Ինչպես սկսվեց Հայաստանի աղետը. անկախության ռոմանտիկայից մինչև համակարգային խոցելիություն ․ Մաս 2

ԳՈԲԼԻ ՊԼԱՆ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱԿԱՐԴ՝ ԲԱՑՎԱԾ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ

20-րդ դարի վերջի Հայաստանի պատմությունը նման չէ իշխանության անշտապ փոխանցման․ այն ավելի շատ հիշեցնում է շիկացած մետաղ, որին կոփել են շտապողականության, սխալների և համաշխարհային շահերի բախման պայմաններում: Այդ պատճառով նախքան Տեր-Պետրոսյանից հետո եկածների մասին խոսելը, չենք կարող պարզապես շրջել էջը։ Անհրաժեշտ է կանգ առնել, հետ նայել և տեսնել, թե ինչպես ճեղքվեց դարաշրջանը:

Տեր-Պետրոսյանի հեռանալը ո՛չ պարտություն էր, ո՛չ ժողովրդավարության հաղթանակ, ո՛չ էլ «մանդատի բնական ավարտ»։ Դա պայթյուն էր՝ դանդաղ, խուլ, ուժգնացող, որում համընկան. Վաշինգտոնի ճնշումը, Մոսկվայի զգուշավոր դիմադրությունը, Լեռնային Ղարաբաղի տագնապալի զգոնությունը և Հայաստանի ներքին էլիտայի պառակումը՝ պատերազմից վախեցողների և կապիտուլյացիայի գինը հասկացողների միջև:

Այդ հրաժարականը պարզապես քաղաքական կենսագրության ավարտ չէր: Այն դարձավ սահմանագիծ, որից հետո երկիրը դադարեց լինել այն, ինչ կար, և դեռ չէր դարձել այն, ինչ փորձում էին դարձնել:

Կապիտուլյացիայի ինստիտուցիոնալացում. 1997 թվականի գաղափական շրջադարձը

1997 թվականի աշունը դարձավ ոչ միայն արտաքին ճնշման, այլև ներքին գաղափարական բեկման պահ, որի համար անձնական պատասխանատվություն կրեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը ներկայացվում էր որպես սթափ ռեալիզմի դրսևորում, սակայն, ըստ էության, դարձավ պարտվողական տրամաբանության գաղափարախոսական ձևակերպում՝ ի սկզբանե Հայաստանի համար անբարենպաստ դասավորությունն ընդունելով որպես անխուսափելի։ Դրսից պարտադրված «շախմատային պարտիան» վիճարկելու փոխարեն, նախագահը փաստացի համաձայնում էր փոքր խաղաքարի դերին՝ արդարացնելով ռազմավարական զիջումները ոչ թե պայքարի անհրաժեշտությամբ, այլ՝ դրանից հոգնածությամբ:

Փոլ Գոբլի՝ Մեղրին հանձնելու առաջարկը միայն ի ցույց դրեց այդ դիրքորոշման խոցելիությունը: Խոսքը փոխզիջման մասին չէր, այլ՝ աշխարհաքաղաքական անդամահատման. Հայաստանին դեպի Իրան ելքից զրկման, տարածաշրջանային շրջափակման միակ իրական հակակշռի վերացման և երկիրը կախյալ տարանցիկ կցորդի վերածման։ Սակայն Տեր-Պետրոսյանը նման սցենարները դիտարկում էր ոչ թե որպես կարմիր գիծ, այլ՝ որպես «խաղաղության» համար ընդունելի գին։ «Ղարաբաղը չի կարող անկախ լինել… փոխզիջումը անխուսափելի է» նրա հայտնի բանաձևը հնչում էր ոչ թե որպես հասարակությանն ուղղված նախազգուշացում, այլ որպես նախապես կայացված դատավճիռ, որում անվտանգության շահերը փոխարինվում էին հարմարվողականության տրամաբանությամբ։

Հիմնական խնդիրը միջազգային իրադրության բարդությունը ճանաչելը չէր, այլ այն, որ նախագահը հրաժարվեց այլընտրանքների համար քաղաքական պայքարից։ Ռեալիզմի անվան տակ հասարակությանն առաջարկվում էր համակերպություն, պատասխանատվության անվան տակ՝ ազգային նպատակների նշաձողի իջեցում: Ընդդիմության քննադատությունը, որը դա անվանում էր կապիտուլյացիա, պարզապես հուզական չէր. Տեր-Պետրոսյանն առաջին անգամ ինստիտուցիոնալացրեց այն գաղափարը, որ Հայաստանը պետք է նախապես համաձայնի ռազմավարական թուլացմանը՝ հանուն արտաքին կասկածելի երաշխիքների: Այս իմաստով «լրջանալու պահը» վերածվեց ոչ թե պետության հասունության, այլ ավանդույթի սկզբի, երբ զիջումները բացատրվում են ռացիոնալությամբ, իսկ դիմադրությունը ՝ անպատասխանատու ռոմանտիզմով։

ԼՂՀ ԱՐՁԱԳԱՆՔԸ. ՄԵՐԺՈՒՄ, ՈՐԸ ԴԱՐՁԱՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Յուրաքանչյուր դարաշրջան ունի իր անդարձելիության կետը, և Արցախի համար դա 1997 թվականի աշունն էր։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ. խնդիրը ոչ միայն արտաքին ճնշման, այլև՝ Հայաստանի ղեկավարության ներքին քաղաքական ընտրության մեջ էր։ Մինչ Երևանում Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ քննարկվում էր «հանուն ապագայի փոխզիջումը» և փորձ էր արվում տեղավորվել դրսից պարտադրվող դիվանագիտական ճարտարապետության մեջ, Ստեփանակերտում բոլորովին այլ բան էին զգում՝ մոտալուտ համակարգային սպառնալիք։

Պատմության մեջ որպես «Գոբլի պլան» մտած առաջարկն Արցախում չէր ընկալվում՝ որպես բանակցային դիրքորոշում։ Այն ընկալվումն էր՝ որպես վերջնագիր։ Մեղրիի փոխանցում Ադրբեջանին, Լաչինի նեղ միջանցք և ինքնավար Ղարաբաղ Ադրբեջանի կազմում՝ այս ամենը միասին նշանակում էր պատերազմի արդյունքների ռազմավարական զրոյացում։ Ստեփանակերտում հասկանում էին. խոսքը խաղաղության մասին չէ, այլ՝ տարածաշրջանային վերաձևման, որի դեպքում Հայաստանը կորցնում էր իր սուբյեկտայնությունը։ Տարածքային փոխանակման գաղափարը, ներառյալ Մեղրիի շրջանի մի մասի փոխանցումը՝ Լաչինի դիմաց, բազմիցս արձանագրվել է միջազգային վերլուծություններում՝ որպես քննարկված, սակայն խիստ վիճահարույց սխեմաներից մեկը(տես՝ Thomas de Waal; Black Garden).

1997 թվականին Ռոբերտ Քոչարյանն այլևս Լեռնային Ղարաբաղի ղեկավարը չէր. Նույն թվականի մարտից նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Սակայն նրա քաղաքական և բարոյական լեգիտիմությունն Արցախում մնում էր չափազանց բարձր. նա ընկալվում էր որպես անվտանգության արցախյան գծի, այլ ոչ թե՝ դիվանագիտական զիջումների երևանյան դպրոցի ներկայացուցիչ: Հենց այս դիրքերից էլ նա բացահայտորեն դեմ արտահայտվեց տարածքային սակարկությունների տրամաբանությանը։ Ժամանակակիցների հուշագրություններում և հիշողություններում նշվում է հողը խաղաղության անորոշ երաշխիքներով փոխանակելու գաղափարի սկզբունքային մերժումը. «Հողը, որի համար արյուն է թափվել, չի կարող քաղաքական գործարքի առարկա լինել» (Ա. Հարությունյան, Հիշողություններ առանց լռության, 2004)։

Այս դիրքորոշումը լիովին կիսում էին Արցախի առանցքային ռազմական հրամանատարները՝ Սեյրան Օհանյան, Սամվել Բաբայան և այլ գործիչներ, ովքեր ձևավորել են տարածաշրջանի իրական պաշտպանությունը։ Նրանց փաստարկները զուրկ էին գաղափարախոսությունից և հռետորաբանությունից։ Այն հիմնված էր աշխարհագրության և ռազմական տրամաբանության վրա. Մեղրիի հանձնումը Ղարաբաղը դարձնում է մեկուսացված անկլավ՝ նրա ճակատագիրը վերածելով ժամանակի, ոչ թե՝ դիմադրության խնդրի։

Հատկանշական է, որ այդ ծրագրի քննադատական գնահատականներ հնչել են նաև միջազգային գրականության մեջ. վերլուծաբանները նշում էին, Փոլ Գոբլի անվան հետ կապված փոխանակման առաջարկը (territory swap), ի թիվս այլ բաների, նշանակում էր Հայաստանի համար դեպի Իրան կենսական ելքի հնարավոր կորուստ և դրանով իսկ վերջինիս աշխարհաքաղաքական խոցելիության կտրուկ ուժեղացում(տես՝ Salih Yılmaz, «Land Swap Formula» ակարկ):).

