Հերոսների ոգին ընդդեմ պարտվողականության. Աբաջյան, Անդրեասյան vs Փաշինյանի PR-գերիները

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել չորս հայ ռազմագերիների։ Այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գերիներ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեկջյանը և Վագիֆ Խաչատրյանը փոխանցվել են հայկական կողմին։ Նրանց տեղափոխել են Հակարի գետի կամրջով և հանձնել Հայաստանի համապատասխան կառույցների ներկայացուցիչներին», — Փաշինյանի խոսքերը մեջբերում է Sputnik Արմենիա-ն։

Առաջին հայացքից այս քայլը ներկայացվում է որպես մարդասիրական ժեստ։ Սակայն այն բացառապես այդ կերպ ընկալելը նշանակում է անտեսել քաղաքական համատեքստը։ Խոսքը ոչ թե պարզապես գերիների փոխանցման կամ փոխանակման մասին է, այլ այս իրադարձության իշխանության նախընտրական տրամաբանության մեջ ներառման մասին ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ թելադրում են Փաշինյանի թիմի վարքագիծը, և նման յուրաքանչյուր դրվագ օգտագործվում է որպես նրա վարած քաղաքականության «արդյունավետության» ապացույց։
Միևնույն ժամանակ անհնար է չնկատել մեկ այլ՝ շատ ավելի խոսուն հանգամանք․ գերիների ազատ արձակումը օբյեկտիվորեն ուժեղացնում է Փաշինյանի ներքաղաքական դիրքերը, ինչը նշանակում է՝ համընկնում է Բաքվի շահերին։ Այս իմաստով Ադրբեջանի քայլը պետք է դիտարկել ոչ միայն որպես բարի կամքի դրսևորում, այլ նաև որպես Իլհամ Ալիևի կողմից գործող վարչապետի նախընտրական քարոզարշավին ուղղակի աջակցություն։ Փաշինյանը հարմար գործընկեր է՝ հետևողականորեն ապացուցող սեփական հասարակությանը, թե իր վարած կուրսին այլընտրանք չկա, իսկ ցանկացած զիջում ներկայացվում է որպես «խաղաղության» գին։
Այսօր Փաշինյանը բառացիորեն գլխիվայր է շրջվում՝ հասարակությանը համոզելու սեփական իշխանության այլընտրանքի բացակայության մեջ՝ Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության օրակարգի» շրջանակում։ Ցանկացած ընդդիմություն պիտակավորվում է որպես «ռևանշիստական», ցանկացած քննադատություն՝ որպես խաղաղությանը սպառնացող վտանգ, իսկ ցանկացած զիջում՝ որպես միակ հնարավոր ուղի։ Այս համատեքստում գերիների վերադարձը դառնում է ոչ թե արդարության վերականգնում, այլ քաղաքական լեգիտիմացման գործիք, ներդրված նախընտրական նարատիվի մեջ։
Հենց այս շրջանակում էլ պետք է կարդալ և ընկալել տեղի ունեցողը․ և հենց այս շրջանակում է առավել ակնառու դառնում հակադրությունը այն պատկերների միջև, որոնք իշխանությունն այսօր առաջ է մղում, և այն պատկերների, որոնք նա նախընտրում է դուրս մղել հանրային հիշողությունից։
Ռոբերտ Աբաջյանի, Տարոն Անդրեասյանի և գերիների վերադարձի միջև. ինչպես է իշխանությունը սնուցում պարտվողականությունը
Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ լինում են պահեր, որոնք դառնում են բարոյական ջրբաժան։ Հայաստանի համար այդպիսի պահ դարձավ ոչ միայն պատերազմը, այլ նաև այն, ինչպես է իշխանությունը խոսում պատերազմի, պարտության և արժանապատվության մասին։ Այսօր հենց իշխանության լեզուն է ձևավորում ոչ միայն հանրային տրամադրությունները, այլև մտածողության թույլատրելի սահմանները։ Եվ այդ սահմաններն ավելի ու ավելի հաճախ գծագրվում են կապիտուլյացիայի տրամաբանությամբ։
Ռոբերտ Աբաջյանի կերպարը պարզապես 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի մի դրվագ չէ։ Դա հայ զինվորի արիական ոգու խտացումն է։ Երիտասարդ զինվորը, հայտնվելով շրջափակման մեջ, ընտրություն կատարեց ոչ թե կյանքի և մահվան, այլ արժանապատվության և նվաստացման միջև։ Նա չհանձնվեց։ Նա չդարձավ օտարի կամքի և տեսախցիկների օբյեկտ։ Նա պայթեցրեց նռնակը՝ իր հետ տանելով հակառակորդներին։ Այդ քայլը մահվան պաշտամունք չէ, այլ ազատության հաստատման ծայրահեղ ձև․ դու կարող ես հաղթել ինձ ֆիզիկապես, բայց չես կարող կոտրել բարոյապես։

2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, նպատակաուղղված կերպով ներշնչվող ապատիայի ու վախի ֆոնին, երբ հայ ժողովրդին ընտելացնում էին անխուսափելի նվաստացման մտքի հետ, 2022 թվականի սեպտեմբերին հայ հասարակությունը տեսավ կադրեր, որոնք անհնար էր տեղավորել պարտվողական ընդհանուր պատկերի մեջ․ միայնակ հայ զինվոր, որը արհամարհանքով մերժում էր ադրբեջանցի սպայի հանձնվելու առաջարկը և ընդունում էր մարտը մինչև վերջին վայրկյանը։ Նրա անունը Տարոն Անդրեասյան էր։
Տարոնը, ինչպես և Ռոբերտ Աբաջյանը, ընտրություն արեց ոչ թե կյանքի ու մահվան, այլ արժանապատվության ու գերության միջև։ Տեսախցիկների առջև, հակառակորդի զինված խմբի դիմաց, «անվտանգության» խոստումների պայմաններում նա հստակ ասաց այն, ինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն այսօր վախենում է բարձրաձայն արտաբերել․ մենք չենք վախենում։ Նրա քայլը դարձավ պարտադրող կապիտուլյացիայի տրամաբանության կենդանի հերքումը և ապացույցը, որ հայ զինվորը չի վերացել․ նրան պարզապես փորձում են դուրս մղել հանրային գիտակցությունից։

Հայ զինվորների սխրանքը հակասում է այն արժեքային համակարգին, որը Նիկոլ Փաշինյանի թիմը քայլ առ քայլ ներմուծում է հասարակական գիտակցության մեջ։ Այդ համակարգում հերոսությունը փոխարինվում է ամեն գնով գոյատևմամբ, դիմադրությունը՝ «անիմաստ զոհաբերությամբ», իսկ արժանապատվությունը՝ «հնացած ռոմանտիկայով»։
Այս ֆոնին գերությունից վերադարձածների ցուցադրական ընդունելությունները այլևս չեն ընկալվում որպես մարդասիրական ակտ, այլ որպես մանրակրկիտ բեմադրված PR-ակցիաներ։ Տեսախցիկներ, պաշտոնյաներ, գրկախառնություններ, ճիշտ բառեր։ Գերությունան միջով անցած մարդը օգտագործվում է որպես «խաղաղության օրակարգի» իլյուստրացիա, որպես «ճիշտ գծի» ապացույց․ հանձնվիր՝ և քեզ կվերադարձնեն։ Եվ այս ամենը՝ հանուն սեփական իշխանության պահպանման։ Պետությունն իրականում տարածում է վտանգավոր ուղերձ․ գերությունը ողբերգություն չէ, այլ ընդունելի սցենար։
Խոսքը գերիների մասին չէ․ նրանք զոհեր են, և նրանց նկատմամբ կարեկցանքը անվերապահ է։ Խոսքը այն մասին է, թե ինչպես է իշխանությունը (և անձամբ Նիկոլ Փաշինյանը) անձնական ողբերգությունը վերածում քաղաքական տեխնոլոգիայի։ Երբ գերությունից վերադարձը դառնում է իշխանական վարկանիշը բարձրացնելուն ուղղված քարոզչություն, այլ ոչ թե առիթ՝ համակարգային խոսակցության պատերազմի պատճառների, գերեվարման հանգամանքների, պատասխանատվության և բանակի ապագայի շուրջ, սա այլևս մարդասիրություն չէ, այլ հանցավոր մանիպուլյացիա։
Այսպես է ձևավորվում պարտվողական գիտակցությունը․ հերոսը նա է, ով «փրկվել է», այլ ոչ թե նա, ով դիմադրել է։
Այս տրամաբանության մեջ Տարոն Անդրեասյանն ու Ռոբերտ Աբաջյանը վտանգավոր խորհրդանիշ են։ Նրանք քանդում է այն նարատիվը, թե «այլ կերպ հնարավոր չէր», թե «դիմադրությունն անիմաստ է», թե «գլխավորը ուժեղին չնյարդայնացնելն է»։ Հերոսների սխրանքը լուռ մեղադրանք է նրանց հասցեին, ովքեր այսօր երկրին սովորեցնում են հարմարվողականություն՝ ռացիոնալության անվան տակ։
Պետությունը, որը քաղաքացուն դաստիարակում է կապիտուլյացիայի ոգով, դատապարտված է վերարտադրելու պարտությունը։ Որովհետև պարտությունը պատերազմում սկսվում է ոչ թե առաջնագծում, այլ՝ գիտակցության մեջ։ Եվ եթե այդ գիտակցության մեջ այլևս տեղ չկա Ռոբերտ Աբաջյանի համար, իսկ կա միայն մամուլի հաղորդագրության, տեսախցիկի և «ճիշտ ուղերձի» համար, ապա պարտությունն արդեն ինստիտուցիոնալացվել է։
Այս երկու պատկերների միջև ընտրությունը ճաշակի, գաղափարախոսության կամ քաղաքական համակրանքների հարց չէ։ Դա գոյաբանական ընտրություն է․ մնալ Հայաստան՝ որպես պատմության գործող սուբյեկտ, թե վերջնականապես վերածվել տարածքի, որի մասին որոշումներ ընդունում են ուրիշները։ Այս կետում «եվրոպական ուղու», «ժողովրդավարական ինստիտուտների» և «ինքնիշխանության» մասին բոլոր խոսակցությունները բացահայտում են իրենց իրական արժեքը։ Առանց դիմադրության ներքին պատրաստակամության դրանք ոչինչ չարժեն։
Ռոբերտ Աբաջյանի և Տարոն Անդրեասյանի քայլը ոչ առասպել է, ոչ էլ հարմար հուշարձան։ Դա կոշտ բարոյական ուղենիշ է, որը հնարավոր չէ տեղավորել քաղաքական կոնյունկտուրայի մեջ։ Այն հիշեցնում է․ ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը հրաժարվում է լինել մանրադրամ։ Այնտեղ, որտեղ զիջումներին սահման կա, և այդ սահմանը չի ենթարկվում բանակցության։
Հենց այսպիսի ընտրություն՝ հիշողության և ամնեզիայի, արժանապատվության և հարմարվողականության, պատասխանատվության և նրանից փախուստի միջև, կանգնելու է հայ հասարակության առաջ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Սրանք չեն լինելու ընտրություններ անհատների կամ լոզունգների մասին։ Սրանք լինելու են ընտրություններ այն մասին, ճանաչո՞ւմ ենք արդյոք մեզ մեր սեփական պատմության տեր լինելու իրավունքը։
Հանրային Տրիբունալը դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին․ մի՛ խաբվեք գեղեցիկ ձևակերպումներին և պարտադրված վախերին։ Կապիտուլյացիայի գնով խաղաղությունը չի լինում ամուր։ Կամավոր հանձնված ինքնիշխանությունը չի վերադարձվում։ Պատմությունը չի ներում հարմարավետ որոշումները։
Կատարե՛ք այն ընտրությունը, որի համար վաղը ստիպված չեք լինի արդարանալ ապագա սերունդների առջև։

