Ինչպես սկսվեց Հայաստանի աղետը. անկախության ռոմանտիկայից մինչև համակարգային խոցելիություն. Մաս 2 (Շարունակություն)
ԳՈԲԼԻ ՊԼԱՆ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱԿԱՐԴ՝ ԲԱՑՎԱԾ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ

ՄՈՍԿՎԱ, ՎԱՇԻՆԳՏՈՆ ԵՎ ՄԵՂՐԻ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵԿՈՒՄ, ՈՐԸ ՊԱՌԱԿՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՓՈԼ ԳՈԲԼԸ ԵՎ «ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ». ԳԱՂԱՓԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Փոլ Գոբլ՝ ամերիկացի դիվանագետ և վերլուծաբան, ով 1990-ական թթ. աշխատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կառույցներում և սերտ առնչություն է ունեցել կովկասյան ուղղության հետ: Հենց նրան է վերագրվում, այսպես կոչված, «Գոբլի պլան» ձևակերպումը, որն առաջին անգամ քննարկվեց փորձագիտական և դիվանագիտական շրջանակներում 1990-ական թթ. կեսերին։

Ծրագրի էությունը հանգում էր հետևյալ տրամաբանությանը.
- Հայաստանը վերահսկողություն է ձեռք բերում Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ,
- Ադրբեջանը Մեղրիով միջանցք է ստանում Նախիջևանի հետ անմիջական կապի համար,
- տարածաշրջանային քարտեզը «պարզեցվում է»՝ հանուն երկարաժամկետ կայունության և տարանցիկ լոգիստիկայի։
Կարևոր է ընդգծել. Գոբլն ինքը հետագայում հավաստել է, որ սա միայն վերլուծական սցենար էր, այլ ոչ թե՝ պաշտոնական նախագիծ։ Սակայն, 1990-ականների վերջի իրական դիվանագիտական պրակտիկայում այս սխեման սկսեց ընկալվել որպես աշխատանքային մոդել, որը քննարկվում էր տարբեր վարիացիաներով՝ Մինսկի խմբում բանակցություններից մինչև տարածաշրջանային խաղացողների հետ ԱՄՆ-ի փակ խորհրդակցություններ։
ՄՈՍԿՎԱ. ԿԱՍԿԱԾ, ՈՐԸ ՎԵՐԱՃՈՒՄ Է ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ
Ռուսաստանը հրապարակավ Մեղրիի շուրջ քննարկումները գրեթե չի մեկնաբանել: Սակայն, 1990-ականների վերջին ռուսական փորձագիտական և դիվանագիտական շրջանակները Հայաստանի հարավով միջանցքի գաղափարն ընկալում էին՝ որպես ռազմավարական առումով վտանգավոր։
Գնահատելով 1990-ականների վերջի միջանցքային նախագծերի տրամաբանությունը՝ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հետագայում բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի համար Մեղրիի խնդիրը, որպես այդպիսին, երբեք չի սահմանափակվել հայ-ադրբեջանական վեճով։ Խոսքը հետխորհրդային տարածքի հարավային թևի կապակցվածության պահպանման և առանց Ռուսաստանի մասնակցության տարանցիկ ճարտարապետության ձևավորումը թույլ չտալու մասին էր:
Իր վերլուծական աշխատանքներում Մարկեդոնովն ընդգծել է, որ «Գոբլի պլանի» շրջանակներում առաջարկվող տարածքային փոխանակումները խարխլում էին ստատուս քվոյի բուն սկզբունքը, որի վրա հենվում էր տարածաշրջանի հարաբերական կայունությունն ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո: Նրա գնահատմամբ՝ նման որոշումները ստեղծում էին նախադեպ, երբ աշխարհագրությունը սկսում էր ենթարկվել արտաքին լոգիստիկ շահերին, այլ ոչ թե՝ տարածաշրջանի պետությունների անվտանգությանը։
Մարկեդոնովը նաև ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հայաստանի համար դեպի Իրան լիարժեք ելքի կորուստը կնշանակեր ոչ միայն արտաքին քաղաքական մանևրի կրճատում, այլ կառուցվածքային կախվածություն տարանցիկ տերությունների կամքից: Այս առումով 1990-ականների վերջին Մոսկվայի մտավախությունները նա համրում էր ռացիոնալ և ռազմավարական առումով հիմնավորված, այլ ոչ թե՝ կայսերական իներցիայի դրսևորում:
Այն ժամանակի ռուսաստանյան վերլուծաբաններն իրենց հրապարակումներում նշում էին.
