Арут Сасунян и Никол Пашинян

Հարութ Սասունյան ․ Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը

2025 թվականի սեպտեմբերի 15-ին Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա կուրիեր» թերթում իր հոդվածում խիստ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ Հայաստանը ներսից քանդելու համար։

Հայաստանում ճգնաժամը խորանում է։ Ամեն օր երկրի ոչ կոմպետենտ կառավարիչները մաս առ մաս խլում են նրա ինքնիշխանությունը՝ քանդելով այն պետությունը, որը պաշտպանելու համար էին ընտրվել։

Այժմ Հայաստանի ղեկավարները կրկնում են նրա ոխերիմ թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները՝ կարծես նրանք են զբաղեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աթոռը Երևանում։ Անցած շաբաթ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի շարք հակասական և հակահայկական հայտարարություններ արեցին․

Հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը հանրությանը հեղեղել է խաղաղության մասին դատարկ խոստումներով։ Սակայն, մի շարք նվաստացուցիչ զիջումներից հետո անգամ (խմբ․՝ Փաշինյանի), նախագահ Իլհամ Ալիևը մերժում է, այսպես կոչված, պայմանագիրը՝ չնայած օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որը կազմակերպվել էր այն ստորագրելու համար։

Հազվադեպ առիթներով Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոստովանել են ճշմարտությունը։ 2024 թվականին Փաշինյանն անփույթ կերպով հայտարարեց սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներին. «Դուք կարող է մի յոթ օր անվտանգ ապրեք, ութերորդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»։ Անցյած շաբաթ Ազգային ժողովում նույն խոստովանությունն արեց Միրզոյանը. «Լիակատար խաղաղություն չի լինի, նույնիսկ եթե Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրվի»։ Սակայն, նրանք արագ վերադառնում են այն հորինվածքին, թե իբր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել»։

Арарат Мирзоян

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի տված խոստումը Փաշինյանին, որ նա կհորդորի Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին, ոչ մի արդյունք չտվեց, բացի խոսքերից։ Ավելի վատ՝ Փաշինյանը խնդրեց Թրամփին գերիների հարցը չներառել Փոխըմբռնման հուշագրում՝ մտավախություն ունենալով, որ ազատ արձակվելուց հետո իր քաղաքական ընդդիմախոսները կարող են մրցակցել իր հետ հաջորդ տարվա ընտրություններում։

Ալիևի պահանջով Մինսկի խումբը լուծարելուց հետո Փաշինյանն արդարացրեց դա՝ ասելով, թե այն «անարդյունավետ» էր, չնայած այն գրեթե երեք տասնամյակ կանխել էր պատերազմը։ Նա նույնիսկ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը «վաղուց լուծված էր»։ Եթե դա ճիշտ լիներ, ապա ինչո՞ւ պետք է Ալիևն արյունալի պատերազմ սկսեր 2020 թվականին՝ այն գրավելու համար։
Իրականությունն այն է, որ Փաշինյանը հանձնեց Արցախը՝ տապալելով բանակցությունները, անտեսելով Մինսկի խմբի առաջարկները և 2019 թվականին ամբարտավանորեն հայտարարելով. «Ես բանակցություններն սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։ Ալիևը սպառնալից պատասխանեց. «Փաշինյանի հետ բանակցություններն անօգուտ են և անիմաստ… Բանակցություններում հաջողության բացակայության դեպքում Ադրբեջանն իրավունք ունի խնդիրը լուծել պատերազմով»։ Արցախը կորցնելուց հետո Փաշինյանն անհեթեթորեն հայտարարեց, թե Հայաստանը հիմա «ավելի անկախ է, քան երբևէ»։ Ինչպե՞ս կարող է տարածքների և հազարավոր կյանքերի կորուստը երկիրը դարձնել ավելի անկախ։ Արդյո՞ք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կվերադարձնի Արևմտյան ափը, կճանաչի Պաղեստինը, իսկ հետո կհայտարարի, թե Իսրայելն «ավելի անկախ» է դարձել։ Միայն պարտված ղեկավարը կարող է նման անհեթեթ արդարացում հորինել։

