Փաստագրություն ՝ առանց փաստերի. ադրբեջանական ֆարս Ռուբեն Վարդանյանի շուրջ

Վերջին տարիներին ադրբեջանական պետական քարոզչությունն ավելի ակտիվորեն է օգտագործում վառ, հուզականորեն երանգավորված սյուժեներ՝ առանձին հայերի և կազմակերպությունների վարկաբեկման նպատակով։ Այս առումով հատկանշական է Բաքվի բանտում գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանին նվիրված ֆիլմը։
Հանրային տրիբունալը մտադիր չէ ադրբեջանական քարոզչական նարատիվների տարածման ալիք դառնալ և այդ պատճառով գիտակցաբար հրաժարվում է տվյալ ֆիլմի հղումը տեղադրել իր ռեսուրսներում։ Միևնույն ժամանակ, անհնար է անտեսել նման նյութերը. այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարում սկզբունքային և բովանդակային գնահատական տալ ադրբեջանական քարոզչամեքենայի արտադրանքին։
Առաջին հայացքից նյութը ստեղծում է վավերագրական տպավորություն. թվարկվում են գործարարի կենսագրությունից փաստեր, հիշատակվում են նրա կապերը խոշոր ընկերությունների հետ և մասնակցությունը բարեգործական նախագծերին: Սակայն ուշադիր վերլուծության դեպքում ակնհայտ է դառնում, որ սա ոչ թե օբյեկտիվ վերլուծություն է, այլ մանրակրկիտ կառուցված քարոզչություն։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցների պատրաստած ֆիլմն ուղղված է հայ գործարար, բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի վարկաբեկմանը։ Նրան մեղադրում են Կրեմլի հետ համագործակցության, ռուսական ռազմական կառույցներին աջակցելու, Արցախում զինված խմբավորումներին ֆինանսավորելու և քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ։ Ընդ որում, այդ պնդումների մեծ մասը մանիպուլյացիա է և ապատեղեկատվություն։
Կեղծ մեղադրանքներ Արցախում Վարդանյանի գործունեության մասին
Ֆիլմը պնդում է, թե Վարդանյանն իբր Արցախ է եկել որպես «Պուտինի տրոյական ձի», ֆինանսավորել է զինված կազմավորումները և մասնակցել անջատողականության կազմակերպմանը:

Այս մեղադրանքների քննադատական վերլուծությունը ցույց է տալիս.
- Չկան ստուգելի ապացույցներ, որ Վարդանյանը ֆինանսավորել է որևէ զինված կառույց։ Նրա «Մենք ենք, մեր սարերը» հիմնադրամը զբաղվում է բացառապես հումանիտար և կրթական գործունեությամբ։
- Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Ռուբեն Վարդանյանը որևէ մասնակցություն չի ունեցել, հետևաբար չէր կարող ներգրավված լինել «անջատողականության կազմակերպման» մեջ։
- Ֆիլմում հիշատակվող վկայությունները չեն հաստատվում անկախ աղբյուրների կողմից։ Բազմաթիվ հայտարարություններ անանուն են կամ քաղաքական դրդապատճառներ ունեն։
- Վարդանյանի ներկայությունն Արցախում ունեցել է հումանիտար նպատակներ, այլ ոչ թե՝ ռազմական կամ քաղաքական։
Եզրակացություն. «ռազմական գործունեության» մասին մեղադրանքները տիպիկ քարոզչական զրպարտություն են։
Ֆիլմի հակառուսական ուղղվածությունը և արևմտյան կառույցները
Հատուկ ուշադրության է արժանի ֆիլմի ակնհայտ հակառուսական ուղղվածությունը.
- Մեղադրանքների գրեթե ողջ շեշտադրումը կառուցված է այն թեզի վրա, թե Վարդանյանը «Պուտինի գործակալ» է և ներգրավված է «ռուսական ռազմական սխեմաների» մեջ։
- Նման մոտեցումը շեղում է ուշադրությունը իրական փաստերից, ստեղծում Ռուսաստանի վերաբերյալ արհեստական սպառնալիքի պատկեր և Վարդանյանին ներկայացնում՝ որպես Կրեմլի ենթադրյալ ագրեսիվ քաղաքականության գործիք։
- Ֆիլմի կառուցվածքի վերլուծությունը, դրա մոնտաժը և տեղեկատվական ներարկումները հիմք է տալիս պնդելու, որ նախագիծը ստեղծողների հետևում կանգնած են արևմտյան մեդիա և PR կառույցներ, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում հակառուսական հռետորաբանության ուժեղացմամբ։
Այսպիսով՝ ֆիլմի հակառուսական ուղղվածությունն անուղղակի, սակայն համոզիչ ապացույց է այն բանի, որ արևմտյան, հատկապես բրիտանական կառույցները ներգրավված են ֆիլմի ստեղծման գործընթացում՝ օգտագործելով Ադրբեջանը որպես տեղեկատվական պատերազմի գործիք։

Հայ «մեկնաբաններն» ու մասնակցության ստորությունը
Հատուկ ուշադրության է արժանի որոշ հայ գործիչների մասնակցությունը, որոնք Ռուբեն Վարդանյանի մասին բացասական մեկնաբանություններ են արել ադրբեջանական ֆիլմի համար։ Նրանց թվում են Տիգրան Խզմալյանը, Սամվել Բաբայանը և այլք, ովքեր ներկայացրել են մեկնաբանություններ և մեղադրանքներ՝ ակնհայտորեն համաձայնեցված օտար քարոզչության տրամաբանության հետ։ Նրանց մեկնաբանությունները փաստերով հաստատված չեն և չեն արտացոլում Վարդանյանի իրական գործունեությունը։ Նրանց մասնակցությունը նման է ազգային դավաճանության: Հայկական ազգանուններով այդ մարդկանց գործողությունները սնում են այլոց տեղեկատվական պատերազմը՝ օգտագործելով հայերի ներքին տարաձայնություններն Ադրբեջանի և նրա արևմտյան համակարգողների քարոզչական նպատակներին հասնելու համար։


Այսպիսով՝ Խզմալյանը, Բաբայանը և մյուսները ցույց տվեցին իրենց ստորությունը՝ դառնալով ապատեղեկատվության գործիք, նեղ անձնական կամ քաղաքական շահերը վեր դասելով ճշմարտությունից ու ազգային համերաշխությունից։
Հանրային տրիբունալի եզրակացությունը
Հիշեցնենք ընթերցողներին, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Արցախը լքելու փորձի ժամանակ Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից և տեղափոխվել Բաքու։ Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են դատական ֆարս՝ նրա գործն առանձնացնելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների և հայ գերիների գործերից։ Միջազգային դիտորդները և Ռուբեն Վարդանյանի փաստաբանն արձանագրում են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ պաշտպանության իրավունքի սահմանափակում և քաղաքական ճնշում։
Այս համատեքստում քարոզչական ֆիլմը կատարում է արտաքին լեգիտիմացնող նարատիվի գործառույթ, որը կոչված է լրացնելու ադրբեջանական կողմի գործողությունների իրավական հիմքերի պակասը: Դրա խնդիրը ոչ թե փաստեր հաստատելն է, այլ դրանց մեդիա իմիտացիան ստեղծելը՝ իրավական փաստարկները փոխարինելով մոնտաժով, հույզերով և նախապես սահմանված մեկնաբանություններով։
Հատկանշական է, որ ուշադիր վերլուծության դեպքում ֆիլմը փաստացիորեն վերածվում է պետության ինքնաարդարացման, որը խոցելի վիճակում է հայտնվել Բաքվում ընթացող դատավարության ակնհայտ քաղաքական կողմնակալության պատճառով: Ադրբեջանն այստեղ հանդես է գալիս ոչ թե որպես իր իրավացիության մեջ վստահ կողմ, այլ որպես դե-ֆակտո մեղադրյալ, որը ստիպված է իր գործողությունները բացատրել ոչ թե իրավական դաշտում, այլ՝ մեդիատիրույթում։
Դատարանի այս փոխարինումն էկրանով ոչ միայն անհամոզիչ է, այլև մեթոդաբանորեն սնանկ. որքան համառորեն են հեղինակները ձգտում ապացուցել «օրինականությունը», այնքան ակնհայտ է դառնում դրա բացակայությունը։ Արդյունքում ֆիլմը գործում է ոչ թե որպես փաստաթուղթ, այլ որպես ախտանիշ՝ վկայություն այն բանի, որ իրավական փաստարկումը տեղի է տվել քարոզչական ռացիոնալացմանը, որը կոչված է քողարկելու տեղի ունեցողի քաղաքական և այլատյաց բնույթը։
Որքան էլ Ադրբեջանը փորձի արդարացնել իր գործողությունները քարոզչության և դատական ֆարսի միջոցով, Բաքվի գործընթացն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր հայ գերիների նկատմամբ չի դադարի ֆարս լինելուց։
Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ Բաքվի բանտում, բայց դա չի նվազեցնում նրա վաստակն ու նշանակությունը հայ ժողովրդի համար։ Նա մնում է Հայաստանի արժանավոր զավակը՝ անձնական օրինակն այն բանի, թե ինչպես մարդը կարող է զոհաբերել իր ողջ ձեռքբերումները հանուն Հայրենիքի և ժողովրդի։ Նրա տոկունությունը ցույց է տալիս, որ ոչ մի քարոզչություն և ոչ մի դատական ֆարս չեն փոխի ճշմարտությունը. Վարդանյանը նվիրումի, արիության և անձնական պատասխանատվության խորհրդանիշ է, օրինակն այն բանի, թե ինչպես ժողովրդի հանդեպ սերը ցանկացած անձնական ձեռքբերումից վեր է դասվում։

