«Փորձագետների երկխոսություն», թե՞ դավաճանների այց։ Ի՞նչ էին անում հայ «ներկայացուցիչները» Բաքվում

2025 թվականի նոյեմբերի 21-ին Բաքվում բեմադրվեց ևս մեկ ցինիկ ներկայացում՝ «փորձագետների երկխոսություն» բարեհունչ անվան տակ։ Սա երկխոսություն չէ, սա հնազանդության նվաստացուցիչ ցուցադրում է, որը վճարվել է Հայաստանի բզկտված բյուջեից: 17 միլիոն 550 հազար դրամը ծախսվել է ոչ թե ժողովրդի կարիքների, այլ՝ «ընտրյալների» ուղևորության համար, ովքեր նույնիսկ չեն թաքցնում, թե ում կամքն են կատարում: Հայաստանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների այցի մասին տեղեկատվությունը հրապարակել է «Sputnik Արմենիա» գործակալությունը։
Ովքե՞ր են այդ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»՝ Բորիս Նավասարդյան, Արեգ Քոչինյան, Նարեկ Մինասյան, Սամվել Մելիքսեթյան, Նաիրա Սուլթանյան... Ազգանուններ թվարկելը չի նշանակում ժողովրդի ներկայացուցիչներին նշել: Այս մարդիկ Հայաստանի ձայնը չեն։ Նրանք խամաճիկներ են, որոնք կոչված են լեգիտիմություն հաղորդելու ադրբեջանական քարոզչությանը։
Հատկապես վրդովեցնող է Բորիս Նավասարդյանի դերը: Այս մարդը, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը բարձրաձայն դատապարտելու փոխարեն, նախընտրում է նրբանկատորեն լռել հրեշավոր փաստերի մասին։ Մինչ Ադրբեջանի իշխանությունները դատական ֆարս են իրականացնում հայ գերիների նկատմամբ՝ պահանջելով նրանց համար 16-ից 20 տարվա ազատազրկում, Նավասարդյանը լռում է, կամ ավելի վատ՝ արդարացնում:
Հայ գերիների նկատմամբ դատավարությունը պարզապես իրավական բեմականացում չէ: Սա հարված է հայկական պետության և ժողովրդի գոյությանը։ Բայց Նավասարդյանի համար սա, ըստ երևույթին, «պարկեշտ մերժում» է: Ահա այսպես է նա բնութագրել Բաքվում պահվող գերիների հետ հանդիպման արգելքը.

«Եթե տեսակցությունը որպես ծրագրի մաս չի առաջարկվել, նշանակում է՝ մերժվել է։ Մեզ նախապես այցի օրակարգ էին առաջարկել, որոնց վերաբերյալ որոշ մեկնաբանություններ ենք ունեցել։ Քանի որ առաջարկի մեջ տեսակցությունը չկար, թեպետ այդ ցանկությունը հայտնել էինք, դա նշանակում է՝ պարկեշտ մերժում»:
«Պարկեշտ մերժում...Այս խոսքերը խորը վիրավորանք են յուրաքանչյուր հայի համար: Բանտում տառապող հայրենակիցներին տեսնելու իրավունքից զրկելը «պարկեշտություն» չէ։ Սա անմարդկություն է՝ դիվանագիտական ձևակերպուներով քողարկված:

Իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը հայտնում է, որ «քննարկումների» ժամանակ բարձրացվել է գերիների հնարավոր վերադարձի հարցը: Բայց ի՞նչ արդյունքում: Ադրբեջանի իշխանությունները ոչ հստակ պատասխան տվեցին, ոչ էլ նույնիսկ պահվողների ցուցակը հրապարակեցին: Միայն «ակտիվ բանակցությունների» մասին դատարկ արտահայտություններ Հաջիևից:
Այստեղ պետք է նշել, որ թե՛ «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները, թե՛ Հաջիևը ջուր են լցնում Փաշինյանի ջրաղացին։ Չէ՞ որ գերիների ազատ արձակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ Հայաստանի կառավարությանն ուղղված հարցերին միշտ հետևում է նույն պատասխանը՝ «բանակցությունների մանրամասները չենք հրապարակում, որպեսզի չվնասենք գործընթացին»: Արդեն մի քանի տարի է, ինչ իշխանությունները «հավաստիացնում ու հավաստիացնում» են, որ ջանքեր են գործադրում։ Հավաստիացնում են… Բայց որտե՞ղ են արդյունքները։ Որտե՞ղ են գերիները։ Որտե՞ղ է իրական առաջընթացի նույնիսկ փոքր նշույլը։
Իրավիճակը ոչ պակաս նողկալի է դարձնում Արեգ Քոչինյանի ելույթը, որը մեծամտորեն պիտակավորեց հայրենակիցներին՝ «կարգավորման» դեմ խոսողները «կամ օտարերկրյա գործակալներ են, կամ սրիկաներ»: Սա վերլուծություն չէ՝ սա նրբագեղ փաթեթավորմամբ մատնություն է: Արցախի կորուստը վերապրած հազարավոր հայերի համար նման խոսքերը հնչում են որպես դավաճանություն: Նրանք արժեզրկում են ցավը, հիշողությունը և հույսը։ Եվ ամենավատն այն է, որ նրանք ֆինանսավորում են ժողովուրդի գրպանից։

Ո՞վ է այստեղ «սրիկան»։ Նա, ով չի լռում, թե՞ ով բյուջեի հաշվին պախարակում է իր հայրենակիցներին։ Ո՞վ է Քոչինյանին իրավունք տվել հայերին բաժանել «ճիշտերի» և «սրիկաների»։ Ի՞նչ հիմքով է նա դավաճաններ հայտարարում նրանց, ովքեր չեն մոռանում Արցախի կորուստը: Ինչո՞ւ է բյուջեի միջոցների հաշվին հնչում ազգային միասնությունը խարխլող հռետորաբանություն:
Նրա խոսքերը փորձագետի դիրքորոշում չեն, այլ՝ հարված ողբերգություն ապրած հազարավոր ընտանիքների մեջքին։ Սա փորձ է խեղդելու հիշողությունը՝ «պրագմատիզմի» անվան տակ քողարկված։ Այս այցը որևէ իմաստ չունի հայկական շահերի տեսանկյունից և ոչ այլ ինչ է, քան՝ դավաճանություն, ցինիզմ և երեսպաշտություն։ Այս ամենի հետևում կարելի է տեսնել Բաքվի հստակ քաղաքական ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես «խաղաղության երաշխավոր», իսկ բոլոր այլախոհներին՝ «դավաճաններ», որոնք կարող են երկիրը նոր պատերազմի մեջ ներքաշել։

Պատգամավոր Իշխան Սաղաթելյանի (ՀՅԴ) քննադատությունը նշանակետին է հարվածում.
- Մինչ Ադրբեջանի դատախազները պահանջում են ցմահ բանտարկություն Արցախի առաջնորդների (Արայիկ Հարությունյան, Դավիթ Իշխանյան և այլոք) համար, «փորձագետները» քաղաքավարի զրույցներ են վարում Բաքվում։
- Պատվիրակությունը նույնիսկ չբարեհաճեց այցելել ռազմագերիներին. սա երկխոսություն չէ, այլ՝ ֆարս:
- Նրանց առաքելությունը վստահություն չի ձևավորում, այլ՝ լեգիտիմացնում է Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ էթնիկ զտումները։
Սաղաթելյանը ճիշտ է. սա խաղաղությանն ուղղված քայլ չէ, այլ՝ հանդիպում ազդեցության գործակալների հետ։ Այդ «ներկայացուցիչները» բարոյական իրավունք չունեն խոսելու հայ ժողովրդի անունից։
Այս «երկխոսությունը» ոչ այլ ինչ է, քան ցուցադրական ակցիա, որը կոչված է ստեղծելու առաջընթացի պատրանք: Իրականում այն միայն ընդգծում է «ներկայացուցիչների» անզորությունը, ովքեր անկարող են պաշտպանել ժողովրդի շահերը, Ադրբեջանի իշխանությունների ցինիզմը, որոնք «բանակցություններ» են խաղում, հայ պաշտոնյաների անտարբերությունը, որոնք պատրաստ են համակերպվել նվաստացմանը։
Այս այցը երկխոսություն հաստատելու փորձ չէ, այլ՝ Բաքվին հնազանդության ցուցադրություն, իշխանության իմիջային նախագծերի վրա պետական միջոցների վատնում, ընդդիմության վարկաբեկում՝ «այլախոհները դավաճաններ են» հռետորաբանությամբ, Արցախի առաջնորդների նկատմամբ բռնաճնշումների օրինականացում։ Այս ամենը մեկ բան է նշանակում. Իլհամ Ալիևը զբաղված է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությամբ: Նպատակը պարզ է. Փաշինյանի հետ խաղաղություն կլինի, մինչդեռ ընդդիմությունը ներկայացվում է որպես Հայաստանի թշնամիներ, որի ռևանշիստական մտադրությունները կհանգեցնեն պատերազմի։ Եզրակացություն՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն:
Հանրային տրիբունալը չի կարող լռել: Այս «փորձագետները» Հայաստանի ձայնը չեն, այլ՝ արտաքին ուժերի և Նիկոլ Փաշինյանի ռեժիմի խոսափողը։ Նրանց այցն ապտակ է բոլորին, ովքեր կորցրել են իրենց տները Արցախում, կորցրել են իրենց հարազատներին, ովքեր չեն կարողանում հաշտվել հայ ժողովրդի սրբավայրերի շարունակական պղծման հետ Արցախի և Նախիջևանի տարածքում, ովքեր սպասում են գերիների վերադարձին տուն և, վերջիվերջո, ովքեր հավատում են արդարությանը։ Հենց այս մարդկանց, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» տականքները դավաճաններ են անվանում։ Բաքվում սեփական ժողովրդին խարանողների, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի քարոզչության խոսափողները դարձածների անունները պետք է պատմության մեջ մնան որպես դավաճանության խորհրդանիշ։