Փաշինյանը նաև հերքել է, որ Սպիտակ տանը համաձայնել է 99 տարով ամերիկյան ընկերության վարձակալությանը հանձնել մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի կառավարումը, ինչը հակասում է նախագահ Թրամփի հրապարակային հայտարարությանը։

Օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում Փաշինյանը պարծեցավ. «Կառավարությունը ես եմ։ Ոչ մեկ չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»։ Սա ամենացայտուն ապացույցն է նրա բռնապետական մտածելակերպի՝ չնայած ժողովրդավարական երկիր կառավարելու նրա մշտական պնդումներին։ Հաջորդ առավոտ նա աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ այն բանի համար, որ վերջինս ընդունել էր կառավարության կողմից Սամվել Կարապետյանի էլեկտրացանցի ապօրինի բռնագրավման գործով միջազգային արբիտրաժի վճիռը կատարելու Հայաստանի պարտավորությունը։ Թեև Հայաստանն արբիտրաժային վճռով պարտվել էր, Փաշինյանը կեղծորեն հայտարարեց. «Մենք հաղթել ենք արբիտրաժային դատարանում»։

Ален Симонян

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, չցանկանալով հետ մնալ, սեպտեմբերի 11-ին հանդես եկավ Հայաստանի շահերին հակասող հայտարարություններով՝ կարեկցանք հայտնելով Ադրբեջանին։ Հարցին, թե արդյոք Բաքուն պետք է թույլ տա նույն փոխադարձ ընթացակարգերն Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռների համար, Սիմոնյանը պատասխանել է. «Վերքերը թարմ են թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից։ Բա մենք մարդ չե՞նք սպանել։ Մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից։ Խոսքը դեմ առ դեմ շփման մասին է [սահմանին]… Հարաբերությունների և վստահության վերականգնման այս զգայուն ժամանակահատվածում նպատակն է նվազագույնի հասցնել այդ շփումը։ Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի։ Ադրբեջանը համարում է, որ… Հայաստանն իր երկրի 20 տոկոսը 30 տարի պահել է օկուպացիայի տակ և նույնիսկ մինչև ցեղասպանություն հասնող հայտարարություններ է անում։ Սա նրանց մտածելակերպն է, և ակնհայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է կանխել ապագա հնարավոր ցանկացած սպառնալիք»։ Սիմոնյանը, կարծես, մոռացել է, որ ինքը Հայաստանի Ազգային ժողովի նախագահն է, ոչ թե՝ Ադրբեջանի։

Սիմոնյանը նաև ծաղրել է ընդդիմադիր կուսակցություններին՝ հայտարարելով, որ նրանք «յոթ հոգի մարդ փողոցում չեն կարողանա հավաքել», և պարծեցել, որ եթե իր նկարը դնի փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի։ Ընդդիմության առաջնորդներից մեկը հակադարձել է. «Այո, շատ ավելի մարդ կհավաքվի Սիմոնյանի նկարի շուրջ փողոցում՝ դրա վրա թքելու համար»։

Վերջապես, Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանի սրբազան խորհրդանիշներից հրաժարվելու վերջին օրինակն է նոյեմբերի 1-ից ուղևորների անձնագրերի վրա սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը: Արդյո՞ք կապիտուլյանտ կառավարությունը հաջորդ քայլով երկիրը կվերանվանի «Էրմենիստան»։

Սահմանահատման կնիքը հիմա

Սահմանահատման կնիքը նախատեսվող փոփոխություններից հետո

Քանի որ Հայաստանի կառավարությունը չի պաշտպանում երկիրը, քաղաքացիները պետք է պաշտպանեն այն։ Յուրաքանչյուր զիջում, յուրաքանչյուր ջնջված խորհրդանիշ, թշնամու յուրաքանչյուր հռետորաբանության կրկնություն՝ ևս մեկ քայլ է դեպի ազգային ոչնչացում։ Հայ ժողովուրդը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում, պետք է վերջապես արթնանա և իշխանության բերի նոր առաջնորդների, որոնք կծառայեն Հայաստանի շահերին, այլ ոչ թե՝ նրա թշնամիների։ Պատմությունը չի ների անգործությունը։ Գործելու ժամանակը հիմա է, քանի դեռ գոյություն ունի Հայաստան, որը պետք է պաշտպանել։