
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմ. հինգ տարի անց
27.09.2025թ. verelq.am-ը գրում է.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Ղարաբաղյան պատերազմը՝ հայ ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական և ճակատագրական իրադարձություններից մեկը։ 44 օր տևած դաժան մարտերը փոխեցին տարածաշրջանի քաղաքական քարտեզը, հազարավոր ընտանիքների ճակատագրեր և ազգային ինքնագիտակցությունը: Այսօր՝ հինգ տարի անց, հայ հասարակությունը վերաիմաստավորում է այս փորձը և դասեր է քաղում, որոնք կարևոր են պետականության ամրապնդման և միասնության համար։
Պատերազմի սկիզբը
Սեպտեմբերի 27-ի առավոտը նշանավորվեց ադրբեջանական զորքերի լայնածավալ հարձակմամբ շփման գծի ողջ երկայնքով։ Նրանք կիրառեցին ավիացիա, զրահատեխնիկա, հրետանի և հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչը հանգեցրեց հայկական ուժերի և խաղաղ բնակչության շրջանում մեծ կորուստների: Ռազմական գործողությունների առաջին ժամերից կրակի տակ հայտնվեցին ոչ միայն ռազմական դիրքերը, այլև Արցախի բնակավայրերը, ինչը պահանջեց պահեստազորայինների, կամավորների և քաղաքացիական աջակցության մոբիլիզացիա։
Այս պատերազմի ամենալուրջ գործոններից մեկն Ադրբեջանի կողմից ժամանակակից հարվածային անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ Bayraktar TB2-ի և իսրայելական «կամիկաձե դրոնների» զանգվածային կիրառումն էր: Դրանց ակտիվ օգտագործումը հայկական դիրքերի և խաղաղ բնակիչների նկատմամբ լուրջ փորձություն դարձավ Արցախի պաշտպանության համար՝ բարդացնելով ռազմական գործողությունները և հանգեցնելով զգալի կորուստների հայ կական զորքերի և խաղաղ բնակիչների շրջանում։
Պատերազմի ողջ ընթացքում Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին։
Ռազմական գործողությունների ընթացքը
Մարտական գործողությունների առաջին շաբաթներին ամենալարված մարտերը ծավալվում էին հարավային ուղղությամբ, որտեղ հայկական ուժերը ստիպված էին հետ մղել թշնամու՝ ինքնաթիռների, հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ շարունակական հարձակումները. չնայած մեր զինվորների հերոսությանը և տոկունությանը՝ Ադրբեջանին հաջողվեց օկուպացնել Ջաբրայիլը, Ֆիզուլին և Զանգելանը։ Հոկտեմբերի վերջին մարտական գործողությունները մոտեցան Շուշիին՝ համայն հայության համար խորհրդանշական և ռազմավարական մեծ նշանակություն ունեցող քաղաքին, և 2020 թվականի նոյեմբերի 7-ին դրա կորուստը ողբերգական շրջադարձային պահ դարձավ, երբ Ստեփանակերտը սպառնալիքի տակ էր, իսկ Արցախի պաշտպանությունը ենթարկվեց ամենածանր փորձությանը:
Կորուստները ծանր էին։ Հայաստանի պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է ավելի քան 3700 զինծառայող և հարյուրավոր քաղաքացիական անձինք, շուրջ 200-ը անհետ կորած է համարվում։ Ադրբեջանը հայտնել է 2900 զոհի մասին։
Պատերազմի ավարտը
Մարտական գործողությունները տևեցին 44 օր։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին Արցախում լիակատար հրադադարի մասին եռակողմ հայտարարություն։ Փաստաթղթով նախատեսվում էր.
- հրադադար և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում,
- մոտ 2000 հոգուց բաղկացած ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայում,
- Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանների, ինչպես նաև Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք բնակավայրերի փոխանցումը Ադրբեջանին,
- Լաչինի միջանցքի՝ որպես Արցախի և Հայաստանի միջև կապող օղակի գործունեության ապահովումը:
Եռակողմ հայտարարությունը թույլ տվեց կանգնեցնել արյունահեղությունը և հազարավոր մարդկանց կյանքեր փրկել:
Պատերազմի հետևանքները
Փաստաթղթի ստորագրումը բուռն քննարկումներ առաջացրեց հայ հասարակության շրջանում։ Շատերը այն ընկալեցին որպես ծանր պարտություն, մինչդեռ մյուսները նշեցին, որ այն դադարեցրեց արյունահեղությունը և փրկեց Արցախի մնացած բնակչությանը։
Տարածաշրջանային հեռանկարում պատերազմը փոխեց ուժերի հավասարակշռությունը. Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց տարածքների զգալի մասի նկատմամբ, իսկ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության գոտում կայունության պահպանման գործում՝ իրականացնելով խաղաղապահ առաքելություն։
Երեք տարի անց՝ Լաչինի միջանցքի ինը ամիս տևած շրջափակման պայմաններում, տեղի ունեցավ ադրբեջանական ուժերի նոր հարձակում, և Արցախի մնացած բնակչությունը ստիպված եղավ լքել իրենց տները։
Հինգ տարի անց
44-օրյա Ղարաբաղյան պատերազմը հայերի հիշողության մեջ մնում է որպես ողբերգական, բայց կարևորագույն ուղենիշ։ Այն բացահայտեց խոցելիությունները, բայց նաև ցույց տվեց հայրենիքի պաշտպանների արիությունն ու քաջությունը։
Այսօր՝ հինգ տարի անց, մենք հարգանքի տուրք ենք մատուցում հազարավոր ընկած հերոսների հիշատակին։ Նրանց զոհաբերությունը դարձավ ազգային ընդհանուր պատմության մաս և հիշեցում ազատության գնի մասին։
Այդ հիշողությունը մեզ պարտավորեցնում է լինել ավելի ուժեղ, ավելի միասնական և ավելի իմաստուն։ Միայն այդ կերպ կարող ենք պաշտպանել Հայաստանի և բոլոր հայերի ապագան։
Պատրաստեց Քրիստինա Նեբիշը։

