
Դավաճանների սպասավորները. Մաս 1. Արթուր Վանեցյան. դավաճանությունը պատիվ չունի
«Մենք չունենք ազնվականություն, առաջնորդներ, ղեկավարներ։ Մեր ունեցածը վաճառականություն ու հոգևորականություն են, վաճառականությունն աղբ է, իսկ հոգևորականությունը միշտ դեմ է անհատի ազատությանը։ Նրանք, ովքեր պատասխանատու են մեր անվտանգության համար, հանցագործ ավազակախումբ են»։
Րաֆֆի
Հայրենիքի կորուստ, հայ բնակչության տեղահանում, անմեղ սպանվածներ, պղծված սրբավայրեր․․․ Այս խոսքերը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին չեն, որի հիշատակը համայն հայությունը հարգում է ամեն տարի ապրիլի 24-ին։ Այս խոսքերն ազգային ողբերգության մասին են, որ հայ ժողովուրդն ապրում է մեր օրերում՝ կապված 2020 թվականին սանձազերծված 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Արցախի կորստի հետ։ Այն մասին, թե ինչպես սա հնարավոր դարձավ, մենք գրել ենք մեր նախորդ նյութերում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի դերին մեր օրերի ազգային ողբերգության մեջ։ Հայաստանի Հանրային տրիբունալ նախագիծը սկսում է հրապարակումների շարք այն մարդկանց մասին, ովքեր պետական դավաճանների իշխանության հենարան դարձան և հանուն սեփական շահի, պաշտոնի պահպանման ու «ծանր աշխատանքով» ձեռքբերված ունեցվածքի պահպանման՝ կատարել են հանցավոր հրամաններ ու ցուցումներ՝ հակառակ Հայրենիքի առաջ իրենց տված երդման։ Այդ մարդկանցից մեկը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է ։
«Թավշյա հեղափոխության» շրջանում Արթուր Վանեցյանը բարձր պաշտոն է զբաղեցրել ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում։
Արթուր Վանեցյանի կենսագրությունից հայտնի է, որ նա 2018 թվականին Սերժ Սարգսյանի կողմից բեմադրված և Նիկոլ Փաշինյանի իրականացրած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ժամանակ եղել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ։ Սա նշանակում է, որ Վանեցյանը ի պաշտոնե եղել է մեր երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկը։ Հասանելիություն ունենալով ԱԱԾ արխիվներին և փակ օպերատիվ տեղեկատվությանը՝ նա չէր կարող չիմանալ «սիրո և համերաշխության հեղափոխության» նպատակների, Նիկոլ Փաշինյանի մերձավոր զինակիցների մութ անցյալի մասին, որոնցից մի քանիսը թուրքական հետախուզական ծառայությունների գործակալներ էին։ Օրինակ՝ այդպիսին էր Հայաստանի ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ինչի մասին հետպատերազմյան շրջանում իր բացահայտումներում հանրությանը ներկայացրեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Մենք հեռու ենք այն մտքից, թե Մինասյանը կարող էր հասանելիություն ունենալ ԱԱԾ գաղտնի տեղեկատվությանը, իսկ նրա ընկերը՝ բարձրաստիճան չեկիստ Վանեցյանը՝ ոչ։ «Թավշյա հեղափոխության» ավարտից հետո՝ 2018 թվականի մայիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Վանեցյանը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ ԱԱԾ ղեկավար կազմին նորանշանակ տնօրենին ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց «թավշյա» հեղափոխության շրջանում գերատեսչության աշխատակիցների «վաստակը»․
«Ամբողջ աշխարհն, առանց չափազանցության, զարմացած է և հիացած, թե ինչպես քաղաքական պրոցեսները, փոփոխությունները տեղի ունեցան առանց մի կաթիլ արյան, ըստ էության, առանց լուրջ բախումների, առանց զոհերի, և ընդհանրապես, այդ ինչպես պատահեց, որ քաղաքական փոփոխություններից հետո երկրում տիրում է ոչ թե վրեժխնդրության, այլ՝ սիրո և համերաշխության մթնոլորտ: Համոզված եմ, որ այս պրոցեսում մեզնից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը և ԱԱԾ ներդրումն ամենևին էլ երկրորդական չէ», - ընդգծել է վարչապետը:
Հաշվի առնելով, որ «թավշյա հեղափոխության» հիմնական իրադարձությունները ծավալվում էին մայրաքաղաքում՝ Փաշինյանի շնորհակալությունն ուղղված էր այդ թվում Արթուր Վանեցյանին:
Ուժային կառույցները՝ որպես PR-ի և Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարի գործիք։
2008 թվականի մարտի 1-ի գործը Նիկոլ Փաշինյանի կարևոր գործիքներից մեկն էր հանրությանը մանիպուլացնելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու և իր իշխանությունն ամրապնդելու համար։ Հենց այս աղմկահարույց գործի շուրջ սկսվեցին ծավալվել Հայաստանի ներքաղաքական հիմնական իրադարձությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց և ԱԱԾ նոր տնօրենի նշանակումից անմիջապես հետո՝ 2018 թվականի հուլիսին: Հակառակ Նիկոլ Փաշինյանի խոստումներին, թե Հայաստանի նախկին իշխանությունների նկատմամբ վենդետաներ չեն լինելու՝ Հայաստանում սկսվեցին քրեական հետապնդումներ, որոնք ակնհայտորեն քաղաքական պատվերի ենթատեքստ ունեին:
2018 թ․ հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու համար ձերբակալեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով:

Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը (այսուհետ՝ ՀՔԾ) Քոչարյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ տարածեց հետևյալ տեղեկատվությունը․
«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»։
Հիշյալ գործով որպես մեղադրյալ է անցնում նաև հանրապետության նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել է 2018 թվականի հուլիսի 3-ին, և Հայաստանից վերջինիս բացակայության պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է քրեական հետախուզում։
Քոչարյանի հարցաքննության օրը որպես վկա ՀՔԾ է հրավիրվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրան համանման մեղադրանք է առաջադրվել։ Քննիչները պնդել են նրա կալանավորումը՝ համապատասխան միջնոիրդությամբ դիմելով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
2019 թվականի սկզբին Սեյրան Օհանյանը դարձավ չորրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որին մարտի 1-ի գործով Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց։ 2008 թվականին նա զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Մամուլի հետ իր շփումներից մեկում աղմկահարույց քրեական գործերի համատեքստում քաղաքական պատվերի առկայության մասին լրագրողի հարցին Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ն քաղաքականությունից դուրս է և քաղաքականությամբ չի զբաղվում:
Ավելի ուշ հրապարակված՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վանեցյանի հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրությունները հերքում են քաղաքական պատվերի բացակայության մասին պնդումները։ Ձայնագրությունները հենց հակառակի մասին են վկայում․ հատուկ ծառայությունները, քննչական մարմինները և դատարանները վերածվել են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի գործիքի, ինչը ՀՀ Քրեական օրենսգիրքը որակում է որպես սահմանադրական կարգի տապալում: Արթուր Վանեցյանն այդ հանցագործության անմիջական մասնակիցն էր, որի համար նախատեսված է պատիժ՝ 15 տարի ժամկետով ազատազրկում: Մեղսակցության վառ ապացույց է Խաչատրյանի հետ Վանեցյանի հեռախոսազրույցից մի դրվագ, որտեղ ԱԱԾ ղեկավարը պատմում է, թե ինչպես է ճնշում գործադրել դատավորի վրա ՝ կալանավորման որոշում կայացնելու համար։
Հետագա իրադարձությունները ցույց կտան, որ հեռախոսային խոսակցությունների սկանդալային ձայնագրությունների «արտահոսքը», որոնք իբր ցույց են տալիս Արթուր Վանեցյանի անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, ըստ էության, Վանեցյանի «ընդդիմադիր» քաղաքական կարիերայի նախապատրաստական փուլ էր։