- Իրանը միջանցքը կընկալի որպես անմիջական սպառնալիք իր հյուսիսային հաղորդակցություններին և հնարավորինս կոշտ կարձագանքի։
- Ռուսաստանը կկորցնի վերահսկողությունը հարավային տարանցման նկատմամբ, որը դեռ այն ժամանակ կենսական կարևոր նշանակություն ուներ ռազմավարական պլանավորման առումով:
- ԱՄՆ-ն հնարավորություն կունենա ամբողջությամբ փակել հարավային շրջանցիկ միջանցքը՝ բացառելով թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը։

1990-ականներին ԱՊՀ երկրների ինստիտուտը, ՌԳԱ ՀՏՄՀԻ-ն և Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիան հրապարակում էին զեկույցներ, որոնք այսօր գրեթե մարգարեական հնչեղություն ունեն: Օրինակ՝ «ՀՏՄՀԻ-ի վերլուծական տեղեկագրում» (թողարկում №7, 1998 թ.) ասվում էր.
«Մեղրիի հանձնումը միջանցք է ստեղծում, որը խախտում է ռուսական ներկայությունը Կովկասում և ճանապարհ բացում Հարավային աղեղի նկատմամբ ամերիկյան վերահսկողության համար»:
1998 թ.-ին «Հետխորհրդային տարածքի հիմնախնդիրները» ամսագիրը հրապարակեց հոդված՝ այն ժամանակ չափազանցություն թվացող եզրակացությամբ.
«Մեղրիի միջանցք. Հայաստանի անվտանգության վերջի սկի՞զբը»:
Մոսկվան պարզապես չէր կասկածում, այլև նախազգուշացնում էր: 1990-ականների ռուսական զեկույցները, հուշագրերը և փորձագիտական հոդվածները ձևավորում էին միասնական եզրակացություն. Մեղրիով միջանցք նախատեսող ցանկացած ծրագիր անխուսափելիորեն կխախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ 1990-ականների վերջի ռուսական վերլուծական հրապարակումներում ընդգծվում էր, որ Լաչինի փոխանակումը Մեղրիի հետ սիմետրիկ չէ։ Հարավային Հայաստանը դիտվում էր որպես ռազմավարական հանգույց, որի կորուստը ինքնաբերաբար կթուլացնի ոչ միայն Հայաստանը, այլև՝ Ռուսաստանի դիրքերը ողջ հարավային ուղղությամբ։
Այսօր՝ 2025 թվականին, երբ Միացյալ Նահանգները և Հայաստանը գործարկում են TRIPP նախագիծը, որը գրեթե հայելային ձևով կրկնում է նույն միջանցքի տրամաբանությունը, ակնհայտ է դառնում. 1990-ականների ռուսաստանցի դիվանագետների և փորձագետների նախազգուշացումները դրամա չէին: Սա վաղ, բայց ճշգրիտ կանխատեսում էր աշխարհաքաղաքական սխեմայի, որին Հայաստանն ուղղորդվել էր քառորդ դար, որը մարգարեաբար նկարագրում էր ԱՄՆ-ի ձևավորվող ռազմավարությունը տարածաշրջանում։ Պարզապես այն ժամանակ այն անվանում էին «Գոբլի պլան», իսկ այսօր՝ ենթակառուցվածքային դաշինք։ Դրամատիկությունն ամսագրերի հոդվածների կամ կանխատեսումների մեջ չէր, այլ՝ հենց պատմության, որը շարունակ կրկնվում էր, մինչ մենք ձևացնում էինք, թե չենք նկատում:
ՎԱՇԻՆԳՏՈՆ. ՕՏԱՐ ԽԱՂ, ՈՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
1990-ականների վերջին Վաշինգտոնը Հարավային Կովկասին նայում էր ոչ թե դիվանագետի, այլ՝ նոր ռազմավարական ուրվագիծ ստեղծող ճարտարապետի աչքերով: Հայաստանը կենտրոն չէր, այլ հանգույց՝ երթուղիների հատման կետ, որտեղ որոշվում էր ապագայի լոգիստիկան: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում էր՝ ամենից առաջ էներգետիկայի և տարանցման լույսի ներքո: Դա ակնհայտ էր դառնում այդ ժամանակաշրջանի ամերիկյան think tank-ների վերլուծական աշխատանքներից և բարձրաստիճան դիվանագետների հուշագրություններից։

