Լռությունը համաձայնության նշան է

«Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Արցախի վերաբերյալ լրագրողների հարցին, փաստորեն մեղադրել է Հայաստանի իշխանություններին ազգային շահերը դավաճանելու և Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ։ Ըստ որում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի հերքել Լավրովի խոսքերը.
«Սերգեյ Լավրովը մի սարսափելի բան ասաց` մեղադրեց ՀՀ իշխանությանը դավաճանության մեջ։ Ըստ Լավրովի՝ ՀՀ-ին մի քանի անգամ առաջարկվել է ԼՂ-ի միջանկյալ լուծում, համաձայն որի՝ հինգ շրջանը տրվում էր, երկու շրջանը միջանկյալ վիճակ էր ունենալու, իսկ հարցը փոխանցվում էր սերունդներին, բայց ՀՀ իշխանությունը հրաժարվել է այս առաջարկից։ Արարատ Միրզոյանը չժխտեց, քանի որ այդ գործընթացում եղել են նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, նման մակարդակում սուտ խոսել ուղղակի հնարավոր չէ»,- ասել է Ստեփան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ 2020 թվականի եռակողմ փաստաթղթում ձեռք էր բերվել ջենթլմենական համաձայնություն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում արված հայտարարությունը ամեն ինչի վրա խազ քաշեց:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու վերաբերյալ Պրահայի հայտարարությունը ռուսական կողմի համար անսպասելի էր։

