44-օրյա պատերազմի «Ճշմարտության և խաբեության այլաբանությունը»

Ֆլամանդացի գեղանկարիչ Կրիսպին վան դեն Բրոքի «Ճշմարտության և խաբեության այլաբանությունը» կտավում երկու կնոջ կերպար է, որոնք մարմնավորում են ճշմարտությունն ու սուտը։ Կտավում սուտը պատկերված է ծածկոցով, ձեռքում պահում է քար՝ գանգի պատկերով, որպես խորհրդանիշ այն բանի, որ ստի հարվածը կարող է անսպասելի և մահացու լինել։
Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ ստի եւ խաբեության մարմնավորումը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր: Չարաշահելով, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» հետևանքով Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը՝ Հովհաննիսյանը պատերազմի ողջ ընթացքում «Հաղթելու ենք» ոգեշնչող կարգախոսով ապատեղեկատվություն էր տարածում մարտական գործողությունների ընթացքի մասին՝ այդպիսով հասարակության շրջանում կեղծ վստահություն ձևավորելով Արցախի Պաշտպանության բանակի մոտալուտ հաղթանակի վերաբերյալ:
08.10.2020-ին Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմեց համայն հայությանը.
«Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող, սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց մենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ ունենք։ Եվ, ի վերջո, մենք ի տարբերություն թշնամու, չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում։ Մենք ունենք Սփյուռք։ Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հային, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի։ Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատը ու մղի իր պայքարը»:
Սփյուռքն արձագանքեց կոչին: Բազմաթիվ կազմակերպություններ, անհատներ օգնություն հավաքեցին Արցախի համար: Ամբողջ աշխարհում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ էին դիմում ինքնակամ ռազմաճակատ մեկնել ցանկացողները: Կան սփյուռքի ներկայացուցիչների բազմաթիվ վկայություններ դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցների հավաստիացումների վերաբերյալ, որ կամավորների կարիք չկա, և հայկական բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը ռազմաճակատում: Ըստ որում, կոչ են արել ֆինանսական միջոցներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամ կամ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:
Բացի այդ, Հայաստանում պատերազմի առաջին օրերին ընդունվեց վարձկանության համար պատժի մասին օրենք, ինչը լուրջ խոչընդոտ դարձավ Արցախին օգնության մեկնել ցանկացող ռուս կամավորականների համար: Այս առնչությամբ Դոնբասի կամավորականների միության վարչության նախագահ Ալեքսանդր Բորոդայն ասել է․
«Նիկոլ Փաշինյանն, ըստ երևույթին, գող չէ, բայց, ցավոք, դա նրա միակ առաքինությունն է: Նա ամերիկյան ագենտուրայի մաս է կազմում: Եվ հիմա իշխանության ղեկին մարդիկ են, որոնք, մեղմ ասած, անբարյացակամ են տրամադրված Ռուսաստանի հանդեպ: Հիմա դիմում եմ բոլոր կամավորներին՝ առայժմ որևէ տեղ շարժվել պետք չէ: Այո, մեր ռուս կամավորականներին շատ են սպասում Ղարաբաղում, բայց այնտեղ մեկնել պետք չէ, քանի դեռ Երևանում ոչ բարեկամ, արևմտամետ կառավարություն է: Ի դեպ, օրերս նրանք ընդունեցին վարձկանության համար պատժի մասին օրենք: Ճիշտ ժամանակին: Դեռ մնում ենք մեր տեղերում, մինչև փոխվի քաղաքական իրավիճակը»
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան ամենօրյա գրառումներն ուղեկցվում էին «Հաղթելու ենք» հեշթեգով։ Ճեպազրույցների ժամանակ և հեռուստատեսությամբ տված տարբեր հարցազրույցներում Արծրուն Հովհաննիսյանը ժողովրդին վստահեցնում էր, որ հայկական բանակի հարվածները կործանարար են, հայկական բանակը անպարտելի է: Թշնամու՝ կենդանի ուժի և տեխնիկայի ներկայացվող կորուստները վերջինիս անխուսափելի ջախջախման տպավորություն էին ստեղծում, իսկ հայկական զորքերի կողմից տարածքային կորուստները Հովհաննիսյանը ներկայացնում էր՝ որպես «մարտավարական նահանջ» կամ «ավելի շահեկան դիրքերի զբաղեցում»։ Մասնավորապես, 20.10.2020 թ.-ին նա իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»:
Մինչդեռ, 2020 թ. հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Կովսականի (Զանգելան) գրավման մասին։
Բավական է հիշել «Գյոռբագյոռ» գործողության, «Զանգելանի կաթսայի» մասին հոխորտանքն ու պարծենկոտությունը, Գյանջայի ավերված օդանավակայանի հրապարակված լուսանկարները, որոնք, ինչպես պարզվեց, Լուգանսկի ավերված օդանավակայանի լուսանկարներ էին։
2020 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց, որ երկրի բանակը վերահսկողություն է տակ է վերցրել Լեռնային Ղարաբաղի մի քանի բնակավայր, այդ թվում՝ Հադրութը:


Սակայն, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Ես հենց հիմա Հադրութում եմ և, չգիտես ինչու, մենակ հայերի եմ տեսնում»:
Հիշենք, որ աշխատանքից ազատվելուց հետո Արծրուն Հովհաննիսյանը, որպես պատերազմի օրերին ստելու արդարացում, վստահեցրել էր, որ հայրենակիցներին տրամադրած բոլոր տեղեկությունները հիմնված են եղել Գլխավոր շտաբի և Պաշտպանության բանակի տեղեկատվության վրա։
Արդեն պատերազմից հետո պարզվեց, որ Ալիևը ճշմարտությունն էր ասում, իսկ Արծրուն Հովհաննիսյանը՝ ստում էր։

Մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, թե ինչպես են Արծրուն Հովհաննիսյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի պատշգամբում քննարկում 44-օրյա պատերազմի տեղեկատվական օրակարգի հարցերը։ Ստացվում է, որ պատերազմի ժամանակ պետական քարոզչության ռազմավարությունը որոշվել է ոչ թե Գլխավոր շտաբի, ոչ թե երկրի Անվտանգության խորհրդի, այլ՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցի պատերի ներսում։
Առանց չափազանցության կարելի է ասել, որ այդ օրերին ամբողջ հայ ժողովուրդն ամեն օր սպասում էր Արծրուն Հովհաննիսյանի հետ Պաշտպանության նախարարության հերթական ճեպազրույցին՝ նրան համարելով Արցախում ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ամենահուսալի աղբյուրը։ Պատկերացրեք մարդկանց հիասթափությունը, երբ 09.11.2020 թ.-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնեց.
«Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր չի կարողանա ամենօրյա ճեպազրույց անցկացնել, նրան կփոխարինի Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը»։
Այդ նույն օրը հայ ժողովուրդը միանգամայն անսպասելի կերպով առերեսվեց պատերազմում պարտության սարսափելի փաստին, որն արձանագրվեց Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 09.11.2020 հայտարարությաբ։
Արծրուն Հովհաննիսյանի ստի հարվածն Արցախի համար անսպասելի և մահացու դարձավ։
Հ.Գ. Պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանը և Ստյոպա Սաֆարյանը կատարած պարտքի զգացումով հաճելի ժամանակ են անցկացնում Միլանում՝ մի բաժակ սուրճ և սիգար վայելելով:


