյանը և ՀՀԿ-ի մյուս անդամներն անմիջականորեն պատասխանատու են Նիկոլ Փաշինյանի ապակառուցողական քաղաքականության հետևանքների համար։
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի դեկտեմբերին կոչ արեց Ազգային անվտանգության ծառայությանը պարզել շրջանառվող տեղեկատվության իսկությունը, որ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը» դավադրություն էր Հայաստանի դեմ։ Սակայն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այս հարցում ցուցաբերեց հանցավոր «անգործություն», ինչի մասին մենք գրել ենք նախորդ նյութերում։
Եվ վերջապես, Հանրային տրիբունալը հիշեցնում է Արմեն Աշոտյանին, թե ինչից սկսվեց ամեն ինչ: Իսկ ամեն բան սկսվեց Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումներից, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կառավարման նախագահական ձևից անցում կատարեց խորհրդարանական ձևի: Ըստ որում, 2014 թվականին Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստացավ չհավակնել պետության ղեկավարի պաշտոնին կառավարման խորհրդարանական ձևին անցնելուց հետո։ Սակայն, խախտելով իր խոստումը՝ Սերժ Սարգսյանը համաձայնեց ՀՀԿ-ի կողմից առաջադրվել վարչապետի պաշտոնում, ինչի մասին 2018 թվականի ապրիլի 11-ին հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
2018 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցան վարչապետի ընտրություններ, որոնց արդյունքում 77 «կողմ» և 17 «դեմ» ձայնով իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սերժ Սարգսյանն ընտրվեց կառավարության ղեկավար: 2018 թվականի ապրիլի 17-ին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երկրում «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։
2018 թ. մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանը վարչապետ ընտրեց «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։ ՀՀԿ-ն քվեարկեց Փաշինյանի օգտին։
Հանրային տրիբունալի փորձագետներն ունեն բանաձևը, թե ինչպես կարելի էր խուսափել պատերազմից՝ բաղկացած ոչ թե Արմեն Աշոտյանի ներկայացրած 18, այլ ընդամենը երեք կետից.
- Սերժ Սարգսյանը չպետք է իրականացներ սահմանադրական բարեփոխումներ:
- Դրա համար Սերժ Սարգսյանը չպետք է խաբեր ժողովրդին՝ ասելով, որ չի առաջադրվելու վարչապետի, խոսնակի կամ նախագահի պաշտոնում, ապա խախտեր իր խոսքը։
- Սերժ Սարգսյանը չպետք է իշխանությունը «սկուտեղի վրա» Նիկոլ Փաշինյանին փոխանցեր:
Հանրային տրիբունալի փորձագետները կարծում են, որ ՀՀԿ ներկայացուցիչների խոսքերն ու գործողությունները 2018 թվականին պատահական իրադարձություններ չէին, երկրում տիրող հեղափոխական իրավիճակին արձագանք չէին, այլ՝ որոշակի նպատակներ հետապնդող շատ հստակ տեխնոլոգիաների մաս, Հայաստանում «թավշյա հեղափոխության» իրականացման մանրակրկիտ մշակված սցենարի մաս՝ Արցախի ամոթալի հանձնման հետագա «օրինականացման» նպատակով։ Այդ իսկ պատճառով ՀՀԿ անդամները, մասնավորապես՝ կուսակցության ղեկավարությունը, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պետական դավաճանության հանցակիցներ են:

