Ինչպես սկսվեց Հայաստանի աղետը . անկախության ռոմանտիկայից մինչև համակարգային խոցելիություն. Մաս 1 ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՝ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ (Շարունակություն)

ԵՐԲ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ ՄԱՐՈՒՄ Է, ԱԶԳԸ ԹԱԹԱԽՎՈՒՄ Է ԽԱՎԱՐԻ ՄԵՋ. ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ՝ ՀԱՐՎԱԾ ԱՊԱԳԱՅԻՆ
Եթե արդյունաբերության փլուզումը զրկեց երկիրն իր նյութական հիմքից, ապա նախարար Աշոտ Բլեյանի 1990-ականների կեսերին նախաձեռնած կրթական բարեփոխումները հարվածեցին պետության երկարամյա կայունությանը նպաստող մարդկային կապիտալին՝ երկրի ինքնավերարտադրման կարողությանը:
Այս բարեփոխումները պատմության մեջ մտան՝ որպես Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի ամենավիճահարույց և ցավոտ գործընթացներից մեկը. ոմանց համար դա «արդիականացման համարձակ փորձ» էր, մյուսների համար՝ «ամբողջ երկրի նկատմամբ իրականացված գաղափարախոսական փորձարկում»։ Սակայն, ականատեսներն այլ բան են հիշում.
Տեխնիկական ուսումնարանները՝ ինժեներների, խառատների, էներգետիկների, փլուզված արդյունաբերությունը վերակենդանացնելու կարողություն ունեցող մարդկանց դարբնոցները, մեկը մյուսի հետևից դադարեցին գործել։ «Գոլոս Արմենիի» թերթի 1995 թվականի հոկտեմբերի 12-ի ռեպորտաժում բերվում է ՀԱՊՀ Երևանի քոլեջի ուսուցչի վկայությունը, որն ասել է.
«Մենք ճանապարհում ենք երեխաներին դեպի դատարկություն: Նրանք վերցրեցին մեր հաստոցները, խլեցին ֆինանսավորումը, զրկեցին մեզ իմաստից» («Գոլոս Արմենիի», №187, 1995):

Արդեն այդ ժամանակ լրագրողները նշում էին. մասնագիտական տեխնիկական ուսումնարանների (ՄՏՈՒ) փակումը համընկավ գործարաններից սարքավորումների զանգվածային դուրսբերմանը. արտադրական ապագայի խորհրդանշական և ուղղակի զրոյացում։ Ուսուցիչների աշխատավարձն այդ տարիներին դառը կատակների թեմա էր դարձել։ «Առավոտ» թերթին հարցազրույցում (1996 թվականի մարտի 28) Երևանի դպրոցներից մեկի տնօրենը հիշել է.
«Մենք ուսուցիչներին չենք ազատում աշխատանքից. նրանք իրենք են հեռանում: Ասում են` սիրում ենք մեր մասնագիտությունը, բայց միայն այդ սիրով չես տաքանա»։
Լավագույնները հեռացան՝ նրանք, ովքեր կարող էին լեզուներ, մաթեմատիկա և բնական գիտություններ դասավանդել։ Գնացին մասնավոր հատված, շուկաներ, արտերկիր։ Այդ մարդկային արտահոսքն անդառնալի ճեղքվածք տվեց։
Այդ տարիների քաղաքական հռետորաբանությունը պարզ էր՝ խզում խորհրդային անցյալի հետ: Բայց այդ բանաձևն ընդգրկում էր ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ արժեք էր ներկայացնում: Այդ ժամանակաշրջանի լրատվամիջոցներն արձանագրում էին դասագրքերի կտրուկ պակաս, բնագիտական առարկաների դասաժամերի կրճատում և մասնագիտական կրթության համակարգի քայքայում։
Աշակերտները սովորում էին ցուրտ լսարաններում, մոմի լույսի և նավթի լամպերի տակ. և դա փոխաբերություն չէ, այլ էներգետիկ կոլապսի իրականություն:
Այն, ինչ տեղի էր ունենում, շատերի կողմից ընկալվեց որպես խորհրդային կրթական մոդելը ոչնչացնելու փորձ՝ առանց այլընտրանք նախապատրաստելու։ Հասարակական գործիչ և մանկավարժ Միքայել Հարությունյանը 1998 թվականի զեկույցում ասել է.
«Պետությունը կրթությունը մի կողմ է նետել՝ որպես խանգարող բեռ։ Բայց ազգերը չեն ապրում բանակով կամ նավթով. նրանք ապրում են դպրոցով»:

Այս խոսքերը հնչում էին որպես դարաշրջանի ռեքվիեմ, որը դեռ չէր գիտակցել կորստի մասշտաբները: Հայ մշակույթն ինքն էր նախազգուշացնում, թե ինչ է լինելու: Ավերված արդյունաբերությունը պահանջում էր ինժեներներ, բայց դպրոցները փակվում էին։ Մութ էներգետիկ տարիները պահանջում էին գիտնականներ և մասնագետներ, բայց կրթությունը քայքայվում էր։ Պետությանն անհրաժեշտ էր ազգային գաղափարախոսություն, բայց ղեկավարությունն ինքն էր ազգային գաղափարը «կեղծ կատեգորիա» հայտարարել։ Եվ այս ամենը դարաշրջանի նույն տրամաբանությունն էր. քանդել ավելի արագ, քան կառուցել, ջարդել նախքան մտածելը, բարեփոխել ոչ թե համակարգը, այլ՝ դրա ստվեր։ Այն, ինչ կոչվում էր բարեփոխում, շատերի համար դարձավ երկրի արյունաքամության խորհրդանիշ: 1997 թվականին դպրոցներից մեկի ուսուցչի վկայությամբ.
«Մենք դիմացանք երկրաշարժին, շրջափակմանը, ցրտին։ Բայց ամենավատն այն է, որ կորցնում ենք հավատը, որ ապագա սերունդները մեզանից ավելի ուժեղ կլինեն»։
Այս հավատն էլ դարձավ «խզման» գաղափարախոսության զոհը։ Եվ հենց այս կորստից առաջացավ համակարգային տկարությունը, որը դարձավ ապագա աղետների նախանշան։

