
Արթուր Գագիկի Վանեցյան
Կենսագրություն
Արթուր Գագիկի Վանեցյան՝ հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ 2018 թ․ սեպտեմբերի 22- ից մինչև 2019 թ․ նոյեմբերի 21-ը եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երևանում։ 1995 թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1997-1999թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
1999 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, 2003 թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը (հեռակա)։
Գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիան։
Աշխատանքային գործունեություն
2000թ. դեկտեմբերին ծառայության է անցել ՀՀ Ազգային անվտանգության մարմիններում՝ որպես կրտսեր օպերլիազոր: 2002թ. վերապատրաստվել է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիայում: 2015թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, բազմիցս խրախուսվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի և Պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից:
2016-2018 թթ․ զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը։
2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ 2019 թ․ սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի առաջարկով ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
2018 թվականի սեպտեմբերի 22-ին Արթուր Վանեցյանը, լինելով միակ թեկնածուն, ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
2020 թվականի նոյեմբերի 10-ից Վանեցյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ վարչապետի հրաժարական պահանջով բողոքի ցույցերին՝ կապված Արցախում հրադադարի մասին հայտարարության ստորագրման հետ։ Նոյեմբերի 14-ին փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ նրան ձերբակալել են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով։
Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդներից է։ Հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը:
2022 թվականի փետրվարի 17-ին Արթուր Վանեցյանն ուղիղ եթերով դիմել է մարդկանց՝ Ազատության հրապարակ գալու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առնչությամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման դեմ իրենց բողոքն արտահայտելու խնդրանքով։