Առանձին զեկույցներում և ակնարկներում ընդգծվում էր, որ «Մեղրիով միջանցքի» հայեցակարգը դիտվում էր՝ որպես տարածաշրջանի լոգիստիկայի արմատական վերանախագծման տարր՝ սցենար, որը Հայաստանի համար կնշանակեր ռազմավարական խեղդում առանց մեկ կրակոցի և Բաքու-Նախիջևան-Թուրքիա ուղիղ կապի ձևավորում,(տես՝ International Crisis Group; «Nagorno-Karabakh: A Plan for Peace»):).

Ահա այստեղ է, որ ակնհայտ է դառնում Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական քաղաքական պատասխանատվությունը։ Նրա «լրջանալու պահի» մասին հռետորաբանությունը և 1997 թվականի վերջի թեզերը դարձան ոչ թե ռիսկերի ողջամիտ կառավարման կոչ, այլ՝ նախապես ընդունված զիջումների գաղափարական հիմնավորում։ Տեր-Պետրոսյանի՝ «Ղարաբաղը չի կարող անկախ լինել։ Հայաստանը չի կարող հավերժ պատերազմել։ Փոխզիջումը անխուսափելի է» բանաձևը շատերի կողմից ընկալվեց որպես կապիտուլյացիոն դատավճիռ, որը կայացվեց նախքան ազգային շահերը պաշտպանելու համար այլ գործիքներ մոբիլիզացնելու որևէ փորձ ձեռնարկելը:

Ծրագրի քննադատությունը չէր բխում միայն «արցախյան արմատականներից». այն արտացոլում էր մտահոգության ավելի լայն կոնսենսուս՝ ռազմական շրջանակներում, փորձագիտական հանրությունում և միջազգային վերլուծական զեկույցներում, որ Մեղրիի կորուստն անդառնալի և կործանարար կլինի Հայաստանի ռազմավարական դիրքի համար(տես՝ ReliefWeb-ի ակնարկը «հնարավորությունների միջանցքների» և Մեղրիի կորստի հետևանքների վերաբերյալ):).

Արցախի համար Մեղրին տարածք չէր, այլ՝ գոյատևման զարկերակ։ Այն Հայաստանի միակ ելքն էր դեպի Իրան, միակ ուղին, որը չէր վերահսկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Դրա կորուստը կնշանակեր.

  • ռազմավարական խեղդում առանց պատերազմի,
  • Հայաստանի վերածում աշխարհաքաղաքական փակուղու,
  • Բաքու-Նախիջևան-Թուրքիա ուղիղ կապի ձևավորում:

Այն, ինչ դիվանագիտական փաստաթղթերում ներկայացվում էր որպես «փոխանակում», Արցախում ընկալվում էր՝ որպես անդառնալի կապիտուլյացիա։

Ստեփանակերտի մերժումը թելադրված էր ոչ թե համառությամբ կամ ռոմանտիզմով, այլ՝ հեռանկարի հստակ ըմբռնմամբ։ Հենց այստեղ էլ առաջացավ ճակատագրական ճեղքվածքը.

  • Արցախը ապրում էր պատերազմի և անվտանգության իրականության մեջ,
  • Երևանը Տեր-Պետրոսյանի օրոք ՝ դիվանագիտական պատրանքների իրականության:

Արցախը պատրաստ չէր դրվել բանակցությունների սեղանին։ Երևանը փորձում էր խաղարկել խաղաքարտ, որին փաստացի չէր տիրապետում: Այս պառակտումը չհաղթահարվեց։ Այն պարզապես հետաձգվեց՝ տարիներ անց վերադառնալու ողբերգական ուժով, արդեն շատ ավելի անբարենպաստ հավասարակշռության պայմաններում։

Առաջին մաս։

Երկրորդ մաս.

Երրորդ մաս.

Չորրորդ մաս.

Հինգերորդ մաս։

Շարունակելի․․․