Артур Давтян

Արթուր Սարգսի Դավթյան

Կենսագրություն

Արթուր Սարգսի Դավթյան՝ հայ պետական գործիչ, իրավաբան։ 2016 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ։ Արդարադատության առաջին դասի խորհրդական։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

1995–1999 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատում, 1999–2001 թվականներին՝ մագիստրատուրայում, իսկ 2001–2004 թվականներին՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։

2000-2006 թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս։

2006-2007 թ.-ին եղել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ:

2007-2008 թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, 2008-2012թթ.՝ նույն վարչության պետի տեղակալ:

2012-2013 թթ. եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ:

2013-2016 թթ.՝ Երևան քաղաքի դատախազ:

2016թ. հունիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

2016 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Դավթյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ:

Արթուր Դավթյանի հետ կապված ամենաղմկոտ քրեական գործերից մեկը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն էր՝ 2008 թվականի մարտին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։
Քոչարյանի նկատմամբ գործը հարուցվել է 2018 թվականին՝ 2008 թվականի մարտի զանգվածային անկարգությունների հետաքննման շրջանակներում։ Գործով անցնող անձանց թվում են եղել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

2018 թվականի հունիսի 18-ին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և որպես խափանման միջոց կալանք կիրառելու թույլտվություն ստանալու համար։

2019 թվականի դրությամբ դասախոսել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Երևանի պետական մանկավարժական համալսարանում:

2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնավարման վեցամյա ժամկետի ավարտի բերումով թողել է պաշտոնը:

Պարգներ

Ունի գերատեսչական պարգևներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և այլոց կողմից:

2017 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով «օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։