1990-ականների կեսերին ԱՄՆ-ի վերլուծական կենտրոններում ձևավորվում էր արտաքին քաղաքականության այն տրամաբանությունը, որը հազվադեպ էր արտացոլվում հանրային հայտարարություններում, բայց որոշիչ էր գործնական լուծումների համար։ Այս մտածողության հիմնական հանգույցներից մեկը RAND Corporation–ն էր՝ ինստիտուտ, որը կատարում էր ինտելեկտուալ միջնորդի դեր ակադեմիական վերլուծության և ռազմավարական պլանավորման միջև։ Հենց այնտեղ էին մշակվում հայեցակարգային շրջանակները, որտեղ առանձին տարածաշրջանները դիտվում էին ոչ թե որպես ինքնիշխան պետությունների ամբողջություն, այլ՝ ավելի լայն աշխարհաքաղաքական ճարտարապետության տարրեր:
Այս համատեքստում հատկանշական էր RAND Corporation–ի 1996 թվականի «Regional Balances and the Strategic Future of the Caucasus» զեկույցը: Փաստաթուղթը կառուցված էր նմանատիպ հետազոտություններին բնորոշ տեխնոկրատական ոճով, սակայն դրա բովանդակային եզրակացություններն ունեցել են հեռահար հետևանքներ։ Հեղինակները ուղղակիորեն նշում էին, որ «Կասպից ծով-Թուրքիա-Միջերկրական ծով» երթուղու հարավային ուղղության նկատմամբ երկարաժամկետ հսկողությունն անհնար է առանց Անդրկովկասով ռուսական տարանցիկ միջանցքին ենթակառուցվածքային այլընտրանք ստեղծելու: Այսպիսով՝ տրանսպորտային և էներգետիկ երթուղիների հարցը դուրս էր բերվում տնտեսական նպատակահարմարության հարթությունից և տեղավորվում ռազմավարական մրցակցության շրջանակներում, որտեղ տարածաշրջանի տարածքային և քաղաքական պարամետրերը դիտարկվում էին՝ որպես շտկման ենթակա փոփոխականներ:
Այսպես՝ Երևանի քաղաքական ճգնաժամից երեք տարի առաջ Մեղրիի ճակատագիրն արդեն քննարկվում էր աշխատասենյակներում, որտեղ հայեր չկային, բայց որոշվում էր հայկական աշխարհաքաղաքականությունը։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) զեկույցների շարքում տարածաշրջանը ներկայացվում էր՝ առաջին հերթին, որպես եվրասիական լոգիստիկ ճարտարապետության տարր, որտեղ քաղաքական սահմանները ենթակա են հարմարեցման տարանցիկ նպատակներին: Հատուկ շեշտվում էր, որ խոշոր տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումն անհնար է առանց հայ-թուրքական սահմանի բացման և Հայաստանի հարավով Կասպից ծովը Թուրքիայի հետ կապող ուղիղ երթուղու ձևավորման:
Այս տրամաբանությունից բխում էր չարտահայտված, բայց կոշտ եզրակացություն. Հայաստանը դիտարկվում էր ոչ թե որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ՝ ենթակառուցվածքների շղթայի անհրաժեշտ օղակ։ Նրա մասնակցությունը նախագծին ենթադրվում էր լռելյայն, իսկ մերժումը՝ դիտվում էր որպես գործոն, որը երկիրը մարգինալ է դարձնում ձևավորվող տարածաշրջանային ճարտարապետության համար։
Carnegie Endowment-ի վերլուծաբանները նույն ժամանակահատվածում այս դիրքորոշումն ավելի հստակ ձևակերպեցին: Նրանց հրապարակումներում նշվում էր, որ Հայաստանի ներառումը տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիայում հնարավոր է միայն տարածքային և քաղաքական լուրջ զիջումների գնով, որոնք անխուսափելիորեն կառաջացնեն ներքին սուր ճգնաժամ։ Այլ կերպ ասած՝ ինտեգրումը դիտարկվում էր որպես գործընթաց, որը նախապես ուղեկցվում է ներքին անկայունության ռիսկով, սակայն այդ գինը ընդունելի էր համարվում ավելի լայն ռազմավարական նպատակների շրջանակներում։
Հենց այս համատեքստում ձևավորվեց այն, ինչը հետագայում ստացավ «Գոբլի պլան» անվանումը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածքային փոխանակման և տարածաշրջանային տարանցիկ հանգույցի ստեղծման համար անհրաժեշտ միջանցքների ստեղծման հետ կապելու գաղափար։ Հակամարտությունը դիտարկվում էր ոչ թե որպես անվտանգության կամ ինքնորոշման խնդիր, այ՝ որպես տեխնիկական խոչընդոտ ենթակառուցվածքային նախագծի ճանապարհին:
1998 թ. գարնանն այս տրամաբանությունը դուրս եկավ փորձագիտական զեկույցների շրջանակներից և հանրային քննարկման առարկա դարձավ միջազգային առաջատար պարբերականներում։ Foreign Affairs-ի վերլուծական հոդվածներում շեշտվում էր, որ Հայաստանի հարավով միջանցքը կարող է արմատապես փոխել Եվրասիայի ռազմավարական փոխդասավորությունը՝ ապահովելով ուղիղ հաղորդակցություն Կասպյան տարածաշրջանի, Թուրքիայի և եվրոպական շուկաների միջև: Ընդ որում, ուղղակիորեն ասվում էր, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու նման երթուղին անհնար է, ինչը նշանակում է, որ կարգավորման գործընթացը պետք է կառուցվի՝ առանցքում ունենալով միջանցքների ստեղծման խնդիրը։
1990-ականների վերջին ղարաբաղյան բանակցությունները լուսաբանող լրագրող Թոմ դե Վաալը նշում էր, որ Մեղրիի գաղափարը սուր արձագանք առաջացրեց հենց այն պատճառով, որ.
«Հայերի համար դա նշանակում էր ոչ թե փոխզիջում, այլ պետության աշխարհագրության փոփոխություն» (T. de Waal, 1990-ականների վերջի արևմտյան մամուլի հրապարակումներ և ավելի ուշ՝ Black Garden)։
Այսպիսով՝ 1990-ական թթ. վերջին արևմտյան վերլուծական միջավայրում ձևավորվեց կայուն բանաձև. հակամարտությունը բանակցությունների նպատակը չէ, այլ՝ գործիք, իսկ տարածքային զիջումները ոչ թե փոխզիջում են, այլ՝ լոգիստիկ կառուցվածքն ավարտին հասցնելու տեխնոլոգիական պայման: Հենց այս բանաձևն էլ հիմք հանդիսացավ քաղաքական ճնշման, որին բախվեց Հայաստանը 1997-1998 թթ.: RAND-ի, CSIS-ի և Carnegie-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Գոբլի պլանը» «դիվանագետի գաղափար» չէր, այլ բանաձևի մաս՝ Էներգետիկա + տարանցում + վերահսկողություն = սահմանների փոփոխություն:
Այս եզրակացությունը հաստատում է փորձագետ Վիգեն Հակոբյանի վերլուծությունը EADaily-ի էջերում, որտեղ նա ուշադրությունը հրավիրում մանրուքի վրա, որը երկար ժամանակ մնացել է հանրային քննարկման եզրագծում, բայց հիմնովին փոխում է 1990-ականների վերջի ճգնաժամի վերլուծության դիտանկյունը։ Իր հրապարակման մեջ նա արձանագրում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «հիմնարար բանաձևը», որն ընդունվել էր 1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում, առաջ է մղվել ոչ թե դասական իմաստով դիվանագետների կողմից, այլ թելադրված էր ամերիկյան նավթային շահերով՝ ամենից առաջ Տեխասի հետ կապված։
Այս խոստովանությունը կարևոր է ոչ թե որպես պոստֆակտում քաղաքական բանավեճի տարր, այլ՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու հետագա ողջ տրամաբանությունը հասկանալու բանալի։ Տեր-Պետրոսյանի խոսքով, հենց 1996-1997 թվականներին՝ Ադրբեջանում ամերիկյան և բրիտանական ընկերությունների մասնակցությամբ միջազգային նավթային կոնսորցիումի ձևավորումից հետո, Բաքվի հռետորաբանությունը և արևմտյան միջնորդության տոնայնությունը կտրուկ փոխվեցին։ Լիսաբոնը բեկման պահ դարձավ. ԵԱՀԿ-ի ստանդարտ, նախկինում բազմիցս համաձայնեցված փաստաթուղթը բառացիորեն մեկ գիշերում փոխարինվեց նոր բանաձեւով, որը համաձայնեցվել էր բոլոր մասնակիցների կողմից, բացի Հայաստանից:
Այսպիսով՝ Լիսաբոնի գագաթնաժողովը արձանագրեց ոչ միայն Երևանի դիվանագիտական ձախողումը, այլև ինստիտուցիոնալ տեղաշարժ. Լեռնային Ղարաբաղը փաստացի սկսեց դուրս մնալ բանակցային ձևաչափից՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, իսկ հակամարտությունն ինքնին սկսեց դիտարկվել՝ ենթակառուցվածքային և էներգետիկ շահերի լույսի ներքո։
Այստեղ է, որ Լիսաբոնն անմիջականորեն շաղկապվում է հայտնի դարձած «Գոբլի պլան»-ի հետ:
ՍԹՐՈԲ ԹԱԼԲՈԹԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ վարչակազմում այդ ուղղության առանցքային քաղաքական համակարգողը պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթն էր։ Հենց նա էր համակարգում հետխորհրդային տարածքի քաղաքականությունը և էներգետիկ դիվանագիտությունը 1994–2001 թվականներին։ Իր հուշերում Թալբոթը բացահայտորեն գրել է.
«Կասպյան տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ երթուղիները պակաս կարևոր չէին, քան սահմանային խնդիրները: Երբեմն հենց դրանք էին որոշում քաղաքական հնարավոր որոշումների շրջանակը» (Strobe Talbott, The Russia Hand, 2002):
Մեկ այլ տեղ նա ուղղակիորեն նշել է, որ Հարավային Կովկասը պետք է դիտարկել որպես միասնական ռազմավարական տարածք, այլ ոչ թե՝ ինքնիշխան պետությունների ամբողջություն՝ ձևակերպում, որը չափազանց խոսուն է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը հասկանալու համար՝ որպես «սխեմայի տարր», այլ ոչ թե սուբյեկտ։
Հենց այս ժամանակահատվածում կտրուկ ակտիվացավ Թալբոթի դիվանագիտական ակտիվությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շուրջ, իսկ Երևանի «ճկունության» թեման ավելի ու ավելի հաճախ էր հնչում ոչ պաշտոնական բանակցություններում։

Այսպիսով՝ 1990-ականների վերջին Հայաստանը ներքաշվեց օտար խաղի մեջ՝ խաղ, որտեղ դիվանագիտությունն ընդամենը ենթակառուցվածքային ռազմավարության քող էր: Արևմուտքն ի դեմս Հայաստանի տեսնում էր ոչ թե դաշնակից, գործընկեր, անվտանգություն փնտրող պետություն, այլ աշխարհագրական տարածք, որը պետք է ներառվեր հայկական պետականության մասշտաբները գերազանցող նախագծի մեջ։
Իսկ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրեր «Գոբլի պլանը», նրան կողջունեին ոչ թե այն պատճառով, որ նա լուծեց հակամարտությունը, այլ՝ որովհետև ամբողջացնում էր լոգիստիկ փազլը։ Ահա թե ինչու Վաշինգտոնն այդքան աջակցեց մեկ գծի՝ զիջումների գծին, քանի որ միայն զիջումները բացեցին աշխարհաքաղաքական մեծ թունելի դարպասները:
ՆԵՐՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ. 1997-1998
Այստեղ էր, որ աշխարհաքաղաքական տրամաբանությունը բախվեց ներքին իրականությանը։1997-1998 թվականներին Հայաստանում «ցավոտ, բայց անհրաժեշտ զիջումների» առաջարկը վերնախավի և հասարակության կտրուկ պառակտման պատճառ դարձավ։
Այդ ժամանակաշրջանի լրագրողական դիտարկումները փաստում էին, որ հնարավոր տարածքային զիջումների գաղափարն առաջացնում էր քաղաքական ուժերի զգալի մասի, այդ թվում՝ պատերազմի վետերանների և ուժային կառույցների ներկայացուցիչների, կտրուկ հակազդեցությունը:
«Предложения, связанные с югом Армении, воспринимались не как дипломатия, а как угроза самой конструкции государства» (обзор армянской прессы конца 1990-х, Azatutyun / RFE/RL)
Խորհրդարանը, ռազմական ղեկավարությունը, փորձագիտական հանրության զգալի մասը և հասարակական կարծիքը Մեղրիի գաղափարն ընկալում էին որպես կարմիր գծի հատում: Դիմադրությունն ավելի շատ ռազմավարական էր, քան զգացմունքային. զիջումները համարվում էին ասիմետրիկ և անշրջելի:
Ճգնաժամն ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով. Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ առաջին դեպքը, երբ նախագահը հեռացավ ոչ թե արտաքին ճնշման, այլ՝ ներքին ռազմավարական կոնֆլիկտի հետևանքով։
ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՆՑՅԱԼԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԱՊԱԳԱ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ
Հայկական քաղաքական պատմությունը արդեն հանդիպել է այնպիսի իրավիճակի, երբ պետության ճակատագիրը որոշվում էր ոչ այնքան մարտի դաշտում, որքան արտաքին պայմանավորվածությունների և «իրատեսական փոխզիջումների» տրամաբանության մեջ։
Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանն իր հուշագրություններում ուղղակիորեն ընդունում էր, որ Հայաստանը ներքաշվել է որոշումների համակարգի մեջ, որտեղ վերջինիս սուբյեկտիվությունը նվազագույն էր, իսկ ընտրությունը՝ պատրանքային։
Խատիսյանը գրել է, որ 1919-1920 թվականների հայկական դիվանագիտությունն ստիպված է եղել «մանևրել մեծ տերությունների միջև՝ չունենալով ոչ բավարար ուժ, ոչ իրական երաշխիքներ», իսկ զիջումները, որոնք ներկայացվում էին որպես ժամանակավոր, գործնականում անշրջելի դարձան: Նա ընդգծել է, որ արտաքին ճնշման ներքո յուրաքանչյուր «փոքր» տարածքային կամ քաղաքական նահանջ արագացնում էր պետականության ընդհանուր տապալումը։

Ռազմավարական որոշումների շուրջ բախումները, որոնք Հայաստանը ապրեց 1990-ականների վերջին, մասամբ վերարտադրում են Հայաստանի Առաջին Հանրապետությանը (1918-1920 թթ.) բնորոշ ճգնաժամերի կառուցվածքը: Անկախության հենց այս առաջին տարիներին, ռուսական կայսրության փլուզման և աշխարհաքաղաքական խորը տուրբուլենտության պայմաններում, հայոց պետականությունը ներքաշվեց մեծ տերությունների խաղի մեջ, որտեղ նրա ինքնուրույնությունն ու սեփական ճակատագրի վրա ազդելու կարողությունը լրջորեն սահմանափակվեցին:
Հայաստանի Առաջին Հանրապետությունն անկախությունը հռչակեց 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության փլուզումից հետո, և կարճ ժամանակում հայտնվեց պատերազմների և արտաքին քաղաքական լարված մարտահրավերների շրջապտույտում: Այդ ժամանակաշրջանի արտաքին քաղաքական իրավիճակը չափազանց բարդ էր. հանրապետությունը փորձում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել և ճանաչման հասնել Անտանտի երկրների, ԱՄՆ-ի, հարևան պետությունների կողմից, բայց հաճախ բախվում էր մեծ տերությունների հակասական շահերին, որոնք պատրաստ չէին ապահովել վերջինիս ինքնիշխանության կայուն պաշտպանությունը՝ նույնիսկ միջազգային պայմանագրերի ստորագրումից հետո, ինչպես՝ Սևրի պայմանագիրը, որը ճանաչում էր հայ ժողովրդի օրինական իրավունքը Միացյալ Հայաստանի նկատմամբ՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը (Հայաստանի Հանրապետության 1918-1920 թթ. արտաքին քաղաքականության վերլուծություն)։
Պատմական ուսումնասիրություններն ընդգծում են, որ Հայաստանի կառավարությունը հայտնվել էր իրավիճակում, երբ անկախությունը և տարածքային հավակնությունները կախված էին մեծ տերությունների արձագանքից և իրենց խոստումները գործնականում կյանքի կոչելու պատրաստակամությունից, ինչը հաճախ չէր արդարացնում հայկական վերնախավի ակնկալիքները: Դիվանագիտական ճանաչման և 1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովին մասնակցության փորձերը դժվարանում էին՝ Հայաստանի կարգավիճակի և նրա խնդիրների նկատմամբ միջազգային սահմանափակ ուշադրության պատճառով՝ չնայած պատվիրակությունների ակտիվ մասնակցությանը և արտաքին երաշխիքների միջոցով անվտանգության ապահովման ցանկությանը:
Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարությունը նաև ընդգրկում էր կայուն միություններ ստեղծելու և դիվանագիտական կապեր հաստատելու ջանքեր մի շարք պետությունների հետ, այդ թվում՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլոց հետ, սակայն այդ ջանքերը մեծապես կախված էին հզոր տերությունների պատրաստակամությունից և Եվրասիայում պատերազմի ու հեղափոխությունների պայմաններում տարածաշրջանային փոփոխվող դինամիկայից:
1920 թվականի դեկտեմբերի սկզբին Առաջին Հանրապետության անկումը ավարտվեց պայմանագրերի ստորագրմամբ, որոնք փաստացի զրկեցին Հայաստանին իր տարածքների մի մասից և ինքնիշխանությունից՝ ցույց տալով, թե որքան բարակ կարող է լինել պետականության պահպանման և արտաքին ուժերի ճնշման տակ այն կորցնելու սահմանը։ Այս իրադարձությունները, երբ միջազգային խոստումները գործողություններով չհաստատվեցին, և պետության անվտանգությունը վտանգված էր, պատմական համանմանություն են ստեղծում XX դարի վերջին-XXI դարի սկզբին Հայաստանի առջև ծառացած երկընտրանքների հետ, երբ արտաքին ենթակառուցվածքային և աշխարհաքաղաքական նախագծերը հարցականի տակ էին դնում երկրի ռազմավարական դիրքերը։
Այս պատմական զուգահեռը իրադարձությունների բառացի կրկնություն չէ, այլ՝ կառուցվածքային երկընտրանքի կրկնություն. երկու ժամանակաշրջաններում էլ հայկական պետությունը բախվել է աշխարհաքաղաքական խոշոր շահերի միջև մանևրելու անհրաժեշտությանը, երբ իր արտաքին քաղաքականությունը անխուսափելիորեն հատվում էր արտաքին դերակատարների նախագծերի հետ՝ լինեն դրանք XX դարասկզբի մեծ տերություններ, թե XX դարի վերջի և XXI դարի սկզբի ազդեցության խոշոր միջազգային կենտրոններ:
Տրամաբանությունը՝ զիջում հանուն հետաձգման, փոխզիջում հանուն գոյատևման, ողբերգականորեն իրականացվեց 1920 թվականին։ Հենց այդ պատճառով էլ 1997-1998 թվականների իրադարձությունները Հայաստանում առաջացնում են այդքան կայուն պատմական զուգահեռներ. կրկին խաղադրույք էր արվում արտաքին երաշխիքների վրա, կրկին տարածքային հարցը դիտարկվում էր որպես «մեծ գործարքի» տեխնիկական տարր և կրկին ներհայկական նախազգուշացումը երկրորդական դարձավ։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ ՝ ՈՐՊԵՍ ԶԻՋՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԻՄՔ
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-1998 թվականներին խորքային զիջումների գնալու պատրաստակամությունը ոչ իմպուլսիվ սխալ էր, ոչ էլ կարճաժամկետ ճնշումների հետևանք։ Այն տեղավորվում էր կայուն հայեցակարգային մոդելի մեջ, որը լայնորեն տարածված էր այդ ժամանակաշրջանի արևմտյան դիվանագիտական և վերլուծական միջավայրում և առավել հստակ արտահայտված էր, այսպես կոչված, «Գոբլի պլանի» շրջանակներում։
Այս մոդելի շրջանակներում տարածքային փոփոխությունները դիտվում էին որպես կայունացման թույլատրելի գործիք, աշխարհագրությունը՝ որպես կառավարվող տրանսֆորմացիայի օբյեկտ, իսկ ինքնիշխանությունը՝ որպես արտաքին երաշխիքներից և անվտանգության օտար ճարտարապետությանն ինտեգրումից ածանցյալ մեծություն։ Այս տրամաբանության մեջ պետությունն ինքնանպատակ չէր. նրա կարևորությունը գնահատվում էր ավելի լայն տարածաշրջանային կառուցվածքում ֆունկցիոնալ օգտակարության համատեքստում։
20-րդ դարասկզբի հայկական պատմական փորձն արդեն իսկ ցույց է տվել նման մոտեցման սահմանները։ 1990-ականների վերջին երկիրը կրկին կանգնեց միևնույն երկընտրանքի առաջ՝ միայն այլ տերմիններով և այլ դիվանագիտական քողարկմամբ։ «Մեղրիի բանաձևից» հրաժարումը դարձավ ոչ թե իռացիոնալ համառության դրսևորում, այլ սուբյեկտայնությունը պահպանելու բնազդ՝ պայմաններում, երբ փոխզիջումը դադարում էր սիմետրիկ լինել։
Այս իմաստով 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովը, «Գոբլի պլանը» և Մեղրիով միջանցքի գաղափարը կազմում են ոչ թե պատահական դրվագների շղթա, այլ՝ մեկ պատճառահետևանքային հանգույց: Դիվանագիտական բանաձևերը, էներգետիկ շահերն ու տարածքային լուծումները միաձուլվել էին արտաքին ճնշման միասնական տրամաբանության մեջ, որի շրջանակներում Հայաստանը դիտարկվում էր նախ և առաջ որպես ազդեցությունների հավասարակշռման և տարանցման օպտիմալացման տարածք, բայց ոչ որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ։
Այդ իսկ պատճառով 1997-1998 թվականների իրադարձություններն այսօր էլ արդիական են մնում։ Միջանցքային տրամաբանությունը, անկախ օգտագործվող տերմինաբանությունից, երբեք չեզոք չի լինում։ Այն միշտ ենթադրում է ասիմետրիկ զիջումներ և գրեթե անխուսափելիորեն տանում պետականության քայքայման։
1998 թվականն այն պահն էր, երբ Հայաստանը հրաժարվեց օտար սխեմայի տարր հանդիսանալու դերից. ոչ թե հանուն գաղափարախոսության կամ հանուն աշխարհաքաղաքական ռոմանտիզմի, այլ՝ պահպանելու համար ռազմավարական ընտրության նվազագույն հնարավորությունը։ Արտաքին ճարտարապետների համար հայեցակարգորեն գրավիչ, սակայն հայկական պետականության համար կառուցվածային առումով կործանարար «Գոբլի պլանը» կասեցվեց։ Այս ընտրությունը չլուծեց բոլոր խնդիրները, բայց հետաձգեց սուբյեկտայնության կորուստը։
Պատմությունը, սակայն, ցույց տվեց նաև մեկ այլ իրողություն. նման սխեմաները վերջնականապես չեն անհետանում։ Դրանք վերադառնում են՝ նոր վերնագրերով, նորացված հռետորաբանությամբ և նույն հիմնարար նախադրյալներով։ Այդ պատճառով 1990-ականների վերջի փորձը պետք է դիտարկել ոչ թե որպես փակ էջ, այլ՝ որպես նախազգուշացում, որի արդիականությունը ժամանակի ընթացքում միայն ուժեղանում է։