2018 թվականի ամռան մեկ այլ աղմկահարույց գործը 2008 թվականի մարտի 1-ի գործով կարևոր վկա գեներալ Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդումն էր Արթուր Վանեցյանի գլխավորած ԱԱԾ-ի կողմից: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով 2018 թ․ հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:
Ըստ Մանվել Գրիգորյանի կենսագրության՝ 2008թ. նախագահական վիճահարույց ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ ակնկալիքներ կային, որ Գրիգորյանը և պաշտպանության նախարարի մեկ այլ տեղակալ Գագիկ Մելքոնյանը կոչ կանեն բանակին և Երկրապահ կամավորական միությանը միջամտել իրավիճակին ցուցարարների կողմից՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ 2008 թ․ փետրվարի 21-ին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանդիպել է Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի հետ, և որ նրանք համաձայնել են միանալ ցուցարարներին։ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ճնշվեցին զինվորական ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ։ Այնուհետև նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի 13-ին հայտարարեց, որ «շատ-շատ ափսոսում և ցավում է, որ Մանվել Գրիգորյանը փորձել է մտնել քաղաքականություն և փորձ է արել չենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին»։ 2008 թվականի ապրիլի 2-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գրիգորյանին ազատեց պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: 2012 թվականին տված հարցազրույցում Գրիգորյանը հայտարարել էր, որ թեև 2008 թ․ ցույցերի ժամանակ կային մարդիկ, ովքեր փորձում էին «Երկրապահին» ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, ինքը փորձել է վերջինիս հեռու պահել քաղաքականությունից: Ելնելով դրանից՝ ենթադրաբար Մանվել Գրիգորյանի ձերբակալության հնարավոր դրդապատճառները կարող էին լինել․
- Մանվել Գրիգորյանը կոմպրոմատային տեղեկություններ ուներ 2008 թ․ ցույցերի կազմակերպման գործում Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի դերի մասին, որը հանգեցրեց մարդկային զոհերի։
- Նիկոլ Փաշինյանի վրեժը 2008 թվականին ցուցարարներին Մանվել Գրիգորյանի չմիանալու համար։
- Սերժ Սարգսյանի մտավախությունները, որ Մանվել Գրիգորյանը կարող է վտանգ հանդիսանալ «թավշյա հեղափոխության» նպատակներին հասնելու համար։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելուց անմիջապես հետո չեզոքացրեց Մանվել Գրիգորյանին Արթուր Վանեցյանի ձեռքով՝ միևնույն ժամանակ մնալով ստվերում և իր զինակիցների աչքում պատասխանատվություն չկրելով գեներալի ճակատագրի համար:
Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին՝ 64 տարեկան հասակում COVID-19 համավարակի ժամանակ։ Գրիգորյանն ավելի վաղ ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ անց Արցախում գտնվելուց հետո, որտեղ վարակվել էր COVID-19-ով:
Մարտի 1-ի գործի մեկ այլ վկայի՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մարմինը 2019 թվականի սեպտեմբերի 23-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումով գտնվեց նրա առանձնատանը՝ Բջնիում։ Քննչական մարմինների վարկածով՝ Հայկ Հարությունյանը ինքնասպան է եղել։
«Հայկ Հարությունյանը 1999-ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003-2008 թթ` ոստիկանության պետի պաշտոնը: 2010-2014 թվականներին նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը: Հարությունյանը նաև որպես վկա է անցնում մարտի 1-ի գործով, մասնավորապես՝ 2008 թվականի դեպքերի վերաբերյալ փաստաթղթերի կեղծման փաստով»,- հայտնում է Sputnik Armenia-ն։
«Առավոտ» թերթի համաձայն՝ Հայկ Հարությունյանի մտերիմներն ու ընկերները չեն հավատում հետաքննության՝ ինքնասպանության վերաբերյալ վարկածին։
Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականը և քաղաքական գործունեությունը
2019 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի առաջարկով ազատվել է պաշտոնից։ Իր հրաժարականի մասին Վանեցյանի հայտարարությունը ներկայացնում Է Sputnik Armenia-ն․
«Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,- գրել է Վանեցյանը։
Նրա խոսքով՝ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ «Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- գրել է Արթուր Վանեցյանը՝ խաղաղություն ու անվտանգություն մաղթելով մեր երկրին։
Այստեղ կարևոր է նշել, որ Արթուր Վանեցյանը որևէ կոնկրետ փաստ չի բերել, որը կարող էր լույս սփռել Փաշինյանի դավաճանական իշխանության վրա և սթափեցնել հանրությանը «թավշյա հեղափոխության» արբեցումից։
Արթուր Վանեցյանի քաղաքական կարիերան ՝ Սերժ Սարգսյանի հետ դաշինքում
Շատ վերլուծաբաններ Վանեցյանի հայտարարությունն այն ժամանակ գնահատեցին որպես քաղաքական գործունեության հայտ։ 2019 թ․ ԱԱԾ նախկին տնօրենը հերքում էր քաղաքականությամբ զբաղվելու մտադրությունը, սակայն 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ծավալված ներքաղաքական իրադարձություններն ապացուցեցին փորձագետների գնահատականների ճշմարտացիությունը։ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ղեկավարների 09.11.2020 թ. հայտարարության տեսքով, Արթուր Վանեցյանն ակտիվորեն մասնակցել է բողոքի բոլոր շարժումներին: Արդեն հիմա վստահաբար կարելի է պնդել, որ Արթուր Վանեցյանը, ով ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնավարման ժամանակ «անհաշտ» պայքար էր մղում «նախկինների» դեմ, հրաժարականից հետո իր քաղաքական կարիերան ծավալեց Սերժ Սարգսյանի ճամբարի հետ միասին։ Վանեցյանի վարկանիշի բարձրացման գործում իր լուման շտապեց ներդնել Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
2020 թվականի դեկտեմբերին Մինասյանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, ըստ որի ՝ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանից առաջարկ է ստացել 5 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց հանձնել Արցախի շրջակա 7 շրջանները։ Նրա պնդմամբ՝ առաջարկի փոխանցման միջնորդն Արթուր Վանեցյանն է եղել։
«Անցավ երեք օր ամենակարևոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները․․․ Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար և արդյոք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին»,- Միքայել Մինասյանի խոսքերը մեջբերում է «Հրապարակ» թերթը։


Արթուր Վանեցյանը 2020 թվականի դեկտեմբերին «Հրապարակ» թերթին հարցազրույցում հաստատել է ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու փաստը, այդ թվում՝ Դուբայում։ Սակայն, 5 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց 7 շրջան հանձնելու առաջարկի մասին տեղեկությունը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել․
«Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձեւաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը»,- ասել է Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանի բացահայտումները և Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության փաստն ապացուցող տեղեկություններ հրապարակելուց Արթուր Վանեցյանի հրաժարվելը տեղի են ունեցել 44-օրյա պատերազմում պարտությունից հետո։ Եթե ադրբեջանական կողմի՝ 7 շրջանները վաճառելու առաջարկի մասին տեղեկությունը ճիշտ չէ, ապա Վանեցյանը պետք է միանշանակ հերքեր։ Փաստորեն, ծառայության բերումով ստացված գաղտնի տեղեկությունները չհրապարակայնացնելով նա հաստատել է ադրբեջանական կողմի՝ Մինասյանի կողմից մատնանշված առաջարկների առկայությունը։
Սպայի պատիվը պետք է դրդեր երկրի ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչության ղեկավարին ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և նրան պետական դավաճանության մեղադրանք առաջադրել։ Սակայն, Արթուր Վանեցյանն ընտրել է իշխանությունների դեմ քաղաքական պայքարի իմիտացիայի ճանապարհը, ինչը նրան դարձնում է Նիկոլ Փաշինյանի հանցակիցը Հայաստանի Հանրապետության դեմ նրա կատարած հանցագործություններում:
Արթուր Վանեցյանի ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքը, որը Սերժ Սարգսյանի ՀՀԿ կուսակցության յուրատեսակ մասնաճյուղն է, 2021 թվականի ընտրություններում արջի ծառայություն մատուցեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած հիմնական ընդդիմադիր ուժին։
«Պատիվ ունեմ» կեղծ ցուցանակը՝ որպես ընդդիմադիր դաշտը վերահսկելու և Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելու գործիք
Ամփոփելով Արթուր Վանեցյանի գործունեությունը՝ կարելի հետևյալ եզրահանգումներն անել․
ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատարանները 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով ստիպեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ինչի մասին երկրորդ նախագահն ակնարկել էր իր հարցազրույցներից մեկում։
Հենց Ռոբերտ Քոչարյանի՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական պայքարի մեջ մտնելը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տվեց հիմնական քարոզարշավ կառուցել «նախկինների» վերադարձի վտանգի շուրջ։ Այդ ժամանակ հակաքոչարյանական երկարամյա քարոզչությունը, որը գործի դրվեց 2008 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության գալուց անմիջապես հետո, Հայաստանի երկրորդ նախագահին վերածեց կոռուպցիայի և անօրինականության մարմնավորման, ինչը բացառեց ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների ավելի լայն աջակցության հնարավորությունը «Հայաստան» դաշինքին։
Արթուր Վանեցյանի կողմից Սերժ Սարգսյանի հետ համատեղ ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը կարևոր դեր խաղաց հասարակությունը մասնատելու գործում, ինչը բացառեց ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների միավորման հնարավորությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարելու գործում։ Քարոզչության շնորհիվ ձևավորված երկրորդ և երրորդ նախագահների կապի պատրանքը կոչված էր հանրային գիտակցության մեջ ամրապնդելու «ղարաբաղյան կլան» նարատիվը և նպատակ ուներ վարկաբեկելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Քոչարյանի դեմոնիզացիայի նպատակը ընտրություններին բարձր մասնակցություն թույլ չտալն էր, ինչպես նաև «խաղաղության դարաշրջան» բերած Փաշինյանին որպես միակ այլընտրանք ներկայացնելը։ Այս գործունեության հետևանքը դարձավ ընդդիմության ընտրական ռեսուրսի նվազումը և Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։
Այսօր վստահաբար կարելի է պնդել, որ 2018 թ․ Քոչարյանի կալանավորումը 2021 թ․ արտահերթ ընտրությունների նախերգանքն էր։ Հայտնի է, որ արտահերթ ընտրությունների պատճառը 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունն էր, ինչը վկայում է այդ բոլոր իրադարձությունների ծրագրված բնույթի մասին։ Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումը, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը և պատանդներ վերցնելը, ապրիլյան քառօրյա պատերազմը, «թավշյա հեղափոխությունը», իրավապահ մարմինների և դատարանների նկատմամբ վերահսկողության հաստատումը, 2020 թվականի պատերազմը և Հայաստանի պարտությունը, հետպատերազմյան շրջանի ներքաղաքական իրադարձությունները մի մեծ հանցագործության բաղկացուցիչ մասերն են։ Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» ցուցանակի ներքո կարևոր դերակատարում է ունեցել սցենարի իրականացման գործում, որի հետևանքը եղավ Արցախի կորուստը, հազարավոր զինվորների մահը, հայ բնակչության տեղահանումը և Հայաստանի ազգային անվտանգության համակարգի կրիտիկական փլուզումը։

