Микаэл Минасян

Միքայել Արայի Մինասյան

Կենսագրություն

Միքայել Արայի Մինասյան (1977, հոկտեմբերի 1, Երևան), հայ դիվանագետ, քաղաքական գործիչ, Վատիկանում Հայաստանի դեսպան (2013-2018):

Ծնվել է 1977 թ. հոկտեմբերի 1-ին:

1993-1996 թթ. սովորել է Վենետիկի «Մուրատ-Ռաֆայելյան» վարժարանում: 1996-2000 թթ. սովորել է Տրիեստեի համալսարանի մագիստրատուրայում: Ատենախոսության թեման՝ «Կովկասյան աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական դինամիկան»: 2001-2004 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում. գիտական թեման՝ «Հայկական հարցը և հայ եկեղեցին 1877-1878 թթ.»։

1999-2000 թվականներին աշխատել է Տրիեստեի համալսարանում՝ որպես ՀՀ և Իտալիայի արտաքին գործերի նախարարության կրտսեր դիվանագետների համար մասնագիտական ուսուցման համատեղ ծրագրի ղեկավար:

1999-2002 թթ. աշխատել է Եվրոպական խորհրդարանի անդամ Դեմետրիո Վոլչիչի աշխատակազմում՝ որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հարավային Կովկաս պատվիրակության փոխնախագահ, հարաբերությունների գծով խորհրդական։

2000-2003 թթ. հանդիսացել է Հայաստանում Միջազգային եվրոպական շարժման հանձնաժողովի անդամ, Հայաստանում «Եվրոպական շարժման» հիմնադիր:

2005-2013 թթ. եղել է Սան Մարինոյի Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Հայաստանում:

2007-2008 թթ. եղել է ՀՀ վարչապետի ավագ օգնական: 2008 թվականից մինչև 2011 թվականի նոյեմբերի 3-ը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ընդգրկվել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի կազմում։ 2013 թ. հունվարին դարձել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ։

2013 թվականի մարտին նշանակվել է Վատիկանում Հայաստանի դեսպան՝ դառնալով ոչ համատեղության կարգով այդ պաշտոնն զբաղեցրած առաջին դիվանագետը: 2013 թ. դեկտեմբերի 10-ին նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: 2016 թ. մայիսին համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վատիկան): 2018 թ. նոյեմբերին Մինասյանը հետ է կանչվել Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

2018 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն Մինասյանին մեղադրում է ապօրինի հարստացման, եկամուտների և գույքի հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռքբերված գույքն օրինականացնելու մեջ։ 2020 թ. մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը: Արդեն հաջորդ ամիս Վերաքննիչ քրեական դատարանը բեկանում է այդ որոշումը: 2020 թ. սեպտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին Մինասյանին կալանավորելու որոշում է կայացնում:

2019 թ. փետրվարին հայտարարել է «Հասրաթյան-Մինասյան» կրթամշակութային հիմնադրամի ստեղծման մասին։

2020 թ. Մինասյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատներին մեղադրեց ծխախոտի, զենքի և ադամանդների մաքսանենգության մեջ։ Այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց Արցախում հրադադարի մասին հայտարարությունը, Մինասյանը հանդես էր եկել հետևյալ գրառմամբ. «Ստորագրեց… չհասցրեցինք։ Գաղտնի բոլորից, խաբեց մինչև վերջ։ Անմեղսունակ վիժվածքը առոչինչ դարձրեց մեր հաղթանակը, լափեց մեր ապագան… Անիծվեք դուք՝ Նիկոլ և ոհմակ»:

Պարգևներ և կոչումներ

«Վաչագան Բարեպաշտ» մեդալ (2015 թ. մայիսի 5, Արցախի Հանրապետություն) :

Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշան (2016 թ. մարտի 16, Վատիկան):

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2016 թ. սեպտեմբերի 17):

Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի Մեծ Սպայի Խաչ (2016 թ. հոկտեմբերի 24, Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտ):

Մալթայի Ուխտի արժանիքների համար Մեծ Խաչ (2017 թ. դեկտեմբերի 11, Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտ):

 Անձնական կյանք

Ամուսնացած է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ավագ դստեր՝ Անուշ Սարգսյանի հետ:

Միքայել Մինասյանի սանիկը Վիկտոր Մնացականյանն է, որ հանդիսանում էր Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի անդամ: