
Արարատ Սամվելի Միրզոյան
Կենսագրություն
Արարատ Սամվելի Միրզոյան (ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-֊ին Երևանում)՝ պետական-քաղաքական գործիչ: 2021 թվականի օգոստոսի 19-ից Հայաստանի արտաքին գործերի նախարար:
2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
2004թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով «պետական ծառայողի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում»:
2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։
2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։
2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում։
2011 թվականին դարձել է «Ռեգնում» լրատվական գործակալության վերլուծաբան:
2012-2013 թթ. աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող։
2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում։ Միրզոյանի խոսքով՝ իրեն հեռացրել են համալսարանից ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին քննադատելու և ուսանողական դասադուլներին մասնակցելու համար։
2013-2015 թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար:
2014-2017 թթ. աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թվականից հանդիսանում է կուսակցության վարչության անդամ։ 2017 թ. խորհրդարանական ընտրություններում պատգամավոր է դարձել «Ելք» կուսակցությունների դաշինքի ցուցակով:
2018 թվականի ապրիլին աջակցել է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու դեմ բողոքի ցույցերին։
2018 թվականի ապրիլի 22-ին նա և բողոքի ցույցերի այլ առաջնորդներ ձերբակալվեցին ոստիկանության կողմից՝ անօրինական զանգվածային հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով: Հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեցին։
2018-2019թթ. եղել է ՀՀ առաջին փոխվարչապետ:
2019 թվականի հունվարի 14-ին ընտրվել է ԱԺ նախագահ:
2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ Միրզոյանին ծեծի են ենթարկում Ադրբեջանի հետ համաձայնագրի դեմ բողոքող ցուցարարները։
2021թ. օգոստոսի 19-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Պարգևներ.
- ՀՀ ՊՆ պատվոգիր (2016թ.)
- Սուրբ Գրիգոր Մեծի շքանշան (2023, Վատիկան)

