Ժիրայր Սեֆիլյան. «Թավշյա հեղափոխությունից» հետո Սերժ Սարգսյանը պահպանել է իշխանության բոլոր լծակները

«Ազգային-ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այս տարվա հունիսին Factor-TV-ին հարցազրույցում հնչեղ հայտարարություններ է արել Հայաստանի ներքաղաքական գործընթացներում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ստվերային դերի մասին: Սեֆիլյանի հիմնական թեզերը․

  • Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում է Սերժ Սարգսյանի օգնականի դերը:
  • Իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանի գլխից մի մազ անգամ չի պակասել։ Սերժ Սարգսյանն անգամ մեկ օր չի անցկացրել բանտում։
  • Քաղաքական դաշտի 90%-ը կառավարվում է Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։
  • Սերժ Սարգսյանը, 90-ականների սկզբից զբաղեցնելով պետական տարբեր բարձր պաշտոններ, իր ձեռքում է կենտրոնացրել իշխանության բոլոր լծակները և «թավշյա հեղափոխությունից» հետո դրանք չի փոխանցել նոր իշխանություններին և շարունակում է պահել իր ձեռքում:
  • Եթե Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու գտնի Փաշինյանին փոխարինելու համար, ապա նա այդ ուղղությամբ կաշխատի։ Իսկ եթե չգտնի, ապա կբավարարվի, եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին։
  • Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարությամբ «Սրբազան պայքար» շարժումը տապալելու համար։

2025 թվականի սեպտեմբերի 17-ին Ժիրայր Սեֆիլյանը «Եվրոմեդիա 24» հեռուստաալիքին հարցազրույցում համանման կարծիք է հնչեցրել։

«Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, չի կորցրել իշխանությունը։ Նա եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ծնողը և շարունակում է Փաշինյանի հետ համատեղ կառավարել մեր երկիրը ։ Մինչև Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու չգտնի Նիկոլ Փաշինյանին փոխարինելու համար, նա կշարունակի պաշտպանել Նիկոլ Փաշինյանին», - ասել է Սեֆիլյանը: