Ինչպես սկսվեց Հայաստանի աղետը. անկախության ռոմանտիկայից մինչև համակարգային խոցելիություն․ Մաս 3. Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանը (1998–2008)
Բեմականացված տրանզիտ. Ինչպես Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ և ինչու էր դա անհրաժեշտ

1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը գալը1996-1998 թթ. ծավալված բազմաքայլ քաղաքական կոմբինացիայի հետևանք էր: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, որն առաջին հայացքից կապված էր ղարաբաղյան կարգավորման շուրջ տարաձայնությունների հետ, շրջադարձային պահ նշանավորեց. Արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո հասարակությունը պատրաստ չէր կապիտուլյացիայի։
Քոչարյանի սրընթաց վերելքը. Կարիերա, որը չի տեղավորվում պատահականութան տրամաբանության մեջ
ժամանակաշրջանի առանցքային հանգամանքը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կարիերայի սրընթաց և շատ առումներով ոչ տիպիկ հետագիծն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահության կարճ ժամանակահատվածից հետո (1994 թվականի դեկտեմբերին Գերագույն խորհրդի կողմից ընտրվեց ԼՂՀ նախագահ, հետագայում հաստատեց իր մանդատը 1996 թվականի նոյեմբերի 24-ին կայացած համաժողովրդական նախագահական ընտրություններում՝ տանելով հաղթանակ), Քոչարյանը հրավիրվեց Երևան՝ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն։
Համաժողովրդական վերընտրությունից ընդամենը մի քանի ամիս անց՝ 1997 թ. մարտի 20-ին, նա նշանակվեց ՀՀ վարչապետ։ Այս որոշումն աննախադեպ էր թվում և, հետևաբար, առաջացնում նախապես մշակված սցենարի զգացողություն․ չճանաչված հանրապետության ղեկավարը չափազանց սեղմ ժամկետներում դարձավ միջազգայնորեն ճանաչված պետության երկրորդ դեմքը, ինչը դժվարությամբ էր տեղավորվում կադրային ինքնաբուխ որոշումների տրամաբանության մեջ։
Օրինաչափ հարց է ծագում. ինչո՞ւ էր անհրաժեշտ կազմակերպել մասշտաբային համաժողովրդական ընտրական գործընթաց Արցախում, եթե ընդամենն ամիսներ անց ընտրված նախագահը պետք է լքեր այդ պաշտոնն ու տեղափոխվեր Երևան։
Հրաժարականը՝ որպես ներկայացում. Տեր-Պետրոսյանի կառավարվող հեռացման վարկածը
Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ավելի շատ նման էր ոչ թե քաղաքական պարտության կամ սկզբունքային տարաձայնությունների արդյունքի, այլ՝ կանխամտածված բեմադրության, որի նպատակն էր ազատել դաշտը նախապես պատրաստված սցենարի իրականացման համար։ Սցենարի առանցքը «Գոբլի պլան» կոչվող տարածքային փոխանակման գաղափարն էր, որի իրագործումը նպատակային կերպով դրվում էր Ռոբերտ Քոչարյանի վրա:
Այս կառուցվածքում Քոչարյանը հանդես էր գալիս ոչ թե որպես ինքնուրույն քաղաքական դերակատար, այլ՝ ուրիշի որոշման հարմար կրող, ներառված լինելով ուժային կոնսենսուսի մեջ և գործելով Վազգեն Սարգսյանի գերիշխող ճնշման ներքո, ով վերահսկում էր իշխանութան առանցքային լծակները: Այս իմաստով Տեր-Պետրոսյանի հեռանալը ոչ թե պարտություն կամ քաղաքական պատասխանատվության դրսևորում էր, այլ՝ կառավարվող տրանզիտի տեխնիկական տարր. անձի փոխարինման գործողություն՝ ռազմաքաղաքական բլոկի ռազմավարական գծի պահպանմամբ, և հասարակությանն ամենացավոտ զիջումների նախապատրաստելու նպատակով։

Իրադարձությունների հետագա զարգացումը միայն ուժեղացրեց իշխանության կառավարվող տարանցման զգացումը։ 1996 թվականին Հայաստանի նախագահ վերընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնը թողեց 1998 թվականի փետրվարի 3-ին՝ նախագահական երկրորդ ժամկետից երկու տարի էլ չանցած։ Ֆորմալ պատրվակը ղարաբաղյան կարգավորման շուրջ անհամաձայնություններն էին, սակայն քաղաքական քայլերի տրամաբանությունը և համաժամանակյա բնույթը կասկածներ առաջացրեցին գործընթացի ինքնաբուխ լինելու վերաբերյալ։
Այս առնչությամբ առաջ է գալիս իրադարձությունների ավելի լայն մեկնաբանություն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի իրականացումը, որը ենթադրում էր տարածքային զիջումներ Հայաստանի կողմից, օբյեկտիվորեն բախվեց ներքին ամենասուր դիմադրության։ Նման պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրը հեշտացնելու և միաժամանակ նրա անձնական քաղաքական անվտանգությունն ապահովելու համար կարող էր ընտրվել այլ կոնֆիգուրացիա՝ փորձելով այս ուղեգիծն իրականացնել ոչ թե ուղղակիորեն, այլ ուժային բլոկում և արցախյան առաջին պատերազմի վետերանների շրջանում անվիճելի հեղինակություն ունեցող անձի միջոցով։
Այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի պաշտպանության առաջնորդներից մեկը, ով ասոցացվում էր հաղթանակի և ռազմական կայունության հետ, նման որոշման ամենահարմար իրականացնողն էր թվում: Նման սխեման թույլ է տվել մեղմել ցավոտ փոխզիջումների հանրային դիմադրությունը, վերաբաշխել քաղաքական պատասխանատվությունը և ժամանակավորապես կայունացնել իշխանության համակարգը՝ բանակի և պատերազմի վետերանների վստահության հաշվին։

Տարածքային փոխանակումը՝ որպես թաքնված օրակարգ. Անկարայից և Վաշինգտոնից մինչև Քոչարյան-Ալիև դեմ առ դեմ բանակցություններ
Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացը նկատելիորեն ակտիվացավ։ 2025 թվականի սկզբին հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերից հետևում էր, որ 1990-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը դեմ առ դեմ բանակցություններ են վարել՝ առանց միջնորդների։ Այս նյութերի համաձայն՝ քննարկվել է տարածքային փոխանակման սկզբունքի վրա հիմնված կարգավորման տարբերակը. Մեղրիի միջանցքի հանձնում Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի միջազգային իրավական ճանաչման դիմաց։
Այս մոտեցումը ենթադրում էր տարածաշրջանի հետպատերազմյան կոնֆիգուրացիայի արմատական վերանայում. Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, պետք է միջազգային իրավական ճանաչում ստանար Հայաստանի կազմում, Ադրբեջանը՝ ցամաքային կապ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով։ Հայկական համատեքստում այս տարբերակն ամենից առաջ ասոցացվում էր Մեղրիի հատվածի հետ, ինչը բանակցություններին չափազանց զգայուն և պայթունավտանգ բնույթ էր հաղորդում։
Թեև գաղափարը կապվում է Փոլ Գոբլի անվան հետ, նա որևէ բարձր պաշտոն չէր զբաղեցնում, և նրա առաջարկները պաշտոնական կարգավիճակ չունեին։ Հետագայում գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ նման սցենարի քննարկումները սկսվել են դեռևս 1990-ականների սկզբին՝ շատ ավելի բարձր մակարդակով և առանց հանրայնացման: Ավելին, նախաձեռնությունը բխել է ոչ այնքան Վաշինգտոնից, որքան՝ Անկարայից:
Արդեն 1992 թվականին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը՝ Հայաստանի անկախության հռչակումից ընդամենը մեկ տարի անց, այս ծրագիրը ներկայացրել է ԱՄՆ նախագահի ուշադրությանը՝ փաստացի առաջարկելով տարածքային փոխանակումը որպես վերջնական կարգավորման հասնելու միջոց։ Ջորջ Բուշ ավագի ԱՄՆ վարչակազմն ակնհայտ խանդավառություն չի ցուցաբերել նման մոտեցման նկատմամբ, բայց գաղափարն ինքնին օրակարգից չի հանվել։

Բիլ Քլինթոնի նախագահության օրոք թուրքական դիվանագիտությունը կրկին վերադարձավ դրան: Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ 1997 թվականին Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթի հետ անմիջական զրույցի ժամանակ կրկին բարձրացրել է «սահմանների փոփոխությունների» հարցը՝ որպես ղարաբաղյան հակամարտության լուծման միջոց։
Այս շփման ընթացքում թուրքական կողմը հստակ ձևակերպել է գործարքի տրամաբանությունը. Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից, իսկ Հայաստանն իր հերթին տարածքային զիջումների է գնում, որոնք ապահովում են Ադրբեջանին ռազմավարական կապվածությունը։ Ընդ որում, Անկարան պնդում էր, որ նման տարբերակը քննարկել է ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվայի հետ, և հետաքրքրվել է Վաշինգտոնի դիրքորոշմամբ:
Ամերիկյան կողմի արձագանքը չափազանց զգուշավոր էր։ Սթրոբ Թալբոթը նշել էր, որ սահմանների վերանայումը կարող է շեղել կողմերին Մինսկի խմբի շրջանակներից և ստեղծել ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ՝ նման քայլը համեմատելով «Պանդորայի արկղի» բացման հետ։ Միաժամանակ նա սկզբունքային վերապահում է արել. եթե հայկական և ադրբեջանական կողմերը կարողանան նման լուծման շուրջ պայմանավորվել բացառապես բանակցությունների միջոցով և առանց ուժի կիրառման, ԱՄՆ-ը և Մինսկի խմբի համանախագահները չեն խոչընդոտի դրան։
Հենց այս համատեքստում է, որ հասկանալի են դառնում 1990-ականների վերջի բանակցությունների փակ բնույթը, Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև անմիջական շփումների ձևաչափը, ինչպես նաև հարցի ծայրահեղ զգայունությունը հայկական քաղաքական վերնախավի ներսում։ Խոսքն առանձին զիջումների մասին չէր, այլ պետականության և տարածաշրջանային հավասարակշռության հիմքերը շոշափող սցենարի:
Մեղրի, Պետդեպարտամենտ, «Ազատություն» ռադիոկայան. ինչպես ստեղծվեց Քոչարյանի՝ «զիջումների նախաձեռնողի» կերպարը
Գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերում կարելի է նկատել նաև ոչ անմիջապես տեսանելի, սակայն ոչ պակաս ակնառու ենթատեքստ։ Բանակցային գործընթացի արձանագրման հետ մեկտեղ նկատելի է իրադարձությունների որոշակի քաղաքական մեկնաբանություն ձևավորելու փորձ՝ փոխել պատասխանատվության շեշտադրումը և Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնել տարածքային զիջումների գաղափարից իբրև հեռու կանգնած քաղաքական գործիչ, միաժամանակ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնելով որպես Մեղրիի միջանցքի շուրջ քննարկումների գլխավոր նախաձեռնող:
Այս առումով հարկ է ընդգծել, թե ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթեն ինչ մեկնաբանական շրջանակում են ներկայացվել հանրությանը։ Դրանց հրապարակումն «Ազատություն» ռադիոկայանի հարթակում ուղեկցվում էր կայուն իմաստային շեշտադրմամբ, ըստ որի՝ հենց Ռոբերտ Քոչարյանն էր տարածքային փոխանակման գաղափարի՝ Մեղրին Լաչինի միջանցքի դիմաց, հիմնական նախաձեռնողը։ Ընդ որում, մոռացության էր մատնվում բուն հայեցակարգի ծագման և արտաքին դերակատարների կողմից դրա երկարամյա առաջմղման ավելի լայն համատեքստը։ Ընդհանուր առմամբ սա ստեղծում է ոչ թե չեզոք արխիվային բացահայտման, այլ մանրակրկիտ կառուցված նարատիվի զգացողություն: Հաշվի առնելով, որ «Ազատություն» ռադիոկայանն անմիջականորեն ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, իսկ ռեսուրսի խմբագրական քաղաքականությունը ձևավորվում է դրա ռազմավարական առաջնահերթությունների շրջանակներում, գաղտնազերծման փաստն ու ձևը տեղեկատվական-քաղաքական գործողության բնույթ են ստանում։ Նման մոտեցման նպատակը բավականին հստակ երևում է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հանրային գիտակցության մեջ ձևավորել Ռոբերտ Քոչարյանի ՝ որպես ցավոտ զիջումների ճարտարապետի կերպարը և դրանով իսկ ամրագրել նրա քաղաքական ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքը։
Իշխանափոխությունից և Ռոբերտ Քոչարյանը նախագահ ընտրվելուց հետո Հայաստանում իրավիճակը իսկապես փոխվեց։ Նույն գաղտնազերծված նյութերի համաձայն՝ տարածքային փոխանակման գաղափարն իրական բանակցային օրակարգ մտավ արդեն Ռոբերտ Քոչարյան և Հեյդար Ալիև միջև անմիջական շփումների պայմաններում։ Մինչ այս պահը միջազգային միջնորդների կողմից առաջարկվող տարբեր ձևաչափերը՝ փուլային, փաթեթային և «ընդհանուր պետության» մոդելը, հետևողականորեն մերժվում էին այս կամ այն կողմի կողմից։ Երբ բազմակողմ բանակցությունները վերջապես փակուղի մտան, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն անցան դեմ առ դեմ ձևաչափի՝ ձգտելով ինքնուրույն ելք գտնել ռազմավարական փակուղուց։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մի քանի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, որոնք հետագայում հայտնվեցին ԶԼՄ-ների տրամադրության տակ, հենց այդ անմիջական շփումների արդյունքներն էլ շրջադարձային պահ դարձան։ Ամերիկացի դիվանագետներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները նշում էին, որ 1999 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնություն է տվել Հեյդար Ալիևի առաջարկած տարածքային փոխանակման բանաձևին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ առանցքային պայմանավորվածությունը ձեռք է բերվել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում հանդիպման ժամանակ։
Այս հանդիպումն արդեն հինգերորդն էր Քոչարյանի և Ալիևի համար 1999թ. ընթացքում և այն քչերից մեկը, որից հետո երկու առաջնորդները հրապարակավ խոսեցին փոխզիջումների պատրաստակամության մասին։ Կողմերի հռետորաբանությունն ընդգծված հաշտարար էր. նախագահները խոսում էին ոչ թե կոշտ դիրքորոշումների, այլ հնարավոր փոխզիջման սահմանների և ընդառաջող քայլերի մասին, որոնց կողմերից յուրաքանչյուրը կարող էր գնալ:
«Ռոբերտ Սեդրակովիչի հետ քննարկում ենք, թե ինչ փոխադարձ զիջումների կարող ենք գնալ», - Հեյդար Ալիևի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը։
«Մենք քննարկեցինք հենց զիջումների աստիճանը, այսինքն՝ փոխադարձ քայլերը», - համաձայն «Ազատություն» ռադիոկայանի՝ հաստատել է Ռոբերտ Քոչարյանը:

Հատկանշական է նաև այն տրամադրությունը, որով ավարտվեցին բանակցությունները։ Ժամանակակիցները նշում էին առաջնորդների ցուցադրական լավատեսությունը՝ ընդհուպ վերջնական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ապագա տոնակատարությունների մասին կիսակատակ խոսակցությունները՝ չնայած այն հանգամանքին, որ պայմանավորվածության հստակ պարամետրերը չեն հրապարակվել։
Մանրամասները հայտնի են դարձել այդ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված դիվանագիտական հեռագրից, որոնք պատրաստվել էին Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների կողմից։ Դրանում ընդգծում էր, որ խաղաղության հեռանկարը շատ ավելի տեսանելի է, քան երբեւէ 1988 թվականին հակամարտության մեկնարկից ի վեր՝ շնորհիվ նախագահներ Քոչարյանի ու Ալիևի անձնական ջանքերի։ Առանձին նշվում է, որ դեռևս 1999 թվականի ապրիլին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Ալիևն առաջարկել է տարածքային փոխանակման տարբերակը, որին Քոչարյանը սկզբունքորեն համաձայնություն է տվել, ինչից հետո բանակցությունները մտել են ակտիվ փուլ։
Վաշինգտոնի արձագանքը չի ուշացել: Սադարակում հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը կողմերին ուղերձ է հղել՝ ողջունելով ուղիղ երկխոսության միջոցով ձեռքբերված նշանակալի առաջընթացը, միաժամանակ ընդունելով, որ խոսքը վերաբերում է դժվար և ցավոտ զիջումներին։ Ընդ որում, այդ պահից օգտվելու պատրաստակամության փաստը գնահատվել է՝ որպես քաղաքականապես համարձակ և հեռատես քայլ։
«Հասկանում եմ, որ այդ բանակցությունները նախատեսում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պետք է գնան երկու կողմերը, բայց ես, միաժամանակ, կարծում եմ, որ ձեր որոշումը՝ օգտվել այդ բացառիկ հնարավորությունից, իմաստուն է ու քաջ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Մտադրությունների լրջության լրացուցիչ վկայություն էր Սպիտակ տան կողմից 1999 թվականին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթին տարածաշրջան գործուղելու որոշումը։ Նրա երթուղին՝ Բաքու, Երևան, Անկարա, արտացոլում էր տարածաշրջանային հիմնական խաղացողների դիրքորշումները համաժամանակեցնելու ցանկությունը։ Անկարայում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ հանդիպման ժամանակ Թալբոթը նշել է, որ Բաքվում սպասումների մակարդակն այնքան բարձր է, որ համաձայնագրի ստորագրումը, ադրբեջանական կողմի տպավորությամբ, կարող է տեղի ունենալ ընդամենը մի քանի շաբաթից (1999 թվականի նոյեմբերին)՝ Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Այս առումով նույնիսկ քննարկվել է ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի ժամանակացույցերում ստորագրման արարողությանը մասնակցելու համար ժամանակ ամրագրելու հնարավորությունը։
Ի ԴԵՊ
Դիմադրության բացակայությունը՝ որպես 1998 թվականի ներքաղաքական «ճգնաժամը» հասկանալու բանալի
Գաղտնազերծված նյութերում և 1990 ականների վերջի հրապարակային վկայություններում աչքի է ընկնում ևս մեկ հանգամանք. բացակայում են ռազմաքաղաքական էլիտայի առանցքային դեմքերի կողմից Լաչինի միջանցքը Մեղրիի հետ փոխանակելու բանակցություններին ակտիվ, սկզբունքային դիմադրության նշանները։ Ո՛չ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը, ո՛չ էլ ուժային բլոկի ընդհանուր վարքագիծը հիմք չեն տալիս խոսելու տարածքային փոխանակման տրամաբանությանը կոշտ ինստիտուցիոնալ հակադրության մասին։ Հատկանշական է նաև Սերժ Սարգսյանի գործոնը, ով մինչև 1999 թվականի հունիսը գլխավորում էր ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, իսկ դրա բաժանումից հետո՝ մինչև 1999 թվականի նոյեմբերի 13-ը ղեկավարել է Ազգային անվտանգությա նախարարությունը: Այնպիսի զգայուն շրջանում դժվար է պատկերացնել, որ նման բանակցություններ կարող էին ընթանալ պետության ուժային բլոկը վերահսկող ղեկավարների կամքին հակառակ կամ նրանց ակտիվ դիմադրության պայմաններում։

Ընդհանուր դիմադրության այս լուռ բացակայությունը հակադրվում է «անհաշտ հակառակորդների» կերպարին, ինչպես նրանց ներկայացրնում էր Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականի օրը։ Հակադրությունը, իր հերթին, իրադարձությունների այլ վարկածի անուղղակի վկայություն է. հիմնական դերակատարները, այսպես կոչված, «Գոբլի պլանի» սկզբունքային, անհաշտ հակառակորդներ չէին, և 1998 թվականի դրամատիկ խզումը կարող էր մանրակրկիտ կառուցված քաղաքական մանևրի բնույթ կրել։ Այս առումով Տեր-Պետրոսյանի հրաժարականը և հետագայում Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը, կարծես, ոչ թե էլիտաների կոնֆլիկտի տարերային արդյունք էր, այլ բեմականացված տրանզիտի տարր, որը կոչված էր ճանապարհ բացելու առավել ցավոտ սցենարի՝ Մեղրիի և Արցախի հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնման, իրագործման համար։
Կրակոցներ խորհրդարանում և բանակցություններ. շրջադարձային պահ Հայաստանի պատմության մեջ
Կրկին վերադառնանք ԱՄՆ դիվանագիտական ջանքերին։ 1999 թվականի աշնանը ղարաբաղյան կարգավորման շուրջ գործարկված մեխանիզմն աշխատում էր այդ հակամարտության համար հազվադեպ ինտենսիվությամբ։ Սթրոբ Թալբոթը, ըստ էության, ապրում էր շարունակական խորհրդակցությունների ռեժիմում՝ Բաքու, Երևան, Անկարա, կրկին Բաքու։ Նրա գնահատականներում ավելի հաճախ էին հնչում հույսի զգուշավոր բանաձևեր. հնարավորությունների պատուհանը բաց է, կողմերը պատրաստ են ցավոտ, բայց պատմական լուծումների, իսկ նոյեմբերին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովը կարող էր ձեռքբերվածի ամրագրման պահ հանդիսանալ: Բանակցությունները, կարծես, դուրս էին եկել հռետորաբանության սահմաններից և մոտեցել այն եզրագծին, որտեղ դիվանագիտությանը փոխարինելու է գալիս փաստաթղթերի ստորագրումը։
Եվ հենց այս պահին բանակցությունների տրամաբանությունը բախվեց ներքին քաղաքականության տրամաբանությանը՝ կոշտ, անողոք և շատ ավելի պակաս կանխատեսելի։ Թալբոթը դեռ չէր հասցրել լքել տարածաշրջանը և ուղևորվել Երևանից Անկարա, երբ Հայաստանի խորհրդարանում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, խոսնակ Կարեն Դեմիրճյանը և Հայաստանի խորհրդարանի մի քանի այլ առանցքային դեմքեր։ Դիվանագիտական թռիչքի և ողբերգական լուրի միջև ընկած մի քանի ժամվա ընթացքում Հայաստանի քաղաքական կառուցվածքը հիմնովին փշրվեց։
Այդ կրակոցները պարզապես ներքին ահաբեկչություն չէին։ Դրանք ջնջեցին բանակցային գործընթացի հենքը՝ ոչնչացնելով հավասարակշռությունների այն փխրուն համակարգը, որի վրա հենվում էին ձեռքբերված պայմանավորվածությունները։
Հոկտեմբերի 27-ից հետո փոխվեց ոչ միայն իշխանության բաշխումը Երևանում, այլև նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ Մեղրիի շուրջ փոխզիջումների իրականացման հնարավորությունը։ Ռոբերտ Քոչարյանը շուրջ քաղաքական դաշտը կտրուկ կերպով մաքրվեց. վերացավ ձգողականության և ճնշման կենտրոնը՝ ի դեմս ամենակարող Վազգեն Սարգսյանի, և նրա հետ մեկտեղ՝ ոչ ֆորմալ սահմանափակումների համակարգը, որի ներսում նախագահը ստիպված էր գործել։ Տեղի ունեցած ողբերգությունն օրակարգից հանեց հարկադրանքի գործոնը և Քոչարյանին ընձեռեց էապես այլ կարգի ազատություն՝ վերանայելու, սառեցնելու կամ վերաիմաստավորելու այն պայմանավորվածությունները, որոնք դեռ նախօրեին անխուսափելի էին թվում։